Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիից Դիլիջան տեղափոխված ընտանիքը ցանկություն ունի մշտական բնակություն հաստատել Դիլիջանում

Հունիս 27,2021 17:37

Ծննդով Շուշիից Սլավա Սարգսյանի ընտանիքի մեծ մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ապրել Ստեփանակերտում, իսկ ինքն իր կնոջ, 3-րդ կարգի հաշմանդամ փոքր տղայի և միակողմանի ծնողազուրկ  թոռնիկի հետ միասին արդեն կես տարի է՝ բնակվում է Դիլիջանում։ Սկզբում ընտանիքը ապաստանել է Դիլիջանի մանկական առողջարանում, իսկ մի քանի շաբաթ առաջ տեղափոխվել է վարձով բնակարան։

Ասում է՝ Շուշիի իրենց տանից ոչինչ չեն վերցրել, որովհետև վստահ էին, որ կվերադառնան։ Միակ ունեցվածքը բեկորներից վնասված մեքենան է․

«Մեզ ասեցին հինգ օրով դուրս եկեք, հետո կվերադառնաք, բայց տեսանք ինչ եղավ։ Մեքենայով պատերազմի ընթացքում զինվորներին օգնել ենք՝ տղաս զինվորական պահեստում էր աշխատում։ Էս մեքենայից բան չէր մնացել, Երևանում են վերանորոգել։ Մենք Շուշիից հոկտեմբերի 30-ին ենք դուրս եկել, դրանից 3 օր անց Շուշին փակվել է»,- մեզ հետ զրույցում պատմել է Սարգսյանը։

Սլավան պատմում է, որ Դիլիջանում իրենց լավ են նայում և մեծ հաճույքով այստեղ կապրեր․

«Մենք էլ չենք ուզում վերադառնալ Արցախ, էսքան պատերազմ տեսանք, էլ չենք ուզում հետ գնալ, թոռնիկս էլ է վախենում, ասում է ՝ դեդո, էնտեղ պատերազմ է։ Ես մեծ հաճույքով կմնամ և Դիլիջանում կապրեմ, եթե մեզ այստեղ փոքրիկ բնակարան տան, թեկուզ չվերանորոգած։ Ես այստեղ կապրեմ, իմ ձեռքով կսարքեմ։ Հայաստանը ես շատ եմ սիրում և միշտ էլ ցանկություն եղել է այստեղ ապրելու, բայց  եթե էստեղ չտան Ստեփանակերտում տուն տան, պտի գնամ, ինչ անեմ, բայց դեռ ոչ մի հույս չունենք, որ տուն կունենանք։ Բոլորը խոսում են՝ ասում են կլինի տուն, բայց ո՞ւր է, վարձով ենք ապրում։ Գնացինք Արցախ, ասում են նոր շենքերը կկառուցվեն, էնտեղ ձեզ տուն կտանք, բայց ես դրան չեմ էլ հավատում։ Տղաս 3-րդ կարգի հաշմանդամ է,  երեք անգամ փորձել է Արայիկ Հարությունյանին հանդիպել, բայց ոչ մի անգամ տեղում չի եղել»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930