Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորները, մեր երեխաները հաղթել են, մենք չենք պարտվել, պարտվել է մեր իշխանությունը»

Հունվար 20,2021 22:35

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անհետ կորածների և զոհվածների լուսանկարներն են ամրացրել պաստառների վրա։

Պաստառների մոտ գրեթե միշտ մարդիկ կան՝ ոմանք պարզապես նայում են լուսանկարներին, ոմանք իրենց հարազատների լուսանկարներն են փակցնում, ոմանք էլ պարզապես հետևում են, որ լուսանկարները եղանակային պայմաններից չվնասվեն։

Պաստառներից մեկն էլ ռուսերենով վերնագրված է՝ «Россия помоги вернуть наших родных»՝ «Ռուսաստա՛ն, օգնի՛ր վերադարձնել մեր հայրենակիցներին»։

Լորետա Բախշյանը պաստառին էր փակցնում իր հարազատների լուսանկարները՝ որդու և երկու եղբայրների. «Ես Արամ Մկրտչյանի մայրն եմ, հետախույզ Կամո Բախշյանի քույրը, այս պատերազմում և Ապրիլյան պատերազմում կամավոր Մուրադ Բախշյանի քույրն եմ։ Կամո Բախշյանը Մատաղիսում ճակատն առ ճակատ առնչվել է թշնամու հետ և ստացել է ծանր վիրավորում, որտեղ և մահացել է։ Մուրադն էլ մահացել է հունվարի 12-ին՝ ականի պայթյունից։ Արամս էլ սեպտեմբերի 27-ին է զոհվել, առաջին զոհերից է եղել. 30 հոգուց 1 հոգի է ողջ մնացել»։

Տիկին Լորետան լսել է նախաձեռնության մասին և ցանկացել է, որ իր որդու և եղբայրների լուսանկարներն էլ ևս տեղ գտնեն պաստառի վրա․ «Անմեղ զոհեր են մեր երեխաները։ Ուղղակի, մի բան կարող եմ ասել, որ մեր զինվորները, մեր երեխաները հաղթել են, մենք չենք պարտվել, պարտվել է մեր իշխանությունը, մեր երեխաները երբեք չեն պարտվել։ Իրենք սկուտեղի վրա թշնամուն են մատուցել մեր Արցախը։ Հիմա նախարարությունում ում դուռը թակում ես, ինչ հարցով դիմում ես, որ էսպիսի հարց կա, օգնեք, աջակցեք, բոլորը դռները փակում են, սրտները փակում են, ոչնչով չեն աջակցում։ Ես չեմ ասում՝ ինձ հաց տան, ես ուղղակի խնդրում եմ, թղթաբանական հարցեր կան, պետք է աջակցեն մարդկանց։ Մեր երեխաները ավելի չեն եղել»։

Նա կարծում է, որ Ստեփանակերտի կենտրոնում փակցված նկարները օգնում են զոհերի և անհետ կորածների հարազատներին մխիթարվել․ «Հիշում են նրանք, ովքեր սգավոր են, այն մայրերը, որոնք որդիներ են կորցրել, այն կանայք, որոնք այրիացել են։ Նրանց ցավը մերն է, ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ ցավ է, ու ոչ ոքի ես չեմ կարող բացատրել։ Մեր գործող իշխանությունից ոչ ոք չի կարող բացատրել։ Մխիթարվում ենք նկարներով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031