Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունից ընդունել են հադրութցի ցուցարարներին. «Ինչքան մենք լռենք՝ իրենց ձեւն է՝ սվաղելու են անցնեն»

Սեպտեմբեր 09,2021 18:19 Share

Արցախից տեղահանվածներն այսօր ՀՀ կառավարության մոտ ցույց էին անում՝ պահանջելով ապահովել իրենց բնակարաններով: Կառավարությունում ցույցի նախաձեռնող խմբի անդամներ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանին եւ հադրութցի Արտավազդ Ստեփանյանին ընդունել էր Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն
պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա խնդիրները լսել է ու ասել՝ մենք չգիտենք ձեզ ինչ պատասխան տանք: «Այսինքն, մեր վիճակն էլի մնում է անորոշ: Ես այնտեղ ներկայացրել եմ Արցախի հանրապետությունում ինչ է կատարվում, ինչ է անում Արայիկ Հարությունյանը, ինչով է զբաղված: Ասել եմ, որ 32 մլն դրամ հատկացնում են՝ առանձնատներ սարքելու համար, ասել եմ, որ այսօրվա դրությամբ Արցախի հանրապետությունից 21 հազար մարդ կա այստեղ՝ անտերության մատնված»,- ասաց Արտավազդ Ստեփանյանը:

Արտավազդ Ստեփանյան

Նրանք նաեւ խոսել են 68 հազար դրամ եւ 30 հազար դրամ աջակցության գումարների մասին, խոստացել են բոլոր մտահոգությունները փոխանցել համապատասխան պաշտոնյաներին:

Ստեփանյանն ասաց, որ կառավարությունում խնդրել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. «Այն անգամ չկար, այսօր չկա, այսքանից հետո գոնե թող մի հատ օր որոշեն, ասեն՝ եկեք ձեր հարցը քննարկենք: Ես այսօր հանրայնացնում եմ թվերը՝ այսօր 2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են Հայաստանի հանրապետությունը: Մենք ուրիշ բան չենք ուզում, ուզում ենք մնալ մեր պետությունում: Ասում են՝ սահմանամերձ գոտիներում գնանք ապրենք: Այսօր Սյունիքի մարզն էլ է սահմանամերձ, Վայոց ձորն էլ, Արարատն էլ, Տավուշն էլ, Երեւանն էլ է սահմանամերձ: Բայց իրենց նշած սահմանամերձ գոտիներում էլ մեր հադրութցիները կան, թող սկսեն այդտեղից լուծել հադրութցիների հարցերը, տեսնենք մեզ ինչ է սպասվում: Անուշադրության ենք մատնված»:

Լեւոն Հայրյան

Լեւոն Հայրյանն էլ ասաց, որ կառավարության վարչության պետն ասել է, թե «ձեր հարցերը դեռ պրոցեսի մեջ չեն». «Իբր թե Քաշաթաղի հարցերը դեռ պրոցեսի մեջ են, բայց պրոցեսի մեջ ինչքան են մնալու՝ չգիտենք: Հարցնում եմ՝ ինչու մեր հարցերը պրոցեսի մեջ չեն, ինչու եք մեր ժողովրդին ստիպում դուրս գալ փողոց: Կոչ պիտի անենք հիմա, բոլորս հավաքենք: Հադրութցու պահանջը քաշաթաղցու, Քարվաճառի պահանջից չի տարբերվում: Մեկի փոխարեն երկու կառավարություն ունենք, ինչո՞ւ որեւէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում: Կա՛մ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կա՛մ ասեք, որ մենք չենք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը, տարբեր երկրների դեսպանատներին ու ասենք, որ մեզ այս երկրում ասում են՝ ձեզ ոչինչ չի հասնում: Ամեն ինչ ժողովրդի ակտիվությունից է կախված, 8 ամսում տեսե՞լ եք՝ բան փոխվի»:

Ցուցարարներից ոմանք որոշեցին նստացույց անել ու չհեռանալ կառավարության մոտից, մյուսները կողմնակից էին շարունակական ցույցերի:

Կառավարությունից ասել են, որ 2-3 օրվա ընթացքում պաշտոնյաները կընդունեն: Հայրյանն արձագանքեց. «Հույս չունենք, ընդունելության ժամանակ նորից մեր գլուխը կսվաղեն: Պայմանավորվենք, 2-3 օր հետո դիմենք ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, կամ ԱՄՆ դեսպանատուն: Ինչքան մենք լռենք՝ իրենց ձեւն է՝ սվաղելու են անցնեն: Մենք մարդ ենք, որ ունենք մարդկային իրավունքներ ու ունենք կառավարություն, որ պարտավոր է մեր պահանջները բավարարել: Մենք չենք խնդրում կառավարությանը, մենք պահանջատեր ենք: Եթե չի կարողանում իր ժողովրդին կերակրել, իր պարտքն է զիջել մի մարդու, որը կարող է կերակրել իր ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930