Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վստահության բացակայություն. տնտեսությունը ծայրահեղ վիճակում է, մակրոտնտեսական միջավայրը՝ անկայուն. «Փաստ»

Փետրվար 11,2021 12:05

Տնտեսական առումով 2021 թվականը «խոստանում է» լինել բարդ տարի, չնայած բազմաթիվ փորձագետներ վերլուծություններ են ներկայացնում այն մասին, թե շատ երկրների հաջողվելու է դուրս գալ անցած տարի սկսված ճգնաժամային շոկից և թևակոխել վերականգնման փուլ։ Իրավիճակը հատկապես բարդ է Հայաստանի տնտեսության համար։ Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, 2020 թվականին 2019-ի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե կորոնավիրուսի համավարակի, ապա նաև պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամային իրադրության պայմաններում իրենց հաջողվել է ընդհանուր առմամբ պահպանել մակրոտնտեսական կայունությունը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կայունության մասին կարող է խոսք լինել, երբ շուկայում թանկացումներն ահռելի չափերի են հասել, նվազել է բնակչության գնողունակությունը, իսկ մյուս կողմից էլ՝ մեր ազգային արժույթը՝ դրամը, էականորեն արժեզրկվել է։

Եթե ինչ-որ տեսանկյունից իշխանությունների հույսը սփյուռքահայ գործարարների վրա է, ապա հարցականի տակ է, թե այս իրողությունից և խայտառակ պարտության հոգեբանական սթրեսից հետո սփյուռքահայերն արդյոք ցանկություն կունենա՞ն ներդրում կատարել Հայաստանում, որի կառավարությունն այս պահին վստահության դեֆիցիտ ունի։ Կարելի է ասել՝ վստահության բացակայություն: Երկրի ներդրումային ճգնաժամի կարևորագույն ցուցիչ է նաև այն, որ անցած տարվանից սկսած հազարավոր բիզնեսներ ուղղակի փակվել են կամ սնանկացել, իսկ մյուս կողմից էլ՝ բազմաթիվ միջպետական ճանապարհներ, որոնք տրանզիտային կարևոր նշանակություն ունեն տնտեսության համար, դարձել են սահմանամերձ, դրանց որոշ հատվածներ էլ անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Եվ չպետք է բացառել, որ ճանապարհների այդ հատվածներում հակառակորդը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել, ինչպես վերջերս եղավ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում, երբ միայն ռուս խաղաղապահների միջամտության արդյունքում ադրբեջանցիներին թույլ չտրվեց դիրքային առաջխաղացում ունենալ հայկական կողմի հաշվին։ Իսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը իրեն պայմաններ թելադրողի դերում է զգում, խոսել տարածաշրջանում ճանապարհային հանգույցների ապաշրջափակման օգուտներից, ինչպես անում են պոպուլիստ իշխանությունները, ուղղակի զավեշտ է, քանի որ դրա արդյունքում նոր աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկեր են առաջ գալու։ Կարճ ասած՝ երկրի տնտեսությունն ուղղակի ծայրահեղ վիճակում է, իսկ մակրոտնտեսական միջավայրը՝ երկարաժամկետ առումով անկայուն։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728