Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա մենք սիմֆոնիկ ենք անում, դասական ենք անում, բա դուք ազգություն ունե՞ք պարոնա′յք, ազգը գիտե՞ք՝ ինչ է, թե՞ դուք ստրուկ եք ինչ-որ տեղերի». Գագիկ Գինոսյան

Սեպտեմբեր 27,2021 22:30

«Այսօր սգո օր չի կարելի համարել, քանի որ այսօր պայքարի սկիզբն էր»,- Գարեգին Նժդեհի արձանի մերձակայքում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ի ոգեկոչում անմահ հայորդիների քայլերթի մեկնարկից առաջ հայտարարեց  «44 քայլ դեպի վեր» հանրային նախաձեռնության հիմնադիր Գագիկ Գինոսյանը:

Ըստ նրա՝ իրականում սգո օր պետք է հայտարարել նոյեմբերի 9-ը, 10-ը, երբ մեր փոխարեն որոշեցին  մի ամբողջ ազգի ճակատագիրը, և հայրենիքի մի ամբողջ մաս գերեվարության տրվեց:

Գագիկ Գինոսյանը ևս մեկ անգամ շեշտեց՝  մեկ տարի առաջ այս օրը պայքարի սկզբին էր, երբ ամբողջ ազգը լարված էր, սթրեսի մեջ, բայց մեկնեց ռազմաճակատ տղերքին օգնելու: Նա ցավով նշեց՝ անմահացած տղերքին կորուսյալ հայրենիք ենք պարտք մնացել, ավելի արժանապատիվ հայրենիք: Ըստ նրա՝ պետք է վերաարժևորել այն, ինչ կատարվեց մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 10-ից հետո: Սակայն ցավով նշեց, որ դա տեղի չունեցավ: Հասարակության 90 տոկոսը որևէ կերպ իր կենսակերպը, խոհերը չփոխեց. շարունակաբար ապրեցինք այնպես, կարծես այդ 44 օրը չէր էլ եղել:

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ մենք տեսակի կռիվ ենք պարտվել, քանի որ 30 տարի չենք ունեցել հայկական ազգային կրթություն:

Այս առիթով նա հիշեց ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված համերգը ու վրդովվեց, «Այստեղ օրեր առաջ տեսաք՝ շքեղ կազմակերպված մի բան, որտեղից հերթական անգամ վտարված էր ազգային, հայկական մշակույթը: Բա մենք սիմֆոնիկ ենք անում, բա մենք դասական ենք անում, բա դուք ազգություն ունե՞ք պարոնայք, ազգը գիտե՞ք՝ ինչ է, թե՞ դուք ստրուկ եք ինչ-որ տեղերի: Ինչ-որ մարդիկ ասում են, թե էդ դրոնները ռազմական չեն: Հինգ հազար ոսկի տղայի վաթսուն տոկոսը դրոնից է զոհվել, հազար դրոն օ՞դ եք բարձրացնում՝ մղկտացնելով նրանց ընտանիքներին: Գիտակցո՞ւմ եք, որ խեղդվողի տանը ձեր գունագեղ պարաններով շոու եք անում: Դրոն եք բարձրացնում՝ ոնց որ թե էդ տղերքի հարսանիքն է»:

 

Ելույթներից հետո տասնյակ քաղաքացիներ Վազգեն Սարգսյան փողոց – Երևանի քաղաքապետարան – Հաղթանակի կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – «Եռաբլուր» երթուղով երթով շարժվեցին դեպի Եռաբլուր պանթեոն: «Եռաբլուր»-ի կամարի մոտից հաջորդաբար վառվեցին ճանապարհին տեղադրված 44 ջահերը, որոնք խորհրդանշում են դեպի վեր տանող ինքնակրթության ճանապարհը:

Բարձունքում` եկեղեցու հարակից տարածքում, տրվեց նաև «44 քայլ դեպի վեր» նախաձեռնության մեկնարկը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930