Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուլիետա Թադևոսյան. Հարկաբյուջետային շրջանակը վերանայման կարիք կունենա՝ նկատի ունենալով այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսին պաշտպանությունն է և երկարաժամկետում՝ կրթությունը

Մարտ 31,2021 17:27

Արդյո՞ք ՀՀ  2021թ. պետական բյուջեն ի զորու է  ջնջել «Սև կարապների»-ի թողած հետքերը

Գլխավորը՝ եղե´ք պատրաստված: Կանխատեսումներն ունեն ցավազրկող և թերապևտիկ հատկություններ:
Զգո´ն եղեք և մի´ մոռացեք այդ կախարդական թվերի բթացնող հատկությունների մասին:
Պատրա´ստ եղեք բոլոր հնարավոր պատահականություններին:

Նասիմ Նիքոլաս Թալեբ

2020թ. ինչպես ամբողջ աշխարհի գրեթե բոլոր երկրներ, այնպես էլ Հայաստան այցելեց «Սև կարապ»-ը: Ավելին, նախորդ աշնանն անցանք նաև անսպասելի  պատերազմի դաժան բովով:

Արդ, անառարկելի է, որ հետպատերազմյան և COVID-19 համավարակի՝ դեռևս շարունակվող «հաղթարշավի» պայմաններում երկրի ազգային անվտանգության ապահովման, օրեցօր հասունացող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հրատապ լուծման «փրկօղակն» արդեն օրենքի ուժ ստացած երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է՝ պետական բյուջեն: Վերջինիս շուրջ կարող ենք ներկայացնել նախորդ տարում մեր կողմից կատարված նույն հարցադրումը, թերևս միանգամայն այլ տեսանկյունից… այն է՝ կարող ենք, արդյո՞ք, 2021թ․ բյուջեով նվազեցնել պատերազմի տնտեսական վնասները և դիմակայել արդեն մեկ տարուց ավելի շարունակվող համավարակին…

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

Ի սկզբանե արձանագրենք, որ 2021թ. ևս ՀՀ պետական բյուջեն՝ սոցիալական ուղղվածությամբ, պահպանողական բյուջե է՝ միայն թե ոչ լավատեսական սպասումների ակնկալիքով: Այն անհապաղ վերանայման և լրամշակման կարիք ունի։

Ինչո՞ւ…

Այսպես. ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին ընդունել է 2021թ․ պետական բյուջեի նախագիծը։ ՀՀ 2021թ․ պետական բյուջեի եկամուտները սահմանվել են ՀՆԱ-ի 23.6%-ի չափով և կազմում են 1,509.5 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը` 1,440.1 մլրդ դրամ: Վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է 22.5%:

ՀՀ 2021թ․ պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.3 %-ը կամ 341.4 մլրդ դրամ, որի ֆինանսավորումը ներքին աղբյուրների գծով կկազմի 138.7 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրների գծով՝ 202.7 մլրդ դրամ:

ՀՀ 2021թ․ պետական բյուջեի եկամուտների հաստատված կանխատեսումներից, ինչպես նաև ՀՆԱ-ի պակասուրդի ֆինանսավորման հնարավորություններից ելնելով՝ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2021թ․ ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 28.9 %-ի կամ 1,850.9 մլրդ դրամի չափով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1,634.6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 25.6%-ը: Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով ծախսերը ծրագրվել են 216.3 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 3.4%-ի չափով:

Ի՞նչ սպասումներ ու ռիսկեր են թաքնված թվերի հետևում: Ներկայացնենք ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2017-2021թթ. ընթացքում (տե՛ս աղյուսակ 1) և փորձենք կատարել որոշակի եզրահանգումներ:

Աղյուսակ 1.

ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2017-2021թթ., մլրդ դրամ

Պետական բյուջեի ցուցանիշները 2017թ. 2018թ. 2019թ. 2020թ. 2021թ.
Ընդամենը պետական բյուջեի եկամուտներ 1210.0 1341,7  

1565.5

 

1560.4

 

1509.5

այդ թվում`
Հարկեր և տուրքեր 1158.0 1258.1 1464.3 1349.8 1440.1
Պաշտոնական դրամաշնորհներ 30.9 35.6

 

12.4 53.1 24,3
Այլ եկամուտներ 44.1 23.8 107.2

 

122.1

 

45,070,6

 

Ընդամենը ծախսեր 1504.8 1447.1 1629.4 1894.3 1850.9
Ընթացիկ ծախսեր 1267.4 1299 1437.1 1668.2 1634.6
Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթներ 98.6 172.4 192.3 226.1 216.3
Պակասուրդ(-)/հավելուրդ (+) -150.1 -156.9 -63.9 -339.9 -341.4
Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները
Ներքին 69.3 75.2 -13.3 -359.3 -138.6
Արտաքին 80.8 81.7 77.2 19.4 -202.7

