Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մենք հայ ենք, եւ պետք չէ մեզ կցել խոշոր հանրույթներից որեւէ մեկին»

Մայիս 10,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

«Հիմա՝ Հադրութը զիջեցինք, Քաշաթաղը, Քարվաճառը, Աղդամը… բայց դրան վերջ չկա, ուրեմն անընդհատ պիտի զիջենք: Իսկ պետությունը կառուցվում է չզիջելով: «Ոչ մի թիզը» հենց էնպես ասված չի. դու չպիտի զիջես քո հողը, արժեքները, ինքնությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995թթ. ԳԽ եւ 2000-2005թթ. Արցախի խորհրդարանի պատգամավոր
Տիգրան Կյուրեղյանը:

– Մեր ներքին խառնաշփոթի եւ չկողմնորոշվածության ֆոնին բավական ուշագրավ արտաքին զարգացումներ եւ վերադասավորումներ են գնում` Իրան-Հնդկաստան-Չինաստան նոր աշխարհաքաղաքական կենտրոն է կարծես ձեւավորվում, որը տարածաշրջանում հավանաբար լուրջ հավակնություններ կդրսեւորի, ԱՄՆ-ն է վերադառնում տարածաշրջան, ՌԴ-ի դիրքերն են թուլանում, թուրքական ազդեցությունն է մեծանում եւ այլն. մենք կկարողանա՞նք հաջողել, թե մանրադրամ կդառնանք:

– Անընդհատ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք եւ այլ տարանցիկ ճանապարհների մասին են խոսում, անկեղծ ասած, ես միշտ դեմ եմ եղել, որ Հայաստանն իրեն դարձնի տարանցիկ երկիր եւ դրանից փորձի մի բան շահել: Ոչ մի տարանցիկ երկիր որեւէ բան չի կարող շահել: Շահում են միայն այն երկրները, որոնք արտադրում են ինչ-որ մի բան, որ ուրիշները ստիպված լինեն ճանապարհ բացել դեպի այդ երկիր, որովհետեւ պետք է այդ երկիրը` արտադրանքը տանելու, իբրեւ զբոսաշրջիկ գնալու համար: Մենք կարող ենք արտահանել ոչ միայն մեր արտադրանքը, այլ նաեւ մեր մշակույթը, մեր ապրելակերպը: Մենք մեզնից պետք է արժեք ներկայացնենք, եթե արժեք չենք ներկայացնում, կներեք, բայց մեր տարածքում գտվող հասարակաց տները կսպասարկեն հնդիկներին, չինացիներին, թուրքերին, ռուսներին կամ այլոց` ոչ մի տարբերություն:

Մենք առաջին հերթին միտք պետք է արտադրենք, քաղաքակրթական արժեքներ ստեղծենք, երկրագնդի համար լուծումներ կարողանանք առաջարկել, իբրեւ պետություն: Նման մասշտաբի քաղաքական դեմք Հայաստանում, ցավոք, չեղավ: Նիկոլն էլ ամենացածր մակարդակն է:

Բոլորն էլ մեզ, որպես ազգի, պետության եւ հասարակության ներշնչում էին, որ` «դե պիտի յոլա գնանք, գոյատեւենք»: Բայց աշխարհաքաղաքականության կարեւորագույն օրենքներից մեկն էլ նա է, որ եթե ինչ-որ մեկին չես «ուտում», քեզ են «ուտում»: Պետությունները պետք է անընդհատ էքսպանսիա անեն` տնտեսական, մշակութային, ֆինանսական, եթե հնարավոր է` նաեւ տարածքային, այլապես, իրենք դառնում են էքսպանսիայի զոհ:

– Ժամանակին Վազգեն Մանուկյանն առաջարկում էր գաղափար` հայերի համաշխարհային ազգ լինելու մասին: Վերջերս էլ հայտարարեց, որ իր եւ Տեր-Պետրոսյանի այդ բանավեճում իր վերջին խոսքն ինքը դեռ չի ասել:

