Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Մարտ 03,2021 14:47 Share

Մարտի 3-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը: Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվելու է թաղման կառավարական հանձնաժողով:

Մ. Աբրահամյանը ծնվել է 1932 թ. մարտի 8-ին Երևանում: Սովորել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1956 թ. ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956 թ.-ից աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար:

1955 թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957 թ.-ից դասավանդել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960 թ.-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981 թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը:

Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973 թ. պարգևատրվել է ՀՀ պետական մրցանակով:

1963 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980 թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Մեդեա Աբրահամյանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին: ՀՀ ժողովրդական արտիստի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031