Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր նշեցին «Գիրք նվիրելու միջազգային օրը»:
Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց. «Այսօր նաեւ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակն է: Բացի այն, որ ուսխորհրդի եւ գրադարանի նախաձեռնությամբ այսօր ուսանողներն ու դասախոսները միմյանց գրքեր կնվիրեն, ֆոյեում կասմունքեն Թումանյանի պոեմներից ու քառյակներից, ընթերցարանում կլինի նաեւ մեր վաստակաշատ դասախոս Ֆրունզ Ղազարյանի հեղինակությամբ լույս տեսած մասնագիտական մենագրության շնորհանդեսը»:
ՀՖԿՍՊԻ-ն դեռ անցած տարի համագործակցության հուշագիր է ստորագրել ԱԻՆ-ի հետ, որը նոր ուսումնական տարում թեւակոխում է գործնական փուլ: Ստացվեց այնպես, որ այդ համագործակցության մեկնարկը համընկավ «Գիրք նվիրելու միջազգային օրվա» հետ:
Կարդացեք նաև
Այսօր ինստիտուտ այցելած ԱԻՆ հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Ղազարյանը մեր հետ զրույցում նշեց, որ համագործակցությունը ԱԻՆ ծառայությունների եւ ինստիտուտի միջեւ անչափ կարեւոր է եւ փոխադարձաբար արդյունավետ: Հակահրդեհային մասով փոխհամագործակցության ընթացքում ԱԻՆ-ը շատ գիտելիքներ եւ հմտություններ ունի փոխանցելու ինստիտուտին, իսկ ընդհանուր եւ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածության առումով անհրաժեշտության դեպքում ինստիտուտը հրշեջ-փրկարարների համար կարող է օգտակար լինել:
Փրկարարական ծառայության մայոր Արմեն Ներսիսյանը հավելեց, որ ինստիտուտի եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջեւ անցած տարի ստորագրված փոխգործակցության հուշագրի ստորագրումով լավ ավանդույթի հիմք է դրվում, որը մեկնարկում է այսօր՝ գիրք նվիրելու խորհրդանշական օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