Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեր ընտրած այս «Ընտրական օրենսգրքով» փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը». Մարուքյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի բանավեճը

Ապրիլ 01,2021 18:00

Քաղաքական դաշտը դեգրադացվելու է, խորհրդարան են գալու կոճակ սեղմողները. այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ նշելով, որ իրենք կողմ են բաց համամասնական ընտրակարգին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում խոսեց պատգամավորների այն մտահոգությունների մասին, որ ռեյտինգային ընտրակարգը հանելով՝ մարզային ներկայացուցչությունը խորհրդարանում դուրս է գալու. «Ես այդպես չեմ կարծում: Ժամանակի ընթացքում ստեղծված մարզային բդեշխները, որոնց մոտ աշխատում են այդ մարզում բնակվող մարդիկ, իրենք չեն կարող լինել մարզերի ներկայացուցիչներ: Նրանք ստեղծված են եղել, ունեցել են արտոնություններ, որպեսզի ապահովեն այդ մարզից գալիք ձայների քանակը»:

Ալեն Սիմոնյանը մեջբերում արեց 2018-ին «Ցայգ» հեռուստաընկերությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցազրույցից, որտեղ նա ասել է. «Ես առաջիններից եմ եղել, որ բարձրաձայնել եմ, որ ռեյտինգային ընտրակարգը վատ է, չի արտացոլելու քաղաքական ներկապնակը: Մենք հիմա ամեն ինչ անելու ենք, որ ռեյտինգայինը դուրս մղվի «Ընտրական օրենսգրքից» եւ մնա համամասնական ընտրակարգը, այսինքն՝ բրենդերի, գաղափարների պայքարը»:

Ալեն Սիմոնյանը հույս ուներ, որ Մարուքյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով՝ կարձագանքի:

Սակայն Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ՝ խոսելով այլ համատեքստում: Նա ասաց, որ իշխանությունն առանց ընդդիմադիրների ընդունում է «Ընտրական օրենսգիրքը» եւ այսօրվանից սկսած՝ կասկածի տակ է դնում հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը: Նա նշեց, որ ըստ իշխանությունների, եթե թողնում են, որ ժողովուրդն ընտրի, ընտրում է հանցագործների. «Կներեք, ձեր 44 ռեյտինգային պատգամավորներից ո՞վ է հանցագործ: Հիմա եկել ասում են՝ ռեյտինգային ընտրակարգը չարիք է եղել: Ընտրակարգը չի չարիք եղել, փող բաժանողն է չարիք եղել, հիմա ի՞նչ տարբերություն՝ ցուցակի՞ համար փող կբաժանի, թե՞ ռեյտինգայինի: Չեք կարողանում իդենտիֆիկացնել պրոբլեմը: Դուք ձեր ընտրած այս «Ընտրական օրենսգրքով» փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը: Որ ուժն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ «Ընտրական օրենսգիրք», ինքն իր գլուխը կտրել է»:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը: Նա էլ ամբիոնին մոտեցավ հեռախոսով, որի մեջ Մարուքյանից մեջբերումներ էր առանձնացրել. «2018-ի հոկտեմբերի 28-ի ելույթից մեջբերում կներկայացնեմ, երբ քննարկվում էր «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Ի՞նչ էր ասում պարոն Մարուքյանը ռեյտինգայինի մասին. «փոփոխության է ենթարկվում այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է մեր ուժի կողմից տարիներ առաջ եւ հենց ռեյտինգային համակարգը: Երբ ընտրացուցակների, եսիմ ինչ հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»: 2018-ի Էդմոն Մարուքյանի ասածները, պատասխանը ամփոփ եւ սպառիչ են 2021 թվականի Էդմոն Մարուքյանի ասածներին, բան չունեմ ավելացնելու: Հաջորդը՝ երբ խոսվում է խաղի կանոնների փոփոխության մասին, ես կրկին կդիմեմ 2018-ի Էդմոն Մարուքյանի օգնությանը: Ասում էր՝ հիմա ունենք ռեյտինգային համակարգի վերացման շանս, այո՛, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են: Կրկին ոչինչ չունեմ ավելացնելու, ստորագրում եմ 2018-ի Էդմոն Մարուքյանի ասածների տակ»:

Ռուբինյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը փոխում են, անցնում մաքուր համամասնականի, որովհետեւ դա ոչ միայն իրենց հանձնառությունն է, այլ նաեւ պարոն Մարուքյանի:

«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 կողմ ձայներով: Երկրորդ ընթերցումը կլինի այսօր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930