Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՊ-ը տեսականորեն կարող է դիմել ՍԴ և հենց այն հիմքով, որ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները չի կարող կատարել Նիկոլ Փաշինյանը, դա ՍԴ քննության առարկա դարձնել». Արա Զոհրաբյան

Մայիս 22,2021 20:53

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրել՝ այն էլ գաղտնիության պայմաններում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը թափուր է մնում»,-  Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի («5165» շարժում, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն) հրավիրած շտապ հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը վրդովված է՝ Նիկոլ Փաշինյանն այնպիսի փաստարկներ է բերում՝ Ադրբեջանի շահը պաշտպանելով, որ նույնիսկ Ալիևի մտքով չէր անցնի. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հղում էր անում վարչատարածքային միավորի բաժանման մասին օրենքին ու ասում, որ դրանով արդեն սահման եք ընդունել՝ էլի սլաքն ուղղելով նախկիններին: Ալիևի ողջ իրավաբանական թիմը նման տաղանդ չէր ունենա այդ օրենքի դրույթը գտնել ու մատուցել Հայաստանին: Բայց նրանք ունեն Նիկոլ Փաշինյան: Նիկոլ Փաշինյանի վարքագիծը բերում է  ադրբեջանական դիրքերի առավելությանը»:

Նա, փաստելով, որ ՀՀ նախագահը 2021-ի ապրիլի 25-ին կայացրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին, պարզաբանեց. «Սա նշանակում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և որպես հետևանք կառավարությունը համարվում է հրաժարական տված: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող էր ապրիլի 25-ից հետո՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար գործել: Քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, որովհետև կորցրել է ժողովրդի վստահությունը՝ չունի լեգիտիմություն: Այս պայմաններում, երբ չկա վստահություն, երբ չունի լեգիտիմություն, փորձում է ՀՀ կենսական շահերի համար կարևոր որոշում կայացնել այդ թույլ կարգավիճակում՝ մեր անունից»:

Նա առաջարկեց իրավական և քաղաքական լուծումներ. «ՄԻՊ-ը կարող է դիմել ՍԴ՝ վարչապետի ընդունած նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով: Այս ընթացքում՝ ապրիլի 25-ից մինչև այսօր, վարչապետի պաշտոնակատարը մայիսի 10-ին ընդունել է նորմատիվ իրավական ակտ: ՄԻՊ-ը տեսականորեն կարող է դիմել ՍԴ և հենց այն հիմքով, որ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները չի կարող կատարել Նիկոլ Փաշինյանը, վիճարկել, ՍԴ քննության առարկա դարձնել: Սա առաջին իրավական ճանապարհն է: Երկուշաբթի պաշտոնապես նման խնդրանք կներկայացնենք ՄԻՊ-ին»:

Արա Զոհրաբյանը նաև ներկայացրեց, թե ինչ մեխանիզմն է նախատեսում ՀՀ Քրեական օրենսգիրքը. «ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի երկրորդ մասը՝ իշխանությունը պահելը, ՀՀ նախագահի, պատգամավորի, վարչապետի լիազորությունների ավարտից հետո, այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո շարունակում է վարչապետի լիազորություններն իրականացնել՝ իր լիազորությունների ավարտից հետո, կատարել է քրեորեն արգելված արարք: Իրազեկենք ՌԴ-ի և Ադրբեջանի իշխանություններին, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները: Վարչապետի պաշտոնակատարի անունից ստորագրված որևէ փաստաթուղթ այս ընթացքում չի ունենալու իրավասություն, քանի որ այդ պաշտոնը թափուր է և հիմք չի ընդունվում հանրության կողմից»:

Արա Զոհրաբյանը հայտնեց՝ երկուշաբթի նաև ներկայացնելու են հանցագործության մասին հաղորդում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31