Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում եմ բանավեճի. հույս ունեմ այնտեղ տեսնել յաթաղան պտտողներին». Փաշինյան

Հունիս 17,2021 21:45

«Ոչ մի քվե մերժվածներին, ոչ մի քվե մերժվողներին, ոչ մի քվե պատվից խոսացող անպատիվներին, ոչ մի քվե նրանց սպասարկող արբանյակներին»,- այսօր Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հորդորեց ՔՊ նախընտրական շտաբի պետը՝ Սուրեն Պապիկյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո գնալու է ԱԺ արտահերթ ընտրությունների բանավեճին մասնակցելու. «Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ խոսացողներին, յաթաղան պտտողներին: Եկեք եւ ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ ի ցույց դնենք, թե ով ով է, ով որտեղից է գալիս եւ ուր է գնում»:

Փաշինյանը նաեւ ամփոփելով քարոզարշավը, ասաց, որ այս ընթացքում շրջել են հանրապետության բոլոր անկյուններում, բոլոր մարզերում, հանդիպումներ են ունեցել բոլոր մարզերի 75 բնակավայրերում, ներառյալ՝ Երեւանում: Սովորաբար, ըստ նրա, նախընտրական քարոզարշավը սկսում են ոգեւորված եւ ավարտում հյուծված, որովհետեւ հոգնեցուցիչ է, բայց իրենց համար հակառակն է եղել. նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին իրենց համար, անեծքների, հոխորտանքների, դավաճանությունների շարքից խոցոտված դուրս են եկել քարոզարշավի ու ժողովուրդն ընդունել է իրենց՝ ինչպես պանդխտությունից կամ գերությունից վերադարձածն հարազատին են ընդունում. «Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես: Հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման: Հազարավոր քույրեր մեզ թեւ տվեցին հարազատ քրոջ պես: Հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան՝ հարազատ եղբոր նման: Հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգեւեցին՝ հարազատ զավակի նման: Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց եւ ուժ տվեց, վստահություն ու սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաստանի առաջնորդությունը: Հիմա մնացել է այս դե ֆակտո իրողությունը արձանագրել նաեւ դե յուրե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930