Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է անեն նրանք, ովքեր ստացել են ռազմական գույքին պատճառված վնասը հատուցելու ծանուցագրեր

Հունվար 02,2021 16:17

Ալեքսանդր Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրառում էր արել. «Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ։ Հիմա հետ են պահանջում, բնականաբար, որևէ մեկը չունի, հասկանում եք, չէ՞, որտեղից ենք եկել, և հիմա գումար են պահում` զինգրքույկը վերադարձնելու պայմանով»։

Որքանով է ՊՆ-ի այս պահանջը իրավաչափ ու ինչ պետք է անեն բոլոր նրանք, որոնք ստացել են ռազմական գույքին պատճառված վնասը հատուցելու նախատոնական ծանուցագրեր։ «Փաստինֆո»-ի խնդրանքով հարցին անդրադարձել է իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանը` նշելով, որ, իհարկե, ռազմական գույքը (տվյալ դեպքում՝ ուսապարկ, ջրաման և այլն), պետք է հավուր պատշաճի օգտագործել և զորահավաքի ավարտից հետո վերադարձնել, սակայն այդպիսիք չվերադարձնելն ինքնին հիմք չէ, որպեսզի անվերապահորեն դիմեն՝ դրանց դիմաց գումար վճարելու պահանջով։

Պարոն Դանիելյանը պարզաբանել է, որ այս ոլորտին առնչվող հարցադրումների հիմնական մասը կանոնակարգված է «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» օրենքով, ըստ որի՝

ա) առանց սահմանված կարգով ծառայողական քննության (որի միջոցով հարկ է պարզել վնասի պատճառները, չափերը և մեղավորներին) որևէ մեկն իրավասու չէ սոսկ գույքի բացակայության փաստը հիմք ընդունելով, ծանուցումներով պահանջներ ներկայացնել։ Ծառայողական քննություն կարող է չնշանակվել, եթե վնաս պատճառելը, դրա չափերն ու մեղավոր անձինք պարզվել են դատարանի կողմից, ստուգման, վերստուգիչ-վերահսկիչ գործունեության, հետաքննության և նախաքննության արդյունքում՝ կոնկրետ անձանց առնչությամբ,

բ) զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով։ Իսկ այս հանգամանքները պետք է պարզվեն բացառապես «ա» կետում նշված եղանակներով։

գ) վնասի չափը և դրա համար մեղավոր անձը ծառայողական քննությամբ պարզելուց հետո վերադաս հրամանատարը (պետը), ծառայողական քննության ավարտից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, պատճառված վնասը հատուցելու հայցով դիմում է ԴԱՏԱՐԱՆ, բացառությամբ այն դեպքի, երբ պատճառված վնասը զինծառայողը կամավոր է հատուցում նաև մինչեւ զորամասի հրամանատարի (պետի)` վնասը հատուցելու հայցով դատարան դիմելը, եթե նա համաձայն է իրեն ներկայացվող նյութական պատասխանատվության պայմաններին և վնասի հատուցման չափերին։

«Հավելեմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայությանն է հավասարեցված նաև զորահավաքային ծառայությունը, պարզապես, մեղքը հաստատվելու դեպքում, վերջիններս վճարում են ոչ թե պաշտոնային դրույքաչափից, այլ իրենց միջոցներով», – նշել է Գ. Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031