– Վերջին իրադարձություններին չեմ հետեւել, բայց Վազգեն Մանուկյանը գոնե թե ինչ-որ առումով երազող էր, մեծ նպատակ ուներ, այդ նպատակը չունենալը բերում է նման անիմաստ վիճակների: Հրեաներն, օրինակ, երկու հազար տարի, իրարից բաժանվելուց անընդհատ ասում էին` «գալ տարի` Երուսաղեմում», մինչեւ հասան դրան: Ճիշտ է, այն սերունդը, որ դա ասում էր, չհասավ, բայց հասան: Եթե դու նպատակ չես ունենում, դու ոչ մի տեղ էլ չես գնում: Վերջն այն լուսավոր նպատակն է, դեպի որը գնում ես, այլապես դառնում ես կենսաբանական նյութ` այլ ազգերին սնուցելու համար. դառնում ես ռուսաստանցի, եվրոպացի, ամերիկացի: Ու հայերը վատ էլ նյութ չեն` բանակի գեներալներ, քաղաքական գործիչներ, ֆինանսիստներ, բանտերում էլ կան, խնդիրն այդ չէ. սոցիալական բաշխվածությունն առկա է: Հարցն այն է, որ մենք մերը չենք ստեղծում եւ մենք ենք կորցնում, մեր ինքնությունն ենք կորցնում: Չգիտեմ, մեր ինքնությունը պահելը կարող է ինչ-որ մարդկանց համար նպատակ չէ, բայց ես ինձ հարմարավետ եմ զգում հայ լինելով. դա ես չեմ ընտրել, դա ի վերուստ տրված իրականություն է, ես հայ եմ ծնվել եւ ես չեմ ուզում հրաժարվել իմ ինքնությունից:

Զարմանալի բան է մեր խաղաղասիրական մարմաջը` հատկապես երիտասարդների շրջանում: Խաղաղությունից ենք խոսում, բայց գիտե՞նք թուրքն ինչից է խոսում: Դու չես կարող թուրքի հետ խաղաղ լինել, որովհետեւ ինքը չի ուզում: Կոնֆլիկտը շարունակվում է, Ալիեւը Սյունիքի մասով հավակնություններ է դրսեւորում եւ պատերազմը հնարավոր է, անխուսափելի է. հիմա մենք դրան կդիմագրավենք ռուսների հետ դաշինքով, թե ռուսները մեզ «կծախեն»՝ կկորցնենք, թե ամերիկացիների հետ դաշինքով մի բան կանենք, թե մինչեւ վերջ, մինչեւ վերջին մարդը կկռվենք եւ կվերանանք իբրեւ պետություն, բայց չպիտի զիջենք: Հիմա` Հադրութը զիջեցինք, Քաշաթաղը, Քարվաճառը, Աղդամը… բայց դրան վերջ չկա, ուրեմն անընդհատ պիտի զիջենք: Իսկ պետությունը կառուցվում է չզիջելով: «Ոչ մի թիզը» հենց էնպես ասված չի. դու չպիտի զիջես քո հողը, արժեքները, ինքնությունը: Որեւէ բան չպիտի զիջես, որպեսզի պետություն դառնաս: Իսկ պետություն դառնալը մեզ է պետք, մեր սերունդներին է պետք: Հա, լավ պետություններ կան: Օրինակ, Կանադայում կարելի է գնալ եւ շատ լավ ապրել, բայց կանադացիներն իրենց լավ պետությունն իրենց համար են սարքել եւ դու այնտեղ պիտի կանադացի դառնաս:

– Իբրեւ պետություն, Հայաստանն աշխարհաքաղաքական առումով ի՞նչ դիրքավորում պետք է ընդունի. մենք եվրոպակա՞ն պետություն ենք մեզ տեսնում, մերձավորարեւելյա՞ն, ասիակա՞ն, թե՞, գուցե, այլ դիրքավորմամբ:

– Պատմական եւ աշխարհագրական իրողությունների մեջ ձեւավորվելով` ազգը ձեռք է բերել որոշակի հատկություններ, որոնք բնորոշ են հենց այդ տեղի ապրողներին: Հարցն այն է, որ մեր տեղը որոշված է եւ փորձել դրան դիմագրավել եւ համարել, որ Եվրոպայի մաս ենք, մարդիկ կան, որ ասում են` եվրոպական արժեքներ կրող ենք, մարդիկ կան, որոնք նույնիսկ ասում են, թե եվրոպական արժեքները ստեղծողն ենք, մարդիկ կան ասում են` մերձավորարեւելյան մշակույթի կրող ենք, մի կարճ ընթացք էլ` 70 տարի, մեզ համոզում էին, որ սովետական ժողովուրդ ենք: Մենք, կարծում եմ, պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մենք հայ ենք, պարզապես հայ եւ պետք չէ մեզ կցել խոշոր հանրույթներից որեւէ մեկին: Մենք հայ ենք եւ դրանով ենք առանձնանում: Կարծում եմ, որ հայությունն ունի այն ներուժը, որ այստեղ ինքնահաստատվի իբրեւ հայ, այլ ոչ թե ՌԴ-ի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Իրանի կամ մեկ այլ պետության կցորդ:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31