Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» ժյուրիի անդամները փառատոնը որակեցին ուժեղ, Երեւանը՝ կյանքով լի

Հոկտեմբեր 10,2021 12:40

Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը եւ ամփոփեցին մրցութային ծրագրերի արդյունքները։

Այսօր էլ ժյուրիի ներկայացուցիչները հանդես եկան ամփոփիչ ասուլիսով: «Այսօր այն ասուլիսն է, որի ժամանակ մենք ավելի քիչ ենք խոսում,  ավելի շատ խոսում են ժյուրիի անդամները… Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ ստանալ գնահատականներ եւ մեկնաբանություններ»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը նշեց, որ փառատոնային օրերի ընթացքում ցուցադրվել է ավելի քան 60 ֆիլմ, հյուրընկալվել է ավելի քան 50 հյուր: «Հաշվի առնելով իրավիճակը՝ թե մեր երկրում, թե ամբողջ աշխարհում, կարծում եմ, որ այս թիվը բավականին տպավորիչ է»,-ասաց նա

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի գնահատմամբ՝ հիանալի փառատոն էր, ծրագիրն էլ՝ բավականին ուժեղ: «Մեզ համար շատ դժվար էր ընտրություն կատարելը 10 ֆիլմերի միջեւ եւ հաղթողին ընտրել»: Նրա խոսքով, 10 ֆիլմերի գոնե կեսը կարող էին արժանանալ մրցանակի: Գերատի խոսքով, հաղթած ֆիլմերն ուժեղ պատմություններ ունեին եւ կարեւոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում:

Նա նաեւ ընդգծեց, որ «Ոսկե ծիրանը» շատ լավ էր կազմակերպված, եւ ինքը պատրաստ է Հայաստանից բազմաթիվ գաղափարներ եւ փորձառություն տանել Լեհաստան:

Կարճամետրաժ «Կորիզ» մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալադոն նշեց, որ  կարճամետրաժ ֆիլմերը մեր ապագան են, որովհետեւ դրանք ստեղծող երիտասարդները հետագայում խաղարկային լայնամետրաժ ֆիլմեր են ստեղծելու:  Նա անդրադարձավ նաեւ «Ոսկե ծիրան» եւ «Արծաթե ծիրան» ստացած ֆիլմերին, առաջինը որակեց հիանալի ու զարմանալի: Ընդգծեց, որ ֆիլմի հետեւում զարմանալի եւ տաղանդավոր աշխատանք էր: «Արծաթե ծիրանի» մասին էլ բավականին բարձր կարծիք հայտնեց: Ասաց, որ Հայաստանի մասին իր պատկերացումներն այլ էին, մտածում էր, որ Երեւանը տխուր կլինի, բայց իրականում կյանքով լի քաղաք է

Հիշեցնենք, որ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացավ «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031