Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը երկրի հիմնաքարն է, խաղ մի արեք, պարոնայք…

Մարտ 08,2021 12:00

Հավանաբար, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում դասադուլ է՝ կաթվածահար են արվել դասերը:

Մոտ 400 աշակերտ զրկվել է դասեր անելուց, ոչ մի կերպ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ: Միանգամից ասեմ, որ ոչ նշանակված տնօրենին, ոչ էլ մրցակցին ընդհանրապես չեմ ճանաչում, սակայն դա չի խանգարում ինձ բարձրաձայնել. աշակերտներն այստեղ ի՞նչ մեղք ունեն, որ տնօրենի երկու թեկնածուների պայքարի պատճառով խստագույնս տուժում են աշակերտները եւ պատկան մարմինները, որոնց սուրբ պարտքն է այս թնջուկի լուծումը, չեն կարողանում, կամ չեն ուզում արդարացի եւ վերջնական լուծում տալ այս հարցին: Թվում է, թե ինչ մի արտառոց բան է տեղի ունենում, որ դրա մասին էլ խոսում ենք … Եղածը մի դպրոց չէ՞, ի՞նչ ենք խառնվել իրար, հավանաբար մի օր կաշխատի, էլի … Երեւի շատերը կասեն, երկիրը քայքայման եզրին է, իսկ սրանք ինչի՞ ետեւից են ընկել …

Հետաքրքիր է, լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ-ն իր հսկա անձնակազմով, ովքեր տաքուկ աշխատասենյակներում նստած աշխատավարձ, հավանաբար նաեւ պարգեւավճարներ են ստանում, ինչո՞վ են զբաղված, որ այսքան ժամանակ այս չափազանց կարեւոր խնդրին լուծում չեն տալիս:

Չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում, միեւնույն է, դրան կոչված իրավասու պաշտոնյաները պետք է կամ հրաժարական տան, կամ շատ արագ լուծեն այս հարցը, քանզի սեղանին դրված է մոտ 400 երեխայի ճակատագրի հարց … Գուցե, այդ երեխաներից 3-ը վաղը կդառնային հանճարներ, մի քանի տասնյակը երկրի համար շատ պիտանի մասնագետներ, հետեւաբար ո՞վ է թույլ տվել խաղալ այդ երեխաների ճակատագրերի հետ:

Եթե փաստացի մի դպրոցի հարց չեն կարողանում լուծել, ապա վաղն ինչպես են լուծելու նախարարության ենթակայության տակ գործող մնացած հարյուրավոր դպրոցների նույնատիպ եւ այլ հարցերը, այլ հիմնարկ-ձեռնարկություններում ծագած բազմապիսի ու տարաբնույթ խնդիրները: Նախարարության անունն ինքնին հուշում է, թե ինչ գերկարեւոր ուղղություններ է այն կառավարում. կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ եւ նշված դպրոցի հետ կապված իրավիճակը պարզորոշ հուշում է, որ այդ նախարարությունը չի կարող նշված հսկայական ոլորտների հետ կապված որեւէ լուրջ հարց լուծել:

Այդ դեպքում նվազագույնը հասկանալի չէ, թե կառավարությունն ինչպես է հանդուրժում նման իրավիճակը եւ իրեն վերապահված գործառույթներից ելնելով, ինչո՞ւ որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար …

Միգուցե այնքան էլ իմաստալից չէ, այնուամենայնիվ, Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված իրավիճակը պարտադրում է մի քանի բառով ներկայացնել, թե ընդհանրապես ինչ բացառիկ դեր ունի դպրոցը երկրի եւ նրա ապագայի հարցում, քանզի նախարարության վերաբերմունքից տպավորություն է ստացվում, որ դպրոցական կրթությունը լինելով նախարարության հիմնական ոլորտներից մեկը, այնտեղ այնքան էլ լավ չեն պատկերացնում դպրոցի դերն ու նշանակությունը, քանզի ստեղծված վիճակն այդ մասին է վկայում:

Բավական չէ՞ այն հանգամանքը, որ վաղվա քաղաքացին, որը երկրի միակ կառուցողը եւ տեր ու տիրականն է լինելու, հիմնականում ձեւավորվում է դպրոցում, այնպես որ, դժվար է գերագնահատել դպրոցի դերը նրա կյանքում, սակայն, ցավոք, վերը նշված դպրոցի օրինակը պարզ հուշում է, որ բացարձակ անհոգի ուշադրություն է դարձվում այդ դպրոցին: Դպրոցի գտնվելու վայրը եւ համարը որեւէ նշանակություն չունեն, այնպես որ, նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած դպրոցում, որը ոչ այլ ինչ է, քան լրջագույն անտարբերություն դպրոցական կրթության, հետեւաբար ձեւավորվող վաղվա քաղաքացու, ինչպես նաեւ առհասարակ երկրի զարգացման բոլոր ուղղությունների նկատմամբ: Այլ խոսքով, ուղիղ համեմատական կապ կա դպրոցի, դպրոցական կրթության եւ երկրի այսօրվա ու վաղվա վիճակի միջեւ:

Փաստացի, սա կոչ է ուղղված կառավարությանը, կրթության լիազոր մարմնին, Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, աշակերտների ծնողներին, տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած մրցակիցներին, որպեսզի վերջապես բոլորը գիտակցեն ստեղծված անթույլատրելի եւ աղետալի վիճակի հետեւանքները ու շտապ, համակողմանի քայլեր ձեռնարկեն ստեղծված իրավիճակը հօգուտ դպրոցի եւ աշակերտների լուծելու համար …

Թող զարմանալի չթվա, այս հարցը երկրում ստեղծված բազմաթիվ այլ մեծածավալ եւ ընդգրկուն հարցերից շատ ավելի առաջնային ու հրատապ է եւ անհրաժեշտ է նրա շտապ լուծումը …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031