Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բեկի մանկավարժները հույս ունեն, որ կառավարության տնտեսական ծրագրերը կփրկեն գյուղը

Փետրվար 25,2021 15:24

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի դպրոցի մանկավարժները զարմացած են՝ ինչու նախկինում այսքան շատ լրագրող չէր հետաքրքրվում դպրոցի հոգսերով։ Հետո իրենք էլ պատասխանում են իրենց։ «Դե հասկանում ենք, պատերազմի պատճառով դարձանք աշխարհի թեժ կետերից մեկը։ Բայց գյուղի դպրոցում որ հարյուրավոր երեխաներ էին սովորում, ինչո՞ւ մեկը չեկավ էդ տարիներին»,–ասում են նրանք։

Անտիկա Ղոնյան

«Դպրոցում 34 աշակերտ է սովորում․ 11 տղա, 23 աղջիկ։ Սեպտեմբերին, մինչեւ պատերազմը 3 երեխա տեղափոխվել են Արծվանիկի դպրոց, քանի որ նրանց ծնողները մշտական բնակություն են հաստատել այդ գյուղում»,–ասում է դպրոցի ուսմասվար Անտիկա Ղոնյանը։

«Ֆիզկուլտուրայի դասատուն ասում է՝ դասարան շարվի, մի հոգի է շարքում»,–ասում է ուսմասվարը։ Կարեւորը՝ դպրոցը աշխատում է բնականոն հունով, եւ ըստ մեր զրուցակցի, ինչքան էլ «ստահոդ լուրեր տարածեն, գյուղը կանգուն է մնալու»։

Դավիթ Բեկն ընդգրկվել է հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկում եւ գյուղացիները կօգտվեն սոցիալական բազմաթիվ ծրագրերից։ Սակայն մանկավարժների կարծիքով, անհրաժեշտ է գյուղում արտադրություն հիմնել։

Նելլի Հարությունյան

«Փոքրիկ արտադրամաս, որպեսզի երիտասարդները կարողանան աշխատել, մինչեւ այդ էլ ֆինանսական օգնություն տրամադրեն այդ ընտանիքներին։ Ու հավատացեք, ոչ մեկը չի լքի գյուղը, գյուղից հեռացած երիտասարդ ընտանիքները կվերադառնան»,–ասում է անգլերենի ուսուցչուհի Նելլի Հարությունյանը։

Վերջինս 26 դասաժամ ունի, եւ օրական 25 կմ ճանապարհ է կտրում՝ Կապանից հասնելով Դավիթ Բեկ։ Պետությունը փոխհատուցում է 1000 դրամ, բայց տիկին Հարությունյանը 3000 դրամ է օրական ծախսում աշխատանքի գնալու եւ վերադառնալու համար։

Աշխարհագրության ուսուցչուհի Լարիսա Ալեքսանյանի խոսքով, գյուղում կառուցված ՀԷԿ–ի ղեկավարները անտեսում են գյուղացիների հոգսերը։ «Աշխատեցնում են իրենց համար, բայց որ մեր այգիները ջրում ենք, փող են գանձում, ինչո՞ւ»,–ասում է նա։

Գյուղի արոտավայրերի մի մասը սահմանազատման արդյունքում մնացել է ադրբեջանական հսկողության ներքո։ Շատերը ի վիճակի չեն լինելու զբաղվելու անասնապահությամբ, ստիպված վաճառելու են կովերը՝ տեղափոխվեն Կապան։ «Կոմբինատում 400-500 հազար դրամ աշխատավարձ կստանան ու կապրեն»,–մտահոգ են մանկավարժները՝ հույս ունենալով, որ կառավարությունը տնտեսական նոր ծրագրեր կնախատեսի, ինչպես Դավիթ Բեկի, այնպես էլ սահմանամերձ այլ գյուղերի համար։

Դավիթ Բեկի դպրոցի մանկավարժների մտահոգությունները` նաեւ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728