Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորների հնարավոր ծախսերի չափի ավելացումը պատշաճ հետազոտված և ուսումնասիրված չէ». ուղերձ Ազգային ժողովին

Հուլիս 19,2021 17:58

ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը հնգապատկվել է եւ նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ:

Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ եւ ըստ այդմ՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների եւ լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս եւ քաղաքացիներս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.

Ա.
Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացումը (ինչպես եւ նախկինում նախատեսված 50.000 դրամ գումարը) պատշաճ հետազոտված եւ ուսումնասիրված չէ, առաջարկն արվել է կարիքի մասնավոր եւ կամայական գնահատականի հիման վրա:

Բ.
Այսպիսի ավելացումը այս ձեւով իրականացնելը եւ ապա բյուջեի միջոցները այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության եւ կոռուպցիայի տեսանկյունից:

Գ.
Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարեւոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ եւ ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել եւ լրացուցիչ խնդիրներ չհարուցել:

Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման եւ հաջորդ գումարման խորհրդարանին եւ յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը հաշվի առնելով հետեւյալ պայմանները.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.

1. չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետեւ պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները եւ, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:

1. չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափով, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:

1. պետք է լինի կատարված ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, եւ այլն:

1. պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ծախսի/ֆինանսական փաստաթղթերի եւ պատգամավորական գործունեության նպատակի հիմնավորմամբ, ինչից հստակ կլինի, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:

1. պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան՝ որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ եւ 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:

2. պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս, ներկայացուցչական եւ այլն, եթե այդ ծախսերը չեն կատարվում ԱԺ բյուջեի միջոցներով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը:

1. Պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության եւ ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:

Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:

Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովի արձագանքն այս ուղերձին:

Հայտարարությանը միացել են հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Ամբողջական ցանկը՝ ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031