Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը ուզում է պետականացնել այն հողը, որի վրա Բագրատ Սրբազանը բարերարների ներգրավմամբ աշխատատեղեր է ստեղծել

Հուլիս 29,2026 19:20 Share

ՀԿԴ-ում Լիլի Դրմեյանի նախագահությամբ, ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Բագրատ Սրբազանի, «Կոնվերս բանկ» ՓԲԸ՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջելու մասին, նախնական դատական նիստում դատարանը որոշեց, որ ապացուցման բեռը բաշխելու մասով առանձին ակտով որոշում կկայացնի, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 30-ին, ժամը 10։00-ին։

Բագրատ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց հարցի էությունը, ըստ որի՝ 2014 թվականին կառավարության որոշման հիման վրա պաշտպանության նախարարությանը թույլատրվել է գերատեսչության գույքեր օտարել ֆիզիկական անձանց։ ՀՀ ՊՆ-ի ու քաղաքացի Արտյոմ Սմբատյանի միջև նույն թվականի հուլիսի 14-ին կնքվել է պայմանագիր, որով վերջինին վաճառվել է խնդրո առարկա հողակտորը։ Սակայն Արտյոմ Սմբատյանը որոշել է այն վաճառել։ Բայց քանի որ այդ տարածքում գնորդներ շատ չեն եղել, չի կարողացել։ Ավելի ուշ, հաշվի առնելով, որ այնտեղ հոգևոր ծառայության է եկել Բագրատ Սրբազանը, 2017 թվականի հուլիսի 17-ին Արտյոմ Սմբատյանի և Բագրատ Սրբազանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա իրականացվել է Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ համեմատաբար ցածր գնով։

Սրբազանը տարածաշրջանի բնակչության համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով այդ հողի գրավադրմամբ, նաև այլ բարերարների ներգրավումով, կարողացել է մեծ ներդրումներ բերել և հիմնել է արտադրական կոոպերատիվ, որը գործել է մինչև 2020 թվականը, երբ COVID-ի համավարակով պայմանավորված ստիպված են եղել արտադրությունը ժամանակավորապես կասեցնել։

«Դրանից հետո եկավ պատերազմը, հետո էլի ինչ-որ ծանր վիճակներ, և արտադրությունը չի վերագործարկվել։ Սակայն այնտեղ կատարվել են ահռելի ծախսեր, անգամ սառնարանային տնտեսություն էր հիմնվել։ Այսինքն՝ ամեն ինչ պատրաստի կա, որպեսզի համայնքի բնակիչներն ունենան իրենց կարիքները բավարարող արտադրություն և արժանապատիվ աշխատանք։

Սակայն 2023 թվականին դատախազությունը վիճարկել էր գույքի օրինականությունը և որոշել, որ այդ հողատարածքը չի կարող պատկանել Սրբազանին։ Առաջին անգամ, երբ մուտքագրել էին հայցադիմումը, վիճարկում էին այս գործարքների շղթան, որ ի սկզբանե չէր կարելի, որպեսզի ՊՆ-ն այդ հողն օտարեր Արտյոմ Սմբատյանին, և, չվիճարկելով, որ այս պարագայում Բագրատ Սրբազանը հանդես է գալիս որպես բարեխիղճ ձեռքբերող, որպես հետևանք ասում էին՝ գույքը հետ բերենք Բագրատ Սրբազանից։

Բայց քանի որ հիմքերը կային, և կարճ էր ճանապարհը, մենք հասկացանք, որ առհասարակ քաղաքացիական շրջանառության տրամաբանությունից իրենք սպառել են բոլոր ժամկետները։ Միջնորդեցինք, որպեսզի գործը կարճվի և հայցը մերժվի հայցային վաղեմությունը սպառելու հիմքով, ինչը ՀԿԴ-ի կողմից բավարարվեց։ Դատախազությունը չհամաձայնեց և որոշումը բողոքարկեց։ Բայց հասկացավ, որ միևնույն է, այս գործը տանուլ է տալու, և վերաքննիչ դատարանն էլ է մերժելու, նույն բանի մասին, սակայն արդեն լրիվ այլ հիմքով հայց հարուցեց՝ ունեզրկելու մասին։ Այսինքն՝ նշանակություն չունի, ինչ ուզում եք արեք, այդ հողը այլևս չպետք է պատկանի Բագրատ Սրբազանին։

Ու այս գործի շրջանակներում բերում են, ըստ էության, այնպիսի փաստարկներ, որոնք տրամաբանորեն հակասում են նախորդ գործում իրենց բերած փաստարկներին։ Մեր առարկությունները ներկայացված են՝ այն հիմքերը, որոնք բերում են, կիրառելի չեն, որովհետև չեն կարգավորում բարեխիղճ ձեռք բերողի իրավունքները։ Դատարանին էլ ցույց ենք տալիս, թե ինչով է պայմանավորված այդ բարեխղճությունը։ Եթե մարդը գույքը ձեռք է բերել ֆիզիկական անձից, նոտարը վավերացրել է, պետությունը գրանցել է, հետո էլ համայնքը տվել է տեղեկանք, որ այդ հողը օրինականության խնդիր չունի, ինչպես կարող էր Բագրատ Սրբազանը իմանալ, որ ինչ-որ ժամանակ, երբ պետությունը օտարում էր, ինչ-որ մի գործընթաց սխալ է արել, թերացել է։

Սա աբսուրդ է, կրկնում եմ, միտումն է, որ կարելի է «Սրբազան պայքարի», Բագրատ Սրբազանի և առհասարակ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվող ցանկացած անձի նկատմամբ արձանագրել, որ բոլոր հնարավոր ենթադրյալ հիմքերով ու միջոցներով հետապնդելու են»,- ասաց փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել