Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղու վիճակը դաժան է՝ զենքը գլխին պահած, կստիպեն ադրբեջաներեն ինչ-որ բան կրկնել»․ փակ էր Հոռոմի խաչմերուկը

Դեկտեմբեր 18,2020 17:07

Շիրակի մարզից Խծաբերդի հատվածում շրջափակման մեջ հայտնված կամ գերի ընկած կամավորների հարազատները, հարևաններն այսօր փակել էին մարզի գրեթե բոլոր ճանապարհները։ Նրանք նշում են, որ իրենց պահանջը մեկն է՝ միջոցներ ձեռնարկեն զավակներին անփորձանք տուն վերադարձնելու։

Իրենց ձայնը լսելի դարձնելու համար փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Լանջիկի հատվածը, նույն մայրուղու Հոռոմի խաչմերուկը, այնուհետ Բենիամինի կամուրջը։ Հավաքվածներ կային նաև Քեթիի հատվածում՝ Գյումրի-Բավրա տանող ճանապարհին։ Մի մասն էլ հավաքվել էր Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի դիմաց։ Նրանց այստեղ ընդունել են, զրուցել։

Այս պահին էլ Շիրակի մարզպետարանի շենքում փակ հանդիպում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Ռուսական հյուպատոսարանում նրանց ասել են, որ այս հարցով լրջորեն զբաղվում են, բանակցություններն ընթանում են ու արդյունքները փոխանցվում են անձամբ Վլադիմիր Պուտինին։ Այստեղ հուսադրել են, թե լավ կլինի՝ տղաները կենդանի հետ կգան։

Հարազատներն ասում են, որ իրենց բողոքի ցույցերը քաղաքական չեն, իրենք քաղաքականության հետ գործ չունեն, միակ խնդրանքը վայրկյան առաջ զինվորներին տուն բերելն է։

«Եկել, ռուսի ոտքը կխնդրենք, որ մեր էրեխեքին մի վայրկյան առաջ ազատեն գերությունից, շուտ տուն հասնեն», -ասում են հարազատները։

Հոռոմի խաչմերուկն ու Բենիամինի կամուրջը փակած ցուցարարներն էլ ասացին, որ իրենք պայքարում են զինվորների համար․ մի ելք գտնեն, նրանց տուն բերեն։

Հոռոմի բնակիչները նշեցին, որ միայն իրենց գյուղից երեք գերի կա, մի հոգի էլ անհայտ կորած։ Երկուսը խաղաղ պայմաններում են հայտնվել գերության մեջ։

«Պայքարում ենք, որ մեր խոսքը տեղ հասնի, մեր էրեխեքի համար մի լուծում գտնեն։ Մեր հարևաններն են․ 3 օր է՝ չկան։ Երեկ նայեցինք, տեսանք, որ մեր Անդոն դաժան վիճակի մեջ է, գերի է ընկել։ Սա սարքած գործ էր՝ Շիրակի մարզի էրեխեքի գլխին սարքեցին»,- ասաց Հոռոմի բնակիչներից մեկը։

Մյուսն էլ հավելեց, որ Հոռոմի բնակիչներից միայն մեկին են տեսել տելեգրամյան ալիքներով՝ զենքը գլխին պահած, ստիպում են ադրբեջաներեն ինչ-որ բան կրկնել։

«Մեկի համար կարող ենք հարյուր տոկոսով ասել, որ գերի է, որովհետև տեսել ենք վիդեոները տելեգրամյան ալիքներով, մյուսից էլ տեղեկություն չունենք։ Մեր պահանջն ՝ բոլոր քայլերը ձեռնարկեն, մեր տղեքին շուտ հետ բերեն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031