Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ է ու փակ կմնա այնքան ժամանակ, մինչև վարչապետը Գյումրի չգա»․ գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի շենքը

Ապրիլ 13,2021 18:10

Խծաբերդի հատվածում գերեվարված 54 կամավորագրված զինվորականների հարազատներն այսօր իրենց բողոքն արտահայտեցին՝ Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը փակելով։ Նրանք նշում էին, որ իրենց զավակները սրտանց մեկնել են հայրենիքը պաշտպանելու, սակայն զինվորականների անփույթ վերաբերմունքի պատճառով գերի են ընկել Խծաբերդի հատվածում։

7 ամիս է՝ իրենք դիմում են պետական տարբեր կառույցների, տարբեր պետական պաշտոնյաների։ Հենց Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպել են ՀՀ վարչապետին, բարձրացրել են իրենց խնդիրը, սակայն մինչև օրս ծնողները գտնվում են իրենց բառերով ասած՝ խաբված վիճակում։

«Եթե կա խնդիր, այն միևնույն ժամանակ ունի նաև լուծում, միջազգային օրենքներ են գործում, պատերազմի դադարից անմիջապես հետո են վերադարձվում պատերազմող կողմերի ռազմագերիները։ Հարց է ծագում՝ մեր տղաների վերադարձը ինչի՞ հետ է կապվում, թեև ես տեսականորեն պատկերացնում եմ՝ ինչի հետ է կապվում և այդ մասին ասել եմ մեր հանրապետության վարչապետին՝ մեր պարոն Փաշինյանին այստեղ հանդիպման ժամանակ։ Մեր երեխաները հաստատ որպես առևտրի առարկա են մնացել թուրքի ձեռքում։ Եվ ես հարց տվեցի մեր երկրի ղեկավարին՝ ի՞նչ է ուզում հակառակորդը, որ մենք չունենք տալու, ի՞նչ է ուզում, որ մենք իրեն ասում ենք ՝ դու չես տեսնի այդ բանը մեր կողմից և ինչից ինչքան է ուզում, որ մենք համաձայն չենք տալ։ Մի ժամանակ ասում էին՝ մարդը մարդու հետ է փոխանակվում, բոլորը բոլորի դիմաց, բայց եկավ մի պահ, այդ արտահայտությունը դուրս եկավ արենայից և դարձավ գերիների վերադարձ», -ասաց գերիների հարազատներից մեկը։

Նրանք ասացին, որ իրենց հոգեկանն է խանգարվել, սա մարդուն տրվող ամենադաժան պատիժն է, որի մեջ հայտնվել են և չեն տեսնում ելքը։

Այսօր նրանք հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը, բանախոսի բնութագրմամբ՝ խելացի, թասիբով մարդ է, անպայման ուզում է գործին օգուտ տված լինել, սակայն անհասկանալի է, թե անցած վեց ամիսների հանդիպումները հօդս ցնդեցի՞ն, երբ նորից նամակներ պիտի գրեն միջազգային կառույցներին, ստորագրեն։

«Կարծես նորից զարկ տանք այս գործին, զրոյից պիտի սկսենք»,- ասաց նա։

Նրանք անկեղծացան, որ չեն քաղաքականացրել հարցը, իրենց ինչ ասել են, համբերատար արել են, միայն թե տղաներին վնաս չլինի։

«Չգիտենք՝ ինչո՞ւ են մեզ ասում են հանգիստ նստեք տներդ, որ չխանգարեք երեխաների գործին։ Վերջապես այն, ինչ ասում եմ, սա փաստ է, իրողություն, բոլորս էլ գիտենք՝ համբերության չափ գոյություն ունի, մեր երեխեքի կյանքի հետ են խաղում։ Մենք էլ այսպես հոգեկան ապրումների մեջ՝ արդյոք կտեսնենք մեր երեխաներին։ Այսօր մենք հանրապետության ղեկավարին հենց այս պահին հրավիրում ենք մեր հետ հանդիպման»։

Նրանք ասացին, որ անհապաղ ու խիստ ձևով պարտադրում են իշխանություններին իրենց զավակների հայրենադարձումը։

Նրանք նաև ասացին, որ մարզպետարանի շենքը փակ է և փակ կմնա այնքան ժամանակ, մինչև վարչապետի հետ հանդիպում չլինի ու չհստակեցնեն զավակների հայրենադարձման ժամկետը։

Նրանք նաև պահանջում են Պաշտպանության նախարարի այցը, ըստ նրանց, այս պաշտոնյաները պիտի գան Գյումրի, իրենք Երևան չեն գնա, այլապես ոչ մի քարոզարշավ տեղի չի ունենա Շիրակի մարզում։

Գերիների հարազատները նաև նշում էին, որ գերեվարվածների կամ զոհվածների թվում չկա որևէ պաշտոնյայի երեխա։ Ըստ նրանց, պիտի հետաքննեն, թե ում են զորակոչում։ Նրանց բնութագրմամբ, հիվանդ երեխաների են զորակոչում, որոնց վրա «թոք ու պոչկա չկա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930