Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկացված չլինելու խնդիր չկար, դեռ չհաշված ադրբեջանական կողմից հնչող զգուշացումները․ «168 ժամ»

Սեպտեմբեր 18,2021 10:43

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասում էր, որ դեռ հունիսին իր նշանակումից հետո է ներկայացրել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը:

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»,- տեղեկացնում է գեներալը իր ուղերձում:

Օնիկ Գասպարյանի այս պնդումը ավելի ուշ հաստատում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում հայտարարում է.

«… մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Այսինքն, տեղեկացված չլինելու խնդիր չկար, դեռ չհաշված ադրբեջանական կողմից հնչող զգուշացումները, նաև՝ այլ գործոնները: Մեզ հետ զրույցներում թե հայաստանյան, թե միջազգային բազմաթիվ քաղաքական, տնտեսական գործիչներ են ահազանգ հնչեցրել սպասվող լայնածավալ պատերազմի մասին, որում ընդգրկված է լինելու Թուրքիան:

Ըստ մասնագետների, պետությունների հզորությունների գնահատման մեթոդներում հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն:

Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերն իրենց իսկ գնահատմամբ հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ: Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել է ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դարձյալ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, որտեղ նաև սևերի և սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա: Ալիևն իր հաշվարկներում, ցավոք սրտի, չսխալվեց, ինչի մասին հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահն էր խոստովանել:

Վերադառնալով Փաշինյանի՝ ուժային կառույցներին ուղղված մեղադրանքին, նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ ինստիտուտների՝ ԳՇ-ի և ԱԱԾ-ի ղեկավարներ են փոխվել 3-4 անգամ, ինչը, բնականաբար, այդ կարճ ժամանակահատվածում չէր կարող ուժեղացնել այդ կառույցների իմունիտետը, իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը պարտավոր էր այդ ամենը գիտակցել և հասկանալ:

Այսինքն, պատասխանատու անձանց մեղադրելուց առաջ պետք է հիշել, որ այդ ամեն ինչի պատասխանատուն հենց ինքն է՝ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ:

Ավելին, չմոռանանք, որ ռազմավարական դաշնակիցները միմյանց հետ սերտ համագործակցում են նաև հետախուզական տվյալների փոխանակման գործում, հատկապե,ս եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն արբանյակ չունի, և ինչ-ինչ տվյալներ ՌԴ-ից է ստանում, ըստ էության: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը նաև Ռուսաստանի՞ն է մեղադրում հետախուզական տվյալների հարցում չաջակցելու համար:

Ի դեպ, 2016-ի Ապրիլյան պատերազմի վերսկսման համար ՌԴ-ին մեղադրող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է գաղտնի նյութեր և դրանցում չի գտել հետախուզական տվյալների բացակայություն: Այսինքն, լավ թե վատ, համակարգը նախկինների օրոք գործել է, և առնվազն Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների կազմակերպման մասին հետախուզական տվյալներ փոխանցվել են երկրի ղեկավարությանը քառօրյայից 2 օր առաջ, որից հետո համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Այլ հարց է, որ քառօրյան ավելին էր, քան դիվերսիան, բայց այն ոչ էլ 2020-ի պատերազմն էր:

Իսկ գուցե կարողացան այդ ժամանակ Ադրբեջանի դեմն առնել, որ քառօրյան չվերածվի ավելի լուրջ պատերազմի՞:

Բայց անգամ այս դեպքում ՀՀ ՊՆ գործող նախարար Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնը, պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:

Իսկ իրեն պատերազմի սկսման մասին չտեղեկացնելու մեջ համապատասխան մարմիններին մեղադրող Փաշինյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Առաքել Մարտիկյանին պաշտոնանկ արեց միայն 2021-ի օգոստոսի 9-ին:

Իսկ թե ինչո՞ւ ԱԱԾ պետի պաշտոնից 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց որևէ փորձառություն չունեցող ոչ պրոֆեսիոնալ Արգիշտի Քյարամյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր սույն թվականի հունիսի 8-ին, հայտնի չէ մինչ այսօր: Փաստ է, որ Քյարամյանի «ծառայությունները» Փաշինյանին պետք են ՀՀ քննչական կոմիտեում:

Ինչ վերաբերում է երկրի հետախուզության աշխատանքին, այն, այո՛, կարևորագույն դերակատարում ունի պատերազմների կանխման հարցում, մյուս կողմից, ինչպես ասում են՝ «ни одна разведслужба не предскажет, что сделает правительство, если оно само этого не знает»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930