 

ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ

Աղյուսակ 1-ում ներկայացված թվերն արդեն իսկ բավականաչափ խոսուն են: Այսպես, 2017-2021թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017թ. համեմատությամբ չնայած դրսևորել են աճի միտում, սակայն 2020թ. արդեն նկատվում է եկամուտների նվազում, և 2021թ. դրանք կանխատեսվել են 1,509,5 մլրդ դրամ՝ 2020թ. նկատմամբ նվազելով 50,9 մլրդ դրամով: Ընդ որում, եկամտագոյացնող հիմնական գործոնը՝ հարկերը և տուրքերը, 2020թ․ արդեն իսկ համավարակի ազդեցությամբ պակասել են 2019թ. համեմատությամբ 79,1 մլրդ դրամով՝ կազմելով 1,385.2 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում բյուջեի ընդհանուր ծախսերի ցուցանիշին, ապա արձանագրենք, որ COVID-19 համավարակին դիմակայման միջոցառումները հիմնականում նախատեսում էին ֆինանսական աջակցության տարբեր փաթեթներ՝ սոցիալական, տնտեսական ամենատարբեր ուղղություններով:

Եթե 2017-2019թթ. ընթացքում «ընդամենը ծախսեր»-ը դրսևորել են աճի միտում, և դա պետք է բոլոր դեպքերում դրական գնահատել, ապա 2020թ. 2019թ. համեմատությամբ 264,9 մլրդ դրամով ավելի գրանցված ծախսերը հիմնականում պայմանավորված էին համավարակի ազդեցությունները չեզոքացնելուն ուղղված ֆինանսական ներարկումներով:

Փաստորեն «Սև կարապ»-ն իր գործն արեց… ՀՀ 2020թ. պետական բյուջեի հաստատված և օրենքի ուժ ստացած կանխատեսումներն ի չիք դարձան… Այս տիրույթում մտահոգիչ է նախորդ տարվա համեմատությամբ 2021թ. ընդհանուր ծախսերի 43,4 մլրդ դրամով պակաս հաստատված կանխատեսումը՝ 1,850,9 մլրդ դրամ, ինչն անխոս տրամաբանական չէ, և դժվար թե ֆինանսական ռեսուրսների նման ծավալով հնարավոր լինի գոնե մեղմել համավարակի շարունակվող ազդեցությունները և 44-օրյա պատերազմի դեռևս չգնահատված տնտեսական հետևանքները, որոնք հատկապես զգացնել կտան առաջիկա տարիներին:

Ինչ վերաբերում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներին, ապա արձանագրենք այն իրողությունը, որ անկանխատեսելի իրավիճակում օրինաչափ է պետական բյուջեի պակասուրդի ավելացումը, ինչն ակնհայտ է 2021թ. պետական բյուջեի հաստատված կանխատեսումներում:

Ի դեպ, նշենք, որ ուսումնասիրվող առաջին երեք տարիներին պակասուրդը «ոսկե կանոն»-ի շրջանակներում էր, նկատելի էր դրական տեղաշարժ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ընտրության և դրա նվազեցման ուղղությամբ: Սակայն նախորդ և այս տարի արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ օրինաչափությունները չպահպանվեցին: Այս շրջանակներում հատկապես մտահոգիչ է 2021թ. պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրների գերագնահատումը, ինչն անխոս Հայաստանի արտաքին պարտքի տիրույթում նոր ռիսկերի առաջացման վտանգ է պարունակում:

Բավական է դիտարկել 2017-2021թթ. ընթացիկ ծախսերի ֆինանսավորման՝ տնտեսագիտական դասակարգման կառուցվածքի ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, և այստեղ արդեն բախվում ենք պարտքային ճգնաժամի խորացման փաստի հետ: Միայն տոկոսավճարների գծով ծախսերն ուսումնասիրվող ժամանակահատվածում աճել են 0,8%-ով և 2021թ. հաստատված կանխատեսումներում կազմելու են 197,7 մլրդ դրամ՝ ընդ որում 2017թ. նկատմամբ ավելանալով 75,6 մլրդ դրամով, իսկ 2020թ. նկատմամբ՝ 29,6 մլրդ դրամով: Առանձնակի չենք վերլուծում ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի շեմը գերազանցելու փաստը: Միայն արձանագրենք, որ 2019-2021թթ. փաստացի և հաստատված կանխատեսումներում ՀՀ կառավարության  պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է և կկազմի համապատասխանաբար՝ 49,9%, 61,5% և 66,0%:

Ընդգծենք, որ արդեն իսկ Հայաստանի պետական պարտքի կառավարմանը և հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումները մինչ այս իրավիճակն էլ լուրջ ռիսկեր էին պարունակում: Ուստի և ճգնաժամային իրավիճակի շարունակվող խորացումն էլ ավելի է պարտքի հիմնախնդիրը մղում խոցելի դաշտ:

