Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ փաստաթղթում ասված է, որ ճանապարհ պիտի լինի Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանին ճանապարհ տալու համար». Փաշինյան

Հունիս 15,2021 23:40

«Այդ գործազուրկը ինչ-որ գործեր է բաժանում: Հեսա կասի՝ Սերժ Սարգսյանին ինչ գործ է տալու, Վանեցյանին ինչ գործ է տալու: Դուք ՀՀ-ում այլեւս երբեք գործ տալու հնարավորություն չեք ունենալու: Այդ ե՛ս եմ ձեզ բոլորիդ գործ տալու: Գիտե՞ք ինչ գործ: Որ ասում եք՝ կրելու ենք, կրելու ենք, դուք քյարփինջ՝ աղյուս եք կրելու Հայաստանում կառուցվելիք 500 մանկապարտեզի, 300 դպրոցի, 2600 կմ ճանապարհի համար»,- այսօր Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անցում կատարեց արտաքին քաղաքականությանը. «Լեգենդներ են պատմում, թե ոնց եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ուղիղ պատասխանն էր 44-օրյա պատերազմի, որովհետեւ մենք անընդհատ մոռանում ենք, որ միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ ենք կռվել: Ադրբեջանից հնչող ագրեսիվ քաղաքականությանը մենք պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր ԶՈՒ-ն, լրջորեն խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ շարունակելով մեր ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին, որպեսզի մեր երկրի անվտանգությունը ու խաղաղությունը մեր երկրի շուրջ ապահովենք»:

Նա ասաց, որ պատերազմի մեկնարկից առաջ հնարավոր չէր դա անել պարզ պատճառով. «Միջազգային հանրությունը մեզ 2018 թվականին ասում էր՝ եղբա՛յր, դուք եք ասել, որ այն, ինչ դուք կոչում եք անվտանգության գոտի ու այն, ինչ ԼՂ սահմանադրությամբ ԼՂ իրավազորության ներքո է, դուք եք ասել դեռեւս 2000-ականներին ձեր երկրի, Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի բերանով, որ դրանք օկուպացված տարածքներ են եւ դուք դա պետք է վերադարձնեք: Մենք ասում էինք՝ բա Ղարաբաղի կարգավիճակը: Ասում էին՝ եղբա՛յր, դուք եք 1999-ին գնացել կողմ եք քվեարկել Ստամբուլում ընդունված Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ արձանագրել եք, կողմ եք քվեարկել, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում, ի՞նչ կարգավիճակ: Ավելին, դուք 1998-ին ԼՂ-ին զրկել եք Հայաստանի ղեկավարի որոշմամբ բանակցային կողմի կարգավիճակից ու դրանից հետո արձանագրել եք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի տարածքների փոխանակման տրամաբանության մեջ: Դուք եք բանակցային բովանդակության մաս համաձայնել դարձնել, որ Մեղրին պետք է 60 օրվա մեջ տալ Ադրբեջանին, որ Ղարաբաղը, Շուշիի շրջանը եւ Լաչինը՝ Հայաստանին: Այսինքն, հարց է՝ այդ ի՞նչ ինքնորոշում եք ասում, այդ ի՞նչ ինքնորոշման իրավունք եք ասում»:

Փաշինյանը, վստահեցնելով, որ Քոչարյանն ուզել է Մեղրին տալ, վկայակոչեց երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին, ՊՆ ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանին, Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին. «Դրա մասին վկայում է Վազգեն Սարգսյանը, որը 1999-ի օգոստոսին այցելել է Մեղրի եւ արել է հետեւյալ հայտարարությունը՝ աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Ասել, ասում եմ՝Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած այլ բան: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերելով: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սո՛ւտ է, մեծ համաշխարհային սուտ: Նախ չեն տա, հազար ու մի ձեւ կա չտալու, Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Ձեզ զգուշացնում եմ, Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում»:

Փաշինյանն ընդգծեց, որ սա Վազգեն Սարգսյանի վկայությունն է ու իր կառավարության քաղաքականությունը Սյունիքում ու Մեղրիում լինելու է հենց Վազգեն Սարգսյանի ասածը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիրները կրկնակի դավաճան են, եթե համարում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դավաճանական ու իրենք չեն գալիս չեղարկել այն, տեր են կանգնելու դավաճանությանը: Նա հորդորեց, որ սյունեցիները ադրբեջանական սադրանքներին չտրվեն. «Այդ փաստաթղթում ո՛չ Մեղրի, ո՛չ Զանգեզուր, ո՛չ միջանցք բառ չկա: Ասված է, որ ճանապարհ պիտի լինի Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանին ճանապարհ տալու համար: Իմիջիայլոց, այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ: Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է նշանակում այդ կետը, կարդացեք հունվարի 11-ի հայտարարությունը, փայլուն հայտարարություն, որը լիարժեք համապատասխանում է մեր շահերին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի արեւմտյան շրջաններին, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, որը Սյունիքից գտնվում է շատ հեռու: Բայց մենք, ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը, որովհետեւ դա ինչքան Ադրբեջանին է պետք, այնքան մեզ է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930