Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այն, ինչ նախատեսվում է հունիսի 20-ին, ոչ թե ընտրություն է, այլ քաղաքական, տեխնոլոգիական արդյունաբերական գործընթաց, որը նպատակ ունի բռնի ճանապարհով զավթել ՀՀ իշխանությունը»

Ապրիլ 06,2021 19:33

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հետաքրքիր վերլուծություններ է արել՝ կապված հունիսի 20-ին արտահերթ ընտրություն կազմակերպելու հետ:

«Մի քանի օր առաջ մի հարց էի բարձրացրել, որն ակտուալ է նաեւ հիմա: Վարչապետը հայտարարել է ապրիլին իր հնարավոր հրաժարականի մասին: Ըստ մեր երկրի սահմանադրության, վարչապետը իրավունք չունի հրաժարականից հետո պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Բայց 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ ինքը հրաժարական էր ներկայացրել եւ նախագահն ընդունել էր, նա շարունակել է մնալ վարչապետի պաշտոնում՝ զավթելով վարչապետի լիազորությունները իշխանությունում եւ իրացրել է դա մինչեւ ԱԺ-ն իրեն կընտրեր վարչապետ: Ու Հայաստանում ոչ մի իրավապահ մարմին դրանով չի զբաղվում: Պարտադիր չէ իրավաբան լինել: Հայերենին տիրապետելով՝ կարելի է կարդալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որտեղ հստակ գրված է, որ վարչապետը ներկայացնում է հրաժարական, նախագահն անհապաղ ընդունում է հրաժարականը: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ նախագահը չունի եռօրյա ժամկետ, քննարկման, ՍԴ դիմելու հնարավորություն: Նախագահը պարտավոր է անմիջապես ստորագրել հրաժարականի հրամանագիրը: Եվ վերջ: Վարչապետն այլեւս նախկին վարչապետ է: Նա պիտի անմիջապես դուրս գա կառավարության իր աշխատասենյակից, ընտանիքի անդամների հետ միասին դուրս գա կառավարական ամառանոցից: Պիտի մնան կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք հրաժարական չեն տվել եւ պիտի ժամանակավորապես կատարեն իրենց պարտականությունները, մինչեւ կընտրվի նոր վարչապետ:

Եթե վարչապետը ինչ-ինչ, հավանական է՝ կորոնավիրուսի համավարակը պատճառ բերելով հայտարարի, թե հիմա դրա ժամանակը չէ եւ ինքը հրաժարական չի տալիս, ուրեմն բոլորը պետք է հասկանան, որ նրա հրաժարականի պատճառը ոչ թե իր գնալն է, այլ՝ մնալը, ինչի մասին ինքն էլ հայտարարել է:

Պաշտոնյան հրաժարական տալիս է, որ գնա, հակառակ դեպքում ինչի՞ պիտի հրաժարական տա, եթե մնալու է պաշտոնին»,- մեկնաբանում է պարոն Ղազարյանը:

Հարցին, թե եթե արտահերթ ընտրություն այնուամենայնիվ լինի, ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել, ովքե՞ր կանցնեն, մանավանդ, որ իմքայլականներից մեկն արդեն նախապես հայտարարել է, թե ովքեր են լինելու ապագա ազգային ժողովում, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այն, ինչ մինչեւ հիմա նկարագրվում է, ամեն ինչի հետ կարող է կապ ունենալ, բացի ընտրությունից: Այսինքն, թե հաջորդ խորհրդարանում ով՝ քանի մանդատ պիտի ունենա, որ կուսակցությունները պիտի ներկայացված լինեն, նույնիսկ ո՞ր կուսակցության ցուցակով ով պիտի լինի պատգամավոր, ոչ ոք չի կարող իմանալ: Եկեք պրագմատիկ հաշվարկներով գնանք առաջ: Վերջին՝ 2018-ի ընտրությանը եղել է ընտրողների ընդամենը 48,6 %-ը՝ ռեկորդային ցածր մասնակցություն: «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է, եթե չեմ սխալվում 880 հազար մարդ՝ ընտրողների ընդհանուր ցուցակի 30 %-ը: Այսինքն, ստանալով ընտրողների ցուցակի 30 %-ի քվեն՝ դաշինքը պառլամենտում ունեցել է 70 % մանդատ: Ձեր կարծիքով ինչո՞ւ փոխեցին ռեյտինգային ընտրակարգը համամասնականով: Որովհետեւ դրա հետեւանքով մասնակցությունը ավելի է նվազելու: Ռեյտինգային ընտրակարգի դեպքում ցանկացած թեկնածու անձնական ջանքեր է գործադրելու, որ իր օգտին հավանական ընտրողները գնան տեղամաս եւ քննարկեն: Հիմա, քանի որ այդ մոտիվացիան նվազելու է, վստահ, մասնակցության աստիճանը շատ ավելի ցածր է: Իսկ եթե դա այդպես եղավ, հնարավոր է, որ ընտրողների 20 %-ի վստահության պարագայում, ինչը սոցիոլոգիական հարցումներում մոտ է իրենց՝ Նիկոլ Փաշինյանի,  ներկայիս վարկանիշին, ինքը կստանա ԱԺ 50 %-ից ավելի մանդատներ:

Ավելին ասեմ: Հիմա փոքր-փոքր կուսակցություններ ոգեւորված ուզում են մասնակցել ընտրություններին: Եթե չեմ սխալվում, 13 նոր կուսակցություն հայտ է ներկայացրել: Նրանք, որոնք մասնակցում են ընտրությանը, բայց չեն հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը, նրանց քվեները բաշխվում են շեմը հաղթահարածների միջեւ: Այսինքն, իրականացված ջանքերը, ռեսուրսները, դրամը, ելույթները դառնում են քվե՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Ու իրենք այս մասին շատ լավ գիտեն: Այսինքն, այն ինչ նախատեսվում է հունիսի 20-ին, ոչ թե ընտրություն է, այլ քաղաքական, տեխնոլոգիական արդյունաբերական գործընթաց, որը նպատակ ունի բռնի ճանապարհով զավթել Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

Իսկ թե կազմակերպված այս հանցագործությանը ով մասնակցություն կցուցաբերի, ինչ մասնակցություն կցուցաբերի, կազմակերպված հանցավոր խմբում ով՝ ինչ դեր կստանձնի, ապագայում կերեւա: Մեկը դեր է ստանձնում, որ ինքը չի առաջադրի վարչապետի թեկնածու, մյուսը՝ որ եթե առաջադրվի, չի ընտրի եւ այլն: Սա պայմանավորված գործողությունների հաջորդականություն է: Կազմակերպված հանցավոր խումբը հենց այդպես է լինում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930