Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սպասվող ընտրությունները կլինեն իսկական աղետ մեր ժողովրդի համար». Աբգար Ափինյան

Մարտ 27,2021 17:22

«Սպասվող ընտրությունները կլինեն իսկական աղետ մեր ժողովրդի համար»,-  «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Նրա հավաստմամբ՝  սպասվող ընտրություններն էլ ավելի կխորացնեն առկա ճգնաժամը: Նա վստահ է՝ հանգուցալուծում չի լինելու այս ընտրությունների միջոցով ու պարզաբանեց. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ ուժը, որ այսօր տիրում է իշխող լծակներին, մի ընտրություններ արդեն իրականացրել է: Արցախում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ ձևավորվեցին կառավարման մարմիններ, խայտառակ ընտրություններ էին, և այդ ընտրություններով ձևավորված իշխանության դեմքը տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում: Դավաճանության կասկածներ, անփույթ վերաբերմունք պետականության, հայոց բանակի նկատմամբ»:

Աբգար Ափինյանի կարծիքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքի ճանապարհը կարող է լինել այն, որ ընտրությունները կազմակերպի ժամանակավոր մի կառավարություն, որը իշխող լծակներից պիտի հեռացնի ՔՊ-ի բոլոր ներկայացուցիչներին: Նա շեշտեց. «Կառավարությունում պիտի լինեն նոր մարդիկ, բոլոր նախարարները հրաժարական պիտի տան, վարչապետը հրաժարական պիտի տա, ԱԺ-ն  ցրվի, քանի որ նրանք խորացնում են այս ճգնաժամը: Բոլոր այս նեղությունների, դժբախտությունների հիմքում այդ քաղաքական ուժն է: Ովքեր իրենց նոր կոչեցին, բերեցին պատուհաս ու դժբախտություն հայ ժողովրդի գլխին»:

Դիտարկմանը՝  ընդդիմությունը, կարծես, հաշտվեց ընտրությունների կազմակերպման մտքի հետ, Բաղրամյան պողոտայում հավաքեցին վրանները, Աբգար Ափինյանն արձագանքեց. «Ելքը կրկին ընտրություններն են, սակայն նախքան ընտրություններն ամբողջ այս խմբակն ուղղակի պիտի նետենք պատմության, անցյալի գիրկը: Ընտրությունները պիտի կազմակերպեն նոր ուժեր»:

Նա նշեց՝ ստեղծել են Հայ մտավորականների խորհուրդ, և կարծում է, որ մտավորականությունը պետք է հստակ դերակատարություն ունենա. «Մտավորականության կարևորագույն դերն է ուրվագծել Հայաստանի ապագան, ինչպիսի կառավարություն ենք ուզում ունենալ, պիտի վերականգնվի արդյո՞ք մշակույթի նախարարությունը, ի՞նչ ուղղություններ կան զարգացման, ինչպիսի՞ն պիտի լինի պետական պաշտոնյայի կերպարը: Այս ամենը մեր մտավորականների գործն է: Այս վերջին պատուհասը Հայաստան կարողացավ մտնել մշակույթի միջոցով. քայքայեցին մեր մշակույթի պինդ, ոգեղեն միջուկը, սկսեցին խոսել նրա մասին, որ ազգայինը կարևոր չէ և այլն»:

Աբգար Ափինյանը տեղեկացրեց՝ հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Թովմասյանին և հայտնել՝ ընդդիմության շարքերում պիտի լինի համագործակցություն. «Քննարկման ժամանակ առաջարկ  եղավ ստեղծել հանձնախմբեր, ես կարծիք հայտնեցի, որ մշակույթի հանձնախումբը պիտի կարևորագույնը լինի»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը, վերջին դեպքերին, երբ Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է, ինչն արձանագրել է BBC-ն, Աբգար Ափինյանը ցավով նշեց. «Մենք չենք տեսնում գործունեություն ՀՀ կառավարության կողմից: Ուզում եմ ԿԳՄՍ նախարարի հետ անձամբ քննարկել այս հարցը: Քանի օր էլ այս կառավարությունը մնա, մենք պետք է նրանց պարտադրենք աշխատել: Կառավարության կողմից ոչ մի քայլ չենք տեսնում, ԿԳՄՍ նախարարությունն է պարտավոր այս հարցերը լուծել միջազգային ասպարեզում, տեր պիտի կանգնի մեր մշակութային ժառանգությանը: BBC-ն ավելի շահագրգռված է, բացահայտել է հանցագործություն, Հայաստանը լուռ է, չի պատասխանում ոչ մի վիրավորանքի: Ակնկալել, որ ռուս խաղաղապահները հարցեր կլուծեն մեր փոխարեն, ՌԴ-ն մեր փոխարեն հարցեր կդնի, խնդիրներ կարծարծի, ծիծաղելի է: Հայաստանն իր խնդիրների մասին ինքը պիտի խոսի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031