Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են խուճապի մեջ գտնվելով՝ ցանկացել այդ շրջանը հանձնել․ Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 05,2020 21:27

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում թույլ տվեց, ինչը իմ, իմ նման շատերի և կարծում եմ՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, ՊԲ հրամանատարության, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարության և 7-րդ Պաշտպանական շրջանի (ՊՇ) զինծառայողների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Փաշինյանն ասում է, որ պատերազմի ընթացքում մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել և այդ որոշման շնորհիվ 7 ՊՇ-ն (Եղնիկներ) իր տեղում է, որովհետև ոմանք, խուճապի մեջ լինելով, ցանկանում էին այդ շրջանն էլ հանձնել։

Պատկերացնում եմ, թե վարչապետի այս հայտարարությունը ինչպիսի տհաճությամբ են ընդունել ՊԲ 7 ՊՇ զինծառայողները, մանավանդ, որ նրանք այս պահին էլ շարունակում են իրենց ծանր, սակայն անչափ պատասխանատու ծառայությունը։

Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը՝ Կարո Ջալավյանը, ով ոչ միայն այս պատերազմին, այլ 1990-ականներից, տարբեր հրամանատարական օղակներում, գերազանց ծառայություն է տարել ՊԲ շարքերում․ պատերազմի օրերին 7ՊՇ-ն նրա հրամանատարությամբ գերազանց է կատարել իր ծառայությունը։

Կարծում եմ՝ Արցախի նախագահը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՊԲ հրամանատարն այս առումով ասելիք ունեն, որովհետև այդ որոշման կամ դրա քննարկումների մասին միայն նրանք կարող էին իմանալ, էլ չեմ ասում, որ վարչապետի մեղադրանքի սլաքը նրանցից ոմանց է ուղղված, եթե ոչ նրանց բոլորին։

Հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում եղել և ովքեր են խուճապի մեջ գտնվելով՝ ցանկացել այդ շրջանը հանձնել կամ արդյո՞ք վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը (այնպես չէ, որ մարդիկ վարչապետի ասածը «հալած յուղի պես ընդունում են»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031