Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ի անդրադարձը հանրային հեռուստաընկերության կողմից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների տեսահոլովակների ցուցադրման վերաբերյալ հարցմանը

Հունիս 14,2021 23:59

Ներկայացնում Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից 2021 թվականի հունիսի 12-ով թվագրված (Հանձնաժողով մուտքագրված` հունիսի 13-ին) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության տեսահոլովակները հեռարձակելու վերաբերյալ հարցման պատասխանը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է: Ուստի, գրությանը կցված տեսահոլովակների նկատմամբ զտման, խմբագրման, միջամտության գործընթացը կարող է իր մեջ պարունակել գրաքննության տարրեր, ինչն արգելված է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հաշվի առնելով նման հեռանկարը՝ հորդորում եմ ձեռնպահ մնալ և իրականացնել Ձեր ստանձնած պայմանագրային պարտավորությունները։

Ձեր կողմից կատարված հետևյալ հարցադրմանը՝ «(…) արդյո՞ք «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն պարտավոր է հեռարձակել կուսակցությունների և դաշինքների այն տեսահոլովակները, որոնք ակնհայտորեն ունեն վիրավորական, զրպարտչական, այլ անձանց իրավունքները խախտող, ատելության խոսք տարածող կամ այլ՝ բարեւարքության ակնհայտ կանոններին հակասող բնույթ՝ ցանկանում եմ հայտնել հետևյալը, որ ատելության խոսքի, վիրավորանքի և բարեւարքության ընդունված նորմերը խախտող որևէ արտադրանք հեռարձակելը առհասարակ խրախուսելի չէ, առավել ևս նախընտրական քարոզչության ընթացքում, երբ ողջ գործընթացը գտնվում է յուրաքանչյուր մարդու ուշադրության կենտրոնում, ավելին՝ կան դեպքեր, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Սակայն, բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատակաները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության գործընթացի իրականացման, լուսաբանման վերաբերյալ տրված չափորոշիչներին, եթե այդպիսիք առկա են։ Ավելին, հաշվի առնելով Հանրային հեռարձակողի ու կուսակցությունների և/կամ կուսակցությունների դաշինքների միջև գործող պայմանագրային հարաբերությունները՝ կոչ եմ անում պահպանել պայմանագրային պարտավորությունները, որոնք վստահաբար չեն հակասի ոլորտը կարգավորող օրենսդրությանը։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8–րդ հոդվածը նախատեսում է վիրավորանքի, զրպարտության և այլ իրավունքներ խախտող փաստացի անճշտությունների վերացման գործիքակազմը, որը կարգավորվում է նաև Օրենքի 7–րդ հոդվածի 1–ին մասի պահանջներով։ Նշված իրավական դրույթների վերաբերյալ իր իրավական մեկնաբանությունը և դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն:

Օրենքի 17–րդ հոդվածը սահմանում է․ «1. Արգելվում է Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտելը: 2. Պետական իշխանության մարմինները կարող են Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտել միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում»:

Հաշվի առնելով վկայակոչված նորմը, ցանկանում եմ հայտնել հետեւյալը՝

Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում «Հանրային հեռուստաընկերության» ու կուսակցությունների և/կամ կուսակցությունների դաշինքների միջեւ կնքվում է պայմանագիր՝ նախընտրական քարոզչության լուսաբանման վերաբերյալ, ապա սույն համատեքստում գտնում եմ, որ եթե այնուամենայնիվ առկա է վիճելի իրավիճակ՝ ատելության խոսքին, վիրավորանքին և այլոց իրավունքները խախտելուն իրավական գնահատական տալուն, ապա անհրաժեշտ է դիմել Դատարան՝ նման իրավական գնահատական ստանալու համար, ինչպես նաև զուգահեռաբար շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները։

Օրենքի 23–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է: Օրենքի 27–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին և 9–րդ կետերը սահմանում են․ «խորհուրդը՝ 1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը և տեսալսողական ծրագրերի թիվը. 9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը»։

Հաշվի առնելով վկայակոչված նորմը՝ ցանկանում եմ հայտնել հետևյալը.

Հանրային հեռարձակողի Խորհուրդը՝ որպես կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող ինքնավար մարմին, պետք է կամ ցանկալի է, որպեսզի սահմանի այն չափորոշիչները, ուղենիշները, որոնց առաջնորդվելով, Հանրային հեռուստաընկերությունը այս կամ այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց հետ կարող է մտնել պայմանագրային հարաբերությունների մեջ՝ մատուցելով համապատասխան ծառայություններ։

«ՀՀ  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի 12–րդ կետի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանումը։

Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ Հանրային հեռարձակողը նախընտրական քարոզչության իրականացման ժամանակ անվճար և վճարովի եթերաժամը տրամադրում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։ Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իրավասու չէ միջամտել Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակմանը և միայն վերահսկում է նախընտրական քարոզչության կարգի պահպանմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր ընկերությունը հանդիսանում է նաև ԶԼՄ–ների դիտորդ մարմնի անդամ և վերջինիս կողմից 15.05.2021թ–ի ընդունվել է ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրությունների լուսաբանման հուշագիր՝ ուստի կարող եք առաջնորդվել նաև տվյալ հուշագրի կարգավորումներով, ինչպես նաև  ԶԼՄ–ների դիտորդ մարմնի քննարկման առարկա դարձնել Ձեր կողմից բարձրացրած հարցերը։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930