Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող հայերի իրավունքների և ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգում

Սեպտեմբեր 30,2026 14:50 Share

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակում Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության կազմակերպած քննարկմանը՝ նվիրված Արցախի հայերի բռնի տեղահանությունից անցած երեք տարիներին և տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը։

Քննարկման ընթացքում Սահակյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի և նրանց ընտանիքների իրավիճակին՝ ներկայացնելով գերության հետևանքով ընտանիքների կրած երկարատև մարդկային և հոգեբանական տանջանքները։ Սիրանուշ Սահակյանը իր ելույթի սկզբում ցուցադրել է Բաքվում պահվող հայ գերիներից մեկի հարազատի պատմությունը՝ ամուսնու գերեվարման հանգամանքների և ընտանիքի կրած զրկանքների մասին։ Սահակյանը շեշտել է, որ այդ պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ անորոշության մեջ ապրել, երբ ընտանիքը զրկված է իր հարազատի հետ լիարժեք կապից և նրա առողջական ու իրավական վիճակի վերաբերյալ չունի որոշակի տեղեկատվություն։

Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին, Սահակյանն ասել է․ «Համաձայնագիրը չի պարունակում որևէ դրույթ, որը կպահանջեր հայ գերիների ազատ արձակում։ Այնուամենայնիվ, մեկ այլ հարցով այն հստակ ժամանակացույց է սահմանում․ 15-րդ հոդվածը պահանջում է, որ կողմերը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հետ կանչեն միջպետական գանգատները։ Սա բարդ հակադրություն է ստեղծում։ Հակամարտությունից բխող իրավական վարույթները կարող են ի վերջո անհետանալ միջազգային ատյաններից, բայց այն մարդիկ, ում իրավունքները հիմք են հանդիսացել այդ վարույթների համար, չեն անհետանում դրանց հետ միասին, ոչ էլ խախտումներն են պարզապես դադարում գոյություն ունենալ դատական գործերի քննության դադարեցման պատճառով։ Հետևաբար, ընտանիքների համար հարցը պարզ է. ի՞նչ է իրականում փոխվել նրանց համար Վաշինգտոնից ի վեր՝ խաղաղության այս դարաշրջանում», -շեշտել է Սահակյանը։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մշտական ներկայացուցչության գործունեության դադարեցմանը։ Սահակյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ի կողմից նախկինում իրականացվող այցելությունները կարևոր մեխանիզմ էին պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների գնահատման, ինչպես նաև ընտանիքների հետ կապի պահպանման համար։ Հումանիտար պաշտպանության այս համակարգի թուլացմանը զուգահեռ՝ լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև բուն քրեական վարույթները, որոնք ավարտվել են խիստ պատժաչափերով՝ ներառյալ ցմահ և երկարատև ազատազրկման դատավճիռներ։

«Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը խստորեն քննադատել է 16 հայ մեղադրյալների նկատմամբ իրականացված դատավարությունները, որոնցից վերջինն ավարտվել է Ռուբեն Վարդանյանի գործով կայացված դատավճռով՝ դրանք բնութագրելով որպես «արդարադատության ծաղր»։ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում այդ գործընթացները որակել է որպես շինծու դատավարություններ։ «Հյուման Ռայթս Վոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես մտահոգություն է հայտնել դատավարությունների արդարության վերաբերյալ և Ադրբեջանին կոչ արել ապահովել ազատազրկված անձանց կանոնավոր կապն ընտանիքի անդամների հետ, անհրաժեշտ բժշկական օգնությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կանոնավոր մուտքը։ Սրանք արտոնություններ չեն։ Սրանք մարդու արժանապատվության պահպանման հիմնարար երաշխիքներ են, որոնք պետք է ապահովվեն յուրաքանչյուր անձի համար՝ անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է նրան ներկայացվել», ասել է Սահակյանը։

Իր ելույթի ավարտին Սահակյանը շեշտել է, որ խաղաղության գործընթացի գնահատումը պետք է ներառի նաև հակամարտության հետևանքով տուժած մարդկանց իրավունքների և անվտանգության հարցերը․ «Եթե պետք է լինի իրական խաղաղություն, գերության մեջ մնացողները պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության նախկին փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Լորենա Լոպես դե Լակալեն, միջազգային իրավաբան Կարնիգ Քերքոնյանը և Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ Թիբո վան դեն Բոշը։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930