Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ինչ-որ լուրջ ասելիք եմ ունենում, երաժշտությունն ու բառերն այցի են գալիս». երգահան

Հունվար 01,2021 23:02

Վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտավ համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը երգահան, հեղինակ-կատարող, ստեղծագործող Գայանե Թադևոսյանի կատարմամբ։ Նա սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնում եղել է մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ գրական ու երաժշտական մրցույթների, արձակ ու չափածո ստեղծագործություններն էլ հրատարակվել են նաև առանձին գրքով: Գայանեն սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Հարցազրույցին նախապատրաստվելիս մի փոքր զարմացա, երբ տեղեկացա, որ սովորել ես ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Ինչպե՞ս երաժշտությամբ և ստեղծագործելով հետաքրքրված Գայանեն ընդունվեց այդ ֆակուլտետ։

– Այդ հարցն ինձ բոլորն են տալիս։ Մայրիկիս հետ պայմանավորվել էինք, որ անպայման իմ սիրելի գործով եմ զբաղվելու, բայց միայն բարձրագույն կրթություն ստանալուց և ավարտական դիպլոմը վերցնելուց հետո։ Իսկ հիմա մտածում եմ, որ ԵՊՀ ընդունվելն ինձ համար լավագույն որոշումն էր, որովհետև այն ինձ շատ բան տվեց։ Ես հաճախում էի ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոն, սկզբում՝ վոկալի, հետո՝ կիթառի, թատրոնի բաժիններ, որ հագեցնեի մշակութային քաղցս։ Երբեմն կատակով ասում ենք՝ ընդունվեցի ԵՊՀ՝ միջազգայնագետ դառնալու համար, բայց ավարտեցի՝ որպես երգահան։ Մանկուց երաժշտություններ էի հորինում, իսկ դպրոցական տարիներին Ապարանի «Բազիլիկ» ռոք խմբում լուսահոգի Արծվիկ Քոչարյանն ինձ հնարավորություն տվեց գործիքավորել հեղինակային երգերս։
Իսկ համալսարանական տարիներին սկսեցի մի շարք մրցույթների մասնակցել։ Օրինակ՝ «Անկախության սերնդի ձայնը» հեղինակային երգի մրցույթ-փառատոնը, որտեղ հեղինակածս «Քնիր, սիրտ իմ» երգը ճանաչվեց լավագույն զուգերգ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից կամ 2018թ․-ին ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ կազմակերպված ԵՊՀ-ին նվիրված հեղինակային երգի մրցույթը, որտեղ «Հոգուս օրրան համալսարան» ստեղծագործությունս դարձավ հաղթած երեք երգերից մեկը։

Վերջինիս մասնակցել այդ ժամանակ շատ էի վախենում, որովհետև մրցակիցները հայտնի և պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ էին։ Մշակույթի կենտրոնի տնօրենին՝ տիկին Դավթյանին, ասացի, որ չեմ ցանկանում մասնակցել մրցույթին, որովհետև նախ ինքնուս եմ ու վստահ եմ, որ ինձ որևէ տեղ չեն տա, հետո էլ պարտություններ չեմ սիրում։ Սակայն տիկին Դավթյանը հորդորեց անպայման մասնակցել։ Սկզբում գրեցի երգը երգչախմբի համար՝ եռաձայն, քառաձայն։ Հետո երազ տեսա (երազներս անպայման ժամանակի ճշտությամբ կատարվում են), որտեղ հենց մրցույթի ժամանակ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը մոտեցավ ինձ ու ասաց՝ Գայանե ջան, երգի այսինչ հատվածը լավ կլինի՝ եռաձայն դարձնես։ Արթնացա, դարձրի ու մրցույթի օրը հասկացա, որ երգիս համար դա շատ կարևոր էր։ Երգս երեք լավագույն երգերի շարքում հայտնվեց։ Իսկ հետո նաև տեսահոլովակ նկարեցինք։

Ասեմ նաև, որ ստեղծագործում եմ ու 2017թ․-ին ես, Գաբրիել Փանոսյանը և Մերի Բադալյանը հեղինակեցինք «Լույսը խավարում» գիրքը։ Գրքում ընդգրկված է չափածո և արձակ ստեղծագործություններիս մի մասը։

Նշեցիր, որ գրքում տեղ են գտել եւ արձակ, եւ չափածո ստեղծագործություններդ: Արձա՞կն է ավելի հոգեհարազատ, թե՞ չափածոն:
– Չգիտեմ։ Մարդիկ ասում են, որ ինձ մոտ երկուսն էլ ստացվում են։ Սկզբում ինձ փորձում էի չափածոյի մեջ, հետո հասկացա, որ արձակն ինձ ավելի հոգեհարազատ է։ Եվ արձակում, եւ չափածոյում , կարծում եմ, պետք է հանգավորում և երաժշտական գիծ: Այսինքն՝ չեմ կարող ասել, թե ինչն ինձ ստիպեց անցնել արձակի։

Իսկ գրելիս սկզբում երաժշտությու՞ն ես ստեղծել, թե՞ երկուսը մեկում։

-Երեւի միաժամանակ: Երբ լուրջ ասելիք եմ ունենում, վրդովված եմ լինում կամ էլ փորձում ինչ-որ պահի ինչ-որ բաներ հասկացնել, երաժշտությունն ու բառերն անմիջապես այցի են գալիս։ Ստեղծագործելու ժամանակ անգամ խոսում եմ իմ հերոսների հետ, ու այդ ձևով իրենք կենդանանում են։ Զգացածս, տեսածս ու ապրածս են դառնում ստեղծագործություններիդ հիմքը։ Նաեւ գրում եմ այն ամենի մասին, ինչի մասին երազում եմ։ Այն ամենը, ինչն անհնար է իրական կյանքում, ես նյութականացնում եմ և իմ ստեղծագործություններում իրական դարձնում։

