Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ այսօր կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները

Հոկտեմբեր 10,2021 13:34 Share

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաեւ անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։

Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի երաժշտությունը, ըստ դիրիժորի, դիպչում է մարդկանց սրտերին։

Լավարդ Սկոու-Լարսենը փոքր հասակից ջութակ է նվագում, այժմ էլ հանդես է գալիս ե՛ւ որպես ջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր, նաեւ ջութակի դասեր է տալիս։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար չէր ջութակից անցում կատարել դիրիժորության` եթե գիտես, թե ինչպես է նվագախումբն աշխատում, ունես տաղանդ, սեր դիրիժորության նկատմամբ, ապա անցումը բարդ չէ։ Լավարդ Սկոու-Լարսենը նկատում է, որ իր համար հավասարաչափ հոգեհարազատ է թե՛ ջութակ նվագելը, թե՛ դիրիժորական վահանակի առջեւ կանգնելն ու նվագախումբ ղեկավարելը։

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը Հայաստանում առաջին անգամ չէ։ Ասում է՝ ծանոթ է հայկական երաժշտությանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, առանձնակի շեշտեց դուդուկն ու այս նվագարանի հնչողությունը։ «Շատ երաժշտական երկիր է Հայաստանը, առանձնահատուկ մարդիկ են այստեղ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը»,- նշեց մաեստրոն՝ հավելելով, որ ուրախ է հանդես գալու «Արմենիա» փառատոնի շրջանակում եւ ղեկավարելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը։

Փառատոնն ունի նաեւ կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 29-ը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով սիմֆոնիկ եւ կամերային համերգներ։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին իշխանով) եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031