Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյան. Կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տղերքի արյունը նրա ձեռքերին է. «Հրապարակ»

Ապրիլ 09,2021 11:41

«Հրապարակը» գրել էր, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմը կուսակցություն է գրանցել, որով էլ մտադիր են մասնակցել առաջիկա հավանական ընտրություններին։ Կուսակցությունը կոչվում է «Իմ Հայաստան», նախագահն է Նարեկ Սամսոնյանը։ Սակայն, մեր տեղեկությամբ, եթե մասնակցեն ընտրություններին, ցուցակը հնարավոր է գլխավորի ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Մինասյանի վաղեմի ընկեր Արա Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ասաց, որ ինքն այդ կուսակցության կազմում չէ, իրենք այս պահին հրապարակման ենթակա այլ որոշում չունեն, քան այն, որը հայտարարվել էր՝ ով Նիկոլին դեմ է, իրենք նրա հետ են։ «Մենք ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ այս ընտրությունները կկայանան։ Ուստի, երբ որ միանշանակ կլինի, որ այս ընտրությունները կկայանան, այդ պահին մենք կկողմնորոշվենք շատ սեղմ ժամկետում, եւ, իհարկե, դուք դրա մասին կիմանաք»,- ասաց Արա Սաղաթելյանը։

– Մենք ունենք տեղեկություն, որ Միքայել Մինասյանը որոշել է մասնակցել ընտրություններին սեփական թիմով եւ միայնակ, ցուցակը կգլխավորեք Դուք, մյուս անդամներն էլ կլինեն Ռուբեն Մխիթարյանը, Ռուբեն Մելիքյանը, Անժելա Էլիբեգովան, Կարեն Բեքարյանը եւ այլք։ 

– Որեւէ ցուցակ գլխավորելու հարց ինձ հետ չի քննարկվել, որեւէ ցուցակի մասին այս պահին քննարկում չկա, առավելապես Նարեկ Սամսոնյանի կուսակցությունը որպես պլատֆորմ օգտագործելու մասին մենք չենք խոսել։

– Իսկ դուք պատրա՞ստ եք Ձեր նշած «կլոունի» հետ գնալ ընտրությունների, Ձեր սրտո՞վ է նրա առաջ քաշած օրակարգը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների մասով, կգնա՞ք ընտրության մի մարդու օրակարգով, որին դավաճան եք անվանում։ 

– Ձեր հարցի ենթատեքստը ես հասկանում եմ։ Բայց եթե չկա փրկության այլ ուղի, ես ընկալում եմ ընտրությունները որպես վերջին քաղաքակիրթ գործիք՝ սրանից ազատվելու։ Ես դեռ հավատում եմ, որ փողոցային պայքարը կարող է տալ արդյունք։ Չնայած որ բազմիցս պնդել եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական մարդ չէ, այսինքն՝ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության ինստիտուտներն իր համար գոյություն չունեն։ Ինքը բնազդներով շարժվող մարդ է, որն իրավիճակային որոշումներ է ընդունում՝ այդ աթոռին իր գտնվելը երկարացնելու համար։

– Իսկ Դուք չե՞ք տեսնում այն ռիսկը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հունիսի 20-ին կեղծիքով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, մարդկանց մանիպուլացնելով կամ դեռեւս ունեցած վստահության հաշվին նորից գալ իշխանության եւ լեգիտիմացնել իր գոյությունը։ 

– Գիտե՞ք, ես անձամբ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի վստահությունը, որովհետեւ ես շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր վստահել եւ հավատացել են, հասկացնել, թե ինչ մեծ սխալ են գործել: Դրա մասին են վկայում վարչական ռեսուրսով մի կերպ կազմակերպվող նրա մարզային այցերը: Ես վստահ եմ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն հասկացել է, որ Նիկոլի հետ ապագա չկա: Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում։ Քաղաքական դիակները մաքսիմում դառնում են քաղաքական խրտվիլակներ, ինչ-որ մեկի ձեռքում կատարում են ինչ-որ ֆունկցիա, հետո նետվում են պատմության աղբանոցը։

– Ձեր նշած այդ «քաղաքական դիակը», սակայն, մինչեւ հիմա շնչում է, նույնիսկ արտաշնչում է։

– Շնչում-արտաշնչում է, դա իր կենդանական բնույթն է․ կարող է շնչել եւ արտաշնչել։ Նա որպես երկրի ղեկավար այլեւս գոյություն չունի, կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տղերքի արյունը նրա ձեռքերին է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930