Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտ չենք ուզում գնանք, սա մեր հայրենիքն է, մեզ ապահովեք բնակարաններով, եթե չէ՝ թող մեզնից գրավոր հրաժարվեն». Հադրութցիների ցույցը

Սեպտեմբեր 09,2021 17:09

«Մենք գոհ ու շնորհակալ ենք մեր մայր Երեւանի քաղաքացիներից, մեզ լավ ընդունել են, լավ տեղ են տվել: Մենք շնորհակալ ենք ՀՀ կառավարությունից, անձամբ Նիկոլ Փաշինյանին ես շատ հարգում եմ: Թող ինքը զբաղվի մեր հարցերով: Մեր փողերը, առանց մեզ հարցնելու, ղրկել են Ստեփանակերտ, որը մեզ չի հասնում: Մենք չգիտենք էլ ինչ են անում մեր փողերը, ինչով են զբաղված, կուրսի չենք: Ուզում եմ պարոն Փաշինյանը աջակցի մեր հադրութցիներին: Մենք դուրս ենք եկել տկլոր: 30 տարի չարչարվել, տուն ենք դրել, մնացել ենք առանց ոչ մի բանի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց կառավարության առջեւ ցույց անող հադրութցի Միգել Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Արցախից տեղահանվածները կառավարության առջեւ էին:

Միգել Սամսոնյանն ասաց. «Մենք հադրութցիներով հավաքվել ենք ու մի պահանջ ունենք՝ մեր հայրենիքում՝ ՀՀ-ում ապահովեն մեզ բնակարաններով: Առանց մեզ որոշել են, որ Ստեփանակերտ քաղաքում սարքեն բնակարաններ, մեզ տեղափոխեն այնտեղ, մենք չենք ուզում գնանք Ստեփանակերտ քաղաք: Մենք հավաքվել ենք այստեղ, որ ապահովեն ՀՀ-ում բնակարաններով, չենք ուզում լքենք մեր հայրենիքը, քանի որ սա մեր հայրենիքն է»:

Զարմացանք՝ դուք կառավարությունից բողոք չունեք, որ ձեր բնակավայրը Հադրութն այսօր թշնամու վերահսկողության տակ է, եկել եք կառավարությունից մենակ բնակարա՞ն եք պահանջում՝ Միգել Սամսոնյանը պատասխանեց. «Իհարկե, ցավում ենք, որ մեր տարածքը այսօր անցել է թշնամուն: Էսօր թող Հադրութը հետ տան, կտան կարգավիճակ, մենք սաղս հետ կգնանք մեր տները, ոչ մի բան էլ չենք ուզում… Ես կռվել եմ 14 տարեկանից մեր թշնամիների դեմ, ստեղծել եմ ընտանիք: Մեծ տղաս քառօրյա պատերազմի 7 նվիրյալներից է, ՀՀ հերոս տղա է, Արիության մեդալի ասպետ: Մենք ուզում ենք ապրել հզոր երկրում, դարձել ենք այստեղ անօթեւան: Ժողովուրդը չգիտի ոնց ապրի: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ այստեղ, որ մեզ ապահովեն բնակարաններով, եթե չէ՝ թող մեզնից գրավոր հրաժարվեն, տեսնենք ինչ ենք անում»:

Նա ասաց, որ այս պահին վարձով են ապրում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում. «Մի սխեմա են գծել, որն անընդհատ խախտվում է: Մենք պետք է ստանայինք 150 հազար, ստացել ենք 90 հազար: Ժողովուրդը շատ ահավոր վիճակում է: Մենք բուն հադրութցիներ ենք, մելիքներ ենք, իսկական հայ ենք: Այնպես են արել, որ մեր երկիրը տարել են պարտման: Այսօր մենք չգիտեք ոնց ապրենք, ինչ անենք, բայց ուզում ենք մեր հայրենիքում ապրենք, մեզ այստեղ ապահովեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930