Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Ժողովրդին հուզող հարցերը պետք է մարվեն մինչեւ ընտրությունները »

Մայիս 19,2021 20:15

Հանրապետական կուսակցության երբեմնի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Aravot.am-ի հարցին, թե հիմա ինքն ի՞նչ քաղաքական ուժ է ներկայացնում, պատասխանեց, որ մոտ 10 օր է, ինչ գրանցել են «Կայունություն» անունով նոր կուսակցություն, սակայն ժամանակի սղության ու այլ օբյեկտիվ պատճառներով խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ շատ բան չեն կարող անել: Նա այսօրվա բանավեճում խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջնային կարեւորության մասին:

«Այսօր խնդիրները շատ են ու բազմաբնույթ, բայց դրանք լուծելու համար պիտի լինեն ընտրություններ: Այսօր ժողովուրդը հուսահատ է, չի հավատում ոչ իշխանությանը, ոչ քաղաքական ուժերին: Եվ դա բնական է: Կրելով պարտություն՝ տեղի է ունեցել մի բան, որը շատերի մտքով չէր անցնի: Մենք ապատիայի մեջ ենք, ժողովուրդը հուսահատ է: Բայց պոտենցիալ կա միավորվելու, խնդիրները լուծելու: Դա ես համարում եմ գալիք ընտրությունները, որոնք կարող են շատ վատ ազդել ներքաղաքական ամբողջ պրոցեսի վրա եւ շատ լավ ազդել: Այ, սա կախված է քաղաքական ուժերից: Ով է մեղավոր, ով մեղավոր չէ, դրա մասին շատ է խոսվել, իրար շատ ենք քննադատել: Շատ հարցեր կան, որ այսօր ժողովրդին հուզում են: Մինչեւ ընտրությունները եւ կառավարությունը, Փաշինյանը եւ այն ուժերը, որ մեղադրում են, պիտի հարցերի պատասխանեն: Եթե մեղադրում եք, ուրեմն՝ հիմնավորեք: Եթե մեղավոր չենք, ուրեմն ապացուցենք, որ մեղավոր չենք: Ժողովրդին հուզող հարցերը պետք է մարվեն մինչեւ ընտրությունները: Միայն այդ դեպքում մարդիկ կհավատան: Ընտրությունները պետք է անցնեն ժողովրդի համար ընդունելի, այնպիսի ձեւով, որ ժողովուրդը բավարարվի՝ չլինեն ընտրակեղծիքներ, չօգտագործվեն վարչական լծակները, ընտրակաշառք չբաժանվի եւ այլն: Ընտրությունները պետք է անցնեն ազնիվ, արդար: Դրանից են կախված բոլոր արտաքին եւ ներքին խնդիրների լուծումները: Ժողովուրդը պետք է տեսնի, թե ով ով է եւ հավատա»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31