– Երազկոտ ես փաստորեն։

– Երազկոտ եմ կամ էի, հիմա հստակ չեմ կարող ասել , որովհետև պատերազմից հետո շատ բան փոխվեց իմ ու բոլորիս մեջ. ռեալիզմը հաղթեց ռոմանտիզմին։

Հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ ստեղծագործել սկսելուդ պատճառը դաշնամուրի դասերին ծուլությունդ էր, հիմա է՞լ է քո ստեղծագործելու պատճառը ծուլությունդ, ինչ-որ բանից փախչելը։

– Ոչ, հիմա ստեղծագործություններիս մեջ անդրադառնում եմ այն երևույթներին, որոնցից փորձել եմ ժամանակին փախչել։ Պարզապես երաժշտության դասերին շատ դժվար եմ գնացել, ինձ թվում էր՝ թղթից այն կողմ գրված նոտաներն ինձ հրամայում են։ Ասում են՝ դու պետք է այսպես նվագես, ես ինչ-որ ճնշում էի զգում իմ հանդեպ։ Իսկ ես սիրում եմ նորը ստեղծել, որովհետև արդեն եղածը ինչ-որ մեկը 100 տոկոսով լավ կատարել է:

– Իմպրովիզների սիրահար ես։
– Միանշանակ։ Վերջերս համշենական երգերի մշակումներ արեցի, որոնց մեջ դրեցի իմ ձեռագիրը, այսինքն՝ ամբողջապես կրկնություն չարեցի։ Երգի մեջ գործածված էր բացառապես իմ ձայնը, ու չկար որևէ երաժշտական գործիք։ Փորձել եմ ամբողջն իմ ձայնի միջոցով գործիքավորել։ Ձայնարկությունների հատվածն էլ իմ հեղինակային երաժշտությունն է։ Ցանկացած երգ վերցնելիս ես իմ ձեռագիրն եմ դնում. եթե ինչ-որ բան պիտի մատուցես, ուրեմն՝ նորովի։

Ի դեպ համշենական երկու երգերի մշակումներիցդ մեկը շատ մեծ դիտումներ հավաքեց, բավական լավ տարածում գտավ։ Շատ էի զարմացել։ Ինչպես ես գիտեմ՝ այդ ֆորմատն այդքան էլ տարածված չէր։ Համենայն դեպս՝ Հայաստանում չեմ հանդիպել նմանատիպ կատարումների։ Ես որոշեցի, որ էդպիսի ֆորմատով երգեր պիտի թողարկեմ։ Արեցի, բայց բացարձակ չէի սպասում նմանատիպ արձագանքի։ 2-3 օրում երգս 100.000 և ավելի դիտում հավաքեց, արժանացավ հայտնի մարդկանց ուշադրությանը և բարձր գնահատականներին։ Ինձ համար մեծ նվաճում էր առանց որևէ գովազդի հասնել նման արդյունքի։ Նախապես ընկերներիս գրել էի, որ իրենց արձագանքից կախված կլինի՝ կշարունակե՞մ այդ ֆորմատով ստեղծագործել, թե ոչ։

Ո՞րն է քո ամենամեծ ձեռքբերումը։

– Երգս, նաև կոմպոզիտորական մրցույթում հաղթանակս, որովհետև այն ինձ ուժ տվեց։ Ժամանակ կար՝ ես շատ էի նեղսրտում, երբ ինձ ասում էին «ինքնուս ստեղծագործող», որովհետև ողջ կյանքս դրանով էի զբաղվել։ Ի՞նչ տարբերություն՝ ստացել եմ համապատասխան դիպլոմ, թե՝ ոչ։ Մեր հասարակության մեջ կան մասնագետներ, որոնք նոր-նոր քայլեր անող երիտասարդներին վերևից են նայում՝ փորձելով «կտրել» նրանց թևերը։ Իրենք մտածում են, որ եթե դու չունես համապատասխան կրթություն և որակավորում, պետք է պարզապես ուրիշ գործով զբաղվես։ Իմ առաջ նաև այդ խնդիրն էր դրված։

Մի երաժիշտ կար, ում կարծիքն ինձ համար չափազանց կարևոր էր, բայց նախքան մրցույթը չէր հավատում իմ ուժերին և վերևից էր նայում՝ մտածելով՝ դե գործովդ զբաղվիր էլի։ Մրցանակի արժանանալուց հետո եկավ, բռնեց ձեռքս, համբուրեց ու ասաց՝ ապրե՛ս, Գայանե ջան։ Դա իմ կյանքն ամբողջությամբ գլխիվայր շուռ տվեց։ Հենց այդ օրվանից էլ հպարտությամբ ասում եմ, որ, այո՛, ես ինքնուս ստեղծագործող եմ. ստեղծում եմ այն, ինչ սիրտս է թելադրում։

– Իսկ առաջիկայում ի՞նչ անելիքներ ունես։

-Նոր երգեր եմ թողարկելու։ Հիմա մի պատմվածքի վրա եմ աշխատում՝ «չՊատերազմ» Է կոչվում, որը շուտով կհրապարակեմ։ Վերջերս նաև ֆիլմերի համար երաժշտություն գրելու առաջարկություններ եմ ստացել:

Զրույցը՝ Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031