Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի գները մարզերում. Հայաստանի որ բնակավայրում են բնակարաններն ամենաէժանը եւ ամենաթանկը

Ապրիլ 21,2021 15:00

Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ համավարակով, պատերազմով ու դրա հետեւանքով պայմանավորված անկում են ապրել, Հայաստանի մարզային բնակավայրերում կան քաղաքներ, որտեղ բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ բարձրացել է:

Այսպես՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության, մարզային բնակավայրերից Ծաղկաձոր քաղաքում անշարժ գույքն ամենաթանկն է: Այստեղ գների անկում նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատությամբ նույնպես եղել է, բայց՝ չնչին: 2021 թվականի փետրվարին Ծաղկաձորում բնակարանի 1 քմ-ի արժեքը կազմել է 282 հազար դրամ, նախորդ տարվա 284 հազար 800 դրամի փոխարեն: Հունվարին, սակայն, 282 հազար 600 դրամ էր: Այսինքն՝ փետրվարին Ծաղկաձորում 200 դրամով քառակուսու արժեքը կրկին բարձրացել է: Ծաղկաձորից հետո Աբովյանն է, որտեղ, սակայն, նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ տները թանկացել են: 2020 թվականի հունվար-փետրվարին Աբովյանում բնակարանի 1 քմ-ի արժեքը 185 հազար դրամ էր, այս տարի՝ 191 հազար: Մինչդեռ Նոր Հաճնում, որտեղ անշարժ գույքի գները վերջին տարիներին մեծ տատանումներ չեն տվել՝ պայմանավորված այդ քաղաքում եղած աշխատատեղերով, այս տարվա փետրվարին, նախորդի համեմատությամբ՝ 1 քառակուսի մետրի արժեքը 8 հազար դրամով նվազել է՝ կազմելով 132 հազար դրամ: Գորիս քաղաքում նույնպես գնանկում եղել է. Այստեղ անշարժ գույքի՝ բնակարանի 1 քմ-ն էժանացել է 8-9 հազար դրամով: Նախորդ տարվա փետրվարին Գորիսում բնակարան կարելի էր ձեռք բերել քառակուսին 148 հազար դրամով: Ի դեպ, Սյունիքի մարզում բնակարաններն ամենաթանկը Գորիսում են: Կապանում՝ 1 քմ-ն 112 հազար դրամ է՝ նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ 3 հազար դրամ էժան, Սիսիանում՝ 80 հազար դրամ: 2020 թվականի փետրվարին Սիսիանում գներն ավելի բարձր էին՝ 1 քմ-ն՝ 89 հազար դրամ: Տների գների քառակուսին 9 հազար դրամով էժանացել է նաեւ Մեղրիում: Այս տարվա փետրվարին այս քաղաքում մեկ քմ-ի արժեքը կազմել է 100 հազար դրամ: Նկատենք, որ Քաջարանում բնակարաններն ավելի թանկ են, քան՝ Սիսիանում: Քաջարանում անցյալ տարվա փետրվարին 1 քմ-ի արժեքը եղել է 101 հազար դրամ, այս տարի՝ 95 հազար դրամ:

Վաղարշապատում, սակայն, բնակարանները թանկացել են՝ 1 քմ-ն անցյալ տարվա փետրվարի համեմատությամբ 4 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 160 հազար դրամ: Արմավիր քաղաքում քառակուսու մեջ տատանումը 800 դրամի է եղել: Անցյալ տարի այստեղ ձմռան առաջին երկու ամիսներին բնակարանի 1 քմ-ն եղել է 109 հազար դրամ: Մեծամորում 2000 դրամով է քառակուսին էժանացել՝ կազմելով 77 հազար դրամ:

Գեղարքունիքի մարզում բնակարաններն ամենաթանկը Մարտունի քաղաքում են: Այստեղ 2021-ին բնակարանի 1 քմ-ի արժեքը եղել է 100 հազար 300 դրամ, անցյալ տարվա փետրվարին՝ 113 հազար: Սեւան քաղաքում՝ հունվարի համեմատությամբ, այս տարվա փետրվարին բնակարանների գները 1000 դրամով բարձրացել են՝ դառնալով 81 հազար դրամ, սակայն գրեթե 8 հազարով նվազել՝ 2020 թվականի փետրվարի համեմատությամբ: Լոռու մարզում անշարժ գույքը, մասնավորապես բնակարանների գները ամենաբարձրը Սպիտակ քաղաքում են: 1 քմ-ն Սպիտակում 87 հազար 500 դրամ է, անցյալ տարվա փետրվարին՝ 96 հազար: Վանաձորում բնակարանի 1 քմ-ն ավելի մատչելի է՝ 81 հազար 500 դրամ: Այս տարվա հունվար ամսվա համեմատությամբ քառակուսու մեջ 500 դրամով Վանաձոր քաղաքում գները բարձրացել են:
Աշտարակում նույնպես տների գներն այս տարի աճել են: Անցյալ տարվա փետրվարին Աշտարակում 1 քմ-ն 128 հազար դրամ է եղել, 2021-ին՝ 132 հազար դրամ: Տների գները Արտաշատում էլ են բարձրացել՝ 8 հազար դրամով՝ 123 հազարից այս տարի դառնալով 131 հազար դրամ:

Մասիսում, սակայն, որն ավելի մոտ է Երեւանին, գնանկում է եղել՝ 130 հազար դրամից մեկ քմ-ն դառնալով 128 հազար դրամ: Արարատ քաղաքում 2 հազար դրամով բարձրացել է: Անցյալ տարվա փետրվարին այստեղ մեկ քմ-ի արժեքը 93 հազար դրամ էր, այս տարի՝ 95 հազար:
Որքան էլ Գյումրին համարվում է երկրորդ մայրաքաղաք, այստեղ տների գները ճիշտ է մեծ տատանումներ չեն ունեցել, բայց բարձր էլ չեն՝ Կապանից, Գորիսից, անգամ Եղեգնաձորից, որտեղ մեկ քմ-ն այս տարի 117 հազար դրամ է, Գյումրիում՝ 103 հազար դրամ: Նախորդ տարվա նշյալ ժամանակաշրջանում Գյումրիում 1 քմ-ն 2 հազար դրամով էլ էժան է եղել:

Ջերմուկ քաղաքում 1 քմ-ն այս տարի 91 հազար դրամ է՝ 7 հազարով էժան՝ քան նախորդ տարի: Դիլիջանում մեկ քմ-ի արժեքը նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ 5 հազար դրամով է էժանացել: Իջանում էլ՝ 8 հազարով է գնանկում եղել՝ 1 քմ-ն այս տարի կազմելով 119 հազար դրամ:

Նոյեմբերյան քաղաքում անցյալ տարվա փետրվարին 1 քմ-ն 77 հազար է եղել, այս տարի 69 հազար դրամ է: Հանրապետությունում բնակարանի 1 քմ-ն ամենաէժանը Լոռու մարզի Թումանյան համայնքում է՝ 20 հազար դրամ: Անցյալ տարի Թումանյանում 24 հազար դրամ էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930