Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն այցելել են Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք

Ապրիլ 30,2021 18:25

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։ Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։ Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքում գործող ՏՏ մի շարք ընկերությունների ծրագրերին և գործունեության պայմաններին, որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրական է համարել Իննոպոլիսում ստեղծված տեխնոլոգիական միջավայրը՝ նշելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտը դինամիկ զարգանում է, և կառավարությունը շահագրգռված է ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների շարունակական բարելավմամբ։  Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իննոպոլիսի հետ փորձի փոխանակումը՝ որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաջող օրինակ։

Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930