Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ընտրական օրենսգիրքը չփոխվի, ուրեմն արտահերթ ընտրությունները գործող քաղաքական դաշտի հիմնական խաղացողների եւ նախկին  քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության արդյունք է լինելու»

Մարտ 20,2021 15:12

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն «Ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ մինչեւ արտահերթ ընտրությունները դրանք ընդունելու անհրաժեշտության մասին» թեմայով քննարկում է կազմակերպել, որի ժամանակ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ իրենց դիրքորոշումը հայտնեցին հունիսի 20 -ին անցկացվելիք արտահերթ ընտրությունների եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին։

Քննարկման մասնակիցներից «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն ասաց․«Ինձ համար հասկանալի է, որ խորհրդարանական  խմբակցությունները եկել են պայմանավորվածության, թե ինչ խաղի կանոններով  պետք է գնան արտահերթ ընտրություններին։ Իմ կարծիքով՝ «Իմ քայլ»-ն իր խոստումը դրժում է,  քանի որ խոստացել էր փոխել Ընտրական օրենսգիրքը։ Իրենք շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագիծը, որը  որակապես այլ կարգավորումներ է սահմանում,  ԼՀԿ-ից  ասում են՝ եթե ավելի վաղ չանցկացվեն արտահերթ  ընտրությունները,  կատակլիզմներ կլինեն քաղաքական դաշտում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ  պայմանավորվածությունը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, շանտաժի կամ սպառնալիքի ազդեցության ներքո է ձեռքբերվել, ինձ համար անհասկանալի է, թե ում կողմից պետք է ենթադրյալ կատակլիզմներ լինեն»։

Նորայր Նորիկյանն ասաց, որ  Հայաստանում ստեղծված իրավիճակը իշխանության անգործության հետեւանք է, նաեւ հրապարակներում քաղաքական գործընթացների սրումը կարող է չլիներ, եթե իշխանությունը ձեռնարկեր օրենքով սահմանված բոլոր կարգավորումները։

«Այս խաղի կանոններով (նկատի ունի գործող Ընտրական օրենսգրքով՝ Ն․Բ․)արտահերթ խորհրդարանական  ընտրությունները չեն լուծելու քաղաքական ճգնաժամը, սա  պայքար է լինելու գործող քաղաքական դաշտի հիմնական խաղացողների եւ նախկին  քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների միջեւ եւ նրանց միջեւ ձեռքբերված  պայմանավորվածության արդյունք է լինելու։ Այդ դեպքում ավելի ազնիվ կլիներ քվոտաներով որոշեիք ու միանգամից ժողովրդին էլ չներքաշեիք  գործընթացի մեջ, մանավանդ որ ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսվելու»-ասաց պարոն Նորիկյանը։

Նա վստահ է՝  գործող ընտրական օրենսգիրքը հարուստների եւ շատ հարուստների միջեւ պայքարի հնարավորություն է, տարածքային ընտրական ցուցակներով քողարկված մեծամասնական համակարգը, դա  միայն հնարավորություն է տալիս կասկածելի հեղինակություններին, ահռելի նյութական կարողություն ունեցող անձանց մասնակցություն եւ տեղերում իրենց ոչ ֆորմալ ազդեցության գործադրմամբ որոշելու ընտրությունների ելքը, ինչը չի արտացոլելու հանրային տրամադրությունները։

«Այս օրենսգրքով չի լուծվելու  քաղաքական ճգնաժամը, ավելին՝ եթե փորձ արվի խորհրդարանական քաղաքական ուժերի եւ  նախկին քաղաքական ռեժիմների միջեւ ձեռք բերված այս քաղաքական պայմանավորվածության արդյունքում գնալ արտահերթ ընտրությունների՝ խաղից դուրս թողնելով արտախորհրդարանական այն ուժերին, որոնք նոր են կազմավորվում, որոնք փորձում են որակապես նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին, հավաստիացնում եմ՝ ճգնաժամը չի հաղթահարվելու։ Մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին, բայց գնալ հին խաղի կանոններով, որոնք վերարտադրման պատուհան են ստեղծելու գործող իշխանության եւ նախկին ռեժիմի որոշ «առաջամարտիկների» համար, ազնիվ չէ մեր ժողովրդի նկատմամբ։ Գործող իշխանությունը պարտավոր է կատարել ժողովրդին տված խոստումը, պարտավոր է փոխել Ընտրական օրենսգիրքը։ Երեք ամիս հետո արեք, եթե իսկապես ուզում եք  հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, եթե հավատարիմ եք ձեր սկզբունքներին, դուք էլ կողմնակից չեք եղել գործող կանոններին, երեք ամիս հետո արեք ընտրությունները։ Ինչի՞ց եք վախենում,-վախենում, եք ինչ-որ մարդիկ հեղաշրջման փորձ կանե՞ն, էդ դեպքում աշխատեք, որ չանեն։  Ապահովեք երկրում օրենքի եւ իրավունքի գերակայությունը, մաքրեք երկիրը  օրենքից դուրս գտնվողներից։ Մեծամասնություն եք, անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք՝ օրենսգիրքը փոփոխելու համար»,-ասաց Նորայր Նորիկյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031