Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն ընթացիկ շաբաթում․ «Հենակետի» ամփոփումը

Հուլիս 11,2021 17:15

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում ամենաշատ քննարկված թեման Արցախի նախագահ Ա․Հարությունյանի կողմից նախկին ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին «Արիության» մեդալով պարգևատրելու մասին լուրն էր: Նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, սակայն թե ո՞ր սխրանքի համար է վերջինս պարգևատրվել նման բարձր պարգևով, նախագահի խոսնակը ասել է, թե կոնկրետություն նշել չի կարող։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի 12-րդ օրը Արգիշտի Քյարամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնից, իսկ այնուհետև պատերազմի ընթացքում վերջինս գտնվել է Արցախում և եղել է նաև Շուշիում։

Շաբաթվա ընթացքում համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգով կրակում Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այդ երկրի հսկողության տակ անցած Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա։ Երևում է նաև, որ Հադրութի ազատագրությանը նվիրված հուշահամալիրը պղծված է՝ պատված է ադրբեջանալեզու գրություններով։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի քանի տասնյակ նմանօրինակ տեսանյութեր են հայտնվել համացանցում։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տվյալներ է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած ԱՀ քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։ Այդ տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ԼՂ տարածքում խնդիրների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ է անցկացնում խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու սցենարով:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հուլիսի 6-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ռամկավար ազատական կուսակցության» պատվիրակությանը՝ Հ․Անդրեասյանի գլխավորությամբ։

Նույն օրը Ա․ Հարությունյանը ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը։

Օրվա ընթացքում Ա․ Հարությունյանը հրավիրել է նաև ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։

Հարությունյանը հայտարարել է, որ (2020-ի պատերազմի ժամանակ) զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական ծրագրից չեն օգտվելու։

Հուլիսի 7-ին ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին:

Հուլիսի 9-ին ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվել է Թվայնացման խորհուրդ։ Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև Թվայնացման խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1598 աճյուն:

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կապված չէ ԼՂ հակամարտության հետ։ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է նպաստել ԼՂ-ում խաղաղ կյանքի հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

«ՀԵՆԱԿԵՏ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031