Հակիրճ անդրադառնանք նաև պետական բյուջեի ծախսային որոշ ուղղությունների, որոնք առաջացնում են նոր մարտահրավերներ և ի զորու չեն մոտ ապագայում «ջնջել» «Սև կարապների» թողած հետքերը:

Այսպես, 2021թ. ՀՀ պետական բյուջեի խոշոր ծախսային ուղղություններն են՝ սոցիալական ոլորտը, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները և պաշտպանության ոլորտը: Ինչ վերաբերում է 2021թ. ՀՀ պետական բյուջեի հաստատված կանխատեսումներին, ապա դրանք համապատասխանաբար կազմում են ընդհանուր ծախսերի 43.6%-ը, 21.7%, 25.3%-ը: Ուսումնասիրվող ժամանակահատվածում սոցիալական ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ ծավալում 2017թ. համեմատությամբ ավելացել է ընդամենը 0,9%-ով, «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտում նվազել են 2,4%-ով, իսկ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ  և պահուստային ֆոնդեր»-ի գծով ավելացել են է 1,9%-ով: Այս տիրույթում, ևս մեկ անգամ նշենք, որ համավարակն անորոշ ժամկետներով դեռևս շարունակվում է, ամբողջությամբ գնահատված չեն նաև պատերազմի տնտեսական հետևանքները:

Ինչևէ, իրավիճակային առաջնահերթություններից ելնելով՝ հպանցիկ ներկայացնենք քննարկվող բյուջեում հատկապես երկրի պաշտպանության համակարգին նախատեսվող հատկացումները: Ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ պլանավորվում է 2021թ․ ավելի քան 18.0%-ով ավելացնել նոր տեխնոլոգիական ուղղություններով գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը, ինչպես նաև ապահովել արտադրական կարողությունների զարգացումը: Ընդ որում, ընդգծենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը, ըստ գործառական դասակարգման խմբերի, գրեթե փոփոխություններ չի կրել վերջին տարիներին: Այսպես, կարող ենք փաստել, որ  2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ պաշտպանությանն ուղղված ծախսերն աճել են 1,4%-ով, առողջապահության ոլորտում՝ 1,7%-ով, իսկ կրթության ոլորտում դրանք  նվազել են 0,4%-ով: Ավելին, 2021թ. կրթության ոլորտի ծախսերը բյուջետային  ծախսերի ընդհանուր ծավալում նույնն են, ինչ 2017թ., այն է՝ 8,3%: Նույն համեմատությունների շրջանակներում առողջապահության ծախսերն ավելացել են 0,9%-ով, իսկ զուտ սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 0,1%-ով: Վերջին տարիների հատկացումների հետ համադրումը լուրջ մտորումների տեղիք է տալիս:

 Այսպիսով, բազմիցս կարևորել ենք, սակայն մեկ անգամ ևս նշենք, որ ռազմավարական պլանավորման տեսանկյունից երկրում լուրջ մարտահրավերներ կարող են ծագել այն իրողությունից, որ վերջին տարիներին գրեթե փոփոխություններ չեն կրել պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտներում կատարվող ծախսերը: Եթե հավելենք նաև այս դաշտում բազմարկչի գործողության ազդեցությունները, ապա մոտ ապագայում միանգամայն ակնհայտ են հնարավոր կորուստներն ու ձեռքբերումները: Անառարկելի է այս ծախսերի ուղղվածության, դինամիկայի կարևորումը՝ մասնավորապես հարավկովկասյան գեոքաղաքական իրավիճակից ելնելով: Այն պարզապես պարտադրում է զգոն լինել և այս ոլորտում իրականացնել բացառապես ազգանպաստ միջոցառումներ:

ԱՄՓՈՓՈՒՄ

Ինչ խոսք,  չենք կարծում, որ  ֆինանսավորման նման ծավալները կարող են 2021թ. ապահովել տնտեսական աճի նույնիսկ նման ցածր կանխատեսումը՝ 3,2%: Ուրեմն նաև կան դեռևս չլուծված և ապագայում առավել նոր մարտահրավերներ:

Ամփոփելով 2021թ. իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության  վերոնշյալ նկարագրությունը՝ կարող ենք արձանագրել, որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ դեռևս շարունակվում են տնտեսության անկումային միտումները:

Առկա են անորոշություններ ինչպես համավարակի տևողության, այնպես էլ հարկաբյուջետային կանխատեսումների հնարավոր շեղումների հետ կապված:

Ասվածը թույլ է տալիս եզրահանգել, որ հարկաբյուջետային շրջանակը վերանայման կարիք կունենա՝ նկատի ունենալով մասնավորապես այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսին պաշտպանությունն է և երկարաժամկետում՝ կրթությունը:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Ջուլիետա ԹԱԴևՈՍՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031