Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողումներից չքաղած դասերը վերածվում են նոր մարդկային կորուստների

Հոկտեմբեր 13,2021 23:33

Կորոնավիրուսի հարուցած այսչափ մահերը կառավարության (ասում ենք կառավարություն, նկատի ենք ունենում Նիկոլ Փաշինյանին) խղճին են։ Այս հայտարարությանը կարող են ընդդիմանալ շատերը՝ վկայաբերելով ու մատնանշելով, թե կառավարությունը ջանք չի խնայում, որ մարդիկ դիմակ կրեն, պատվաստվեն և այլն, իբր նրանք ի՞նչ մեղք ունեն․ մեղավորն «անկիրթ», «ռեակցիոն» ժողովուրդն է։ Նրանց մեղքն այն է, որ արդեն տարիներով կառավարություն են ղեկավարում, բայց մինչև հիմա հանրության վստահությանն արժանացած թիմ չձևավորեցին, որի խոսքը կհարգվեր, կընկալվեր, որպես լավ մասնագետի լավագույն խորհուրդ և օրինակելի վարքագծային մոդել։ Ես չեմ խոսում պինցետով կորոնավիրուսը հանելու և տնական օղիով ախտահանելու մասին․ դա մանիպուլյացիա է, խոսքերի իմաստը խեղաթյուրված է։ Ես խոսում եմ ավելորդ ինքնավստահության մասին ու մարտնչող տգիտության մասին։

Օրինակ, երբ Շվեդիայում վարակաբանության հարցերով զբաղվող պետական ինստիտուտի ղեկավարը համավարակի վերաբերյալ աշխարհի կարծիքին հակադրվող կարծիք էր հայտնում, որի հիման վրա պետական քաղաքականություն էր մշակվում, Շվեդիայի բնակչության մեծամասնությունը վստահում էր այդ կարծիքին և անշեղորեն կատարում ցուցումները։ Դրա պատճառն այն էր, որ մարդիկ գիտեն՝ տարբեր ոլորտներում մասնագետների ընտրության սկզբունքները համընդհանուր ընդունելի են և այդ պաշտոնում չի նշանակվի մեկը, ով ոլորտից գաղափար չունի և/կամ չունի կառավարման նվազագույն հմտություններ։ Ու թեկուզ ամբողջ աշխարհը հակառակն էր պնդում, շվեդները գնացին իրենց ճանապարհով, որը, ինչպես պարզվեց հետագայում, ճիշտ էր։ Իսկ ի՞նչ ունենք մենք․․․

Ամենատարբեր պաշտոններին նշանակումները մարդկանց մոտ ոչ միայն վստահություն չեն առաջացնում, որ ոլորտը հուսալի ձեռքերում է, այլ ոլորտի կայունության մասին լրացուցիչ մտահոգություններ են առաջացնում։ Մատների վրա կարելի է հաշվել հակառակ դեպքերը, որոնց մեծամասնության դեպքում վստահություն վայելող նորմալ մասնագետները թողել ու զզված հեռացել են իրենց պաշտոններից։ Հեռացողներից որոշները նաև պատմել են, թե ինչ խայտառակ վիճակում են ոլորտները, դրանցում տիրող մարտնչող տգիտությունը, հովանավորչությունը, կլանային պայքարը բարեփոխումների դեմ։ Այս ամենը վերաբերում է նաև ու առաջին հերթին առողջապահության ոլորտին։ Չի կարող ոլորտի ղեկավարը հեղինակություն վայելել, եթե շաբաթը մեկ փոխում է կարծիքն ու տրամագծորեն հակառակ բանը ապացուցում, ինչ մի շաբաթ առաջ ապացուցում ու պետական լծակներով պարտադրում էր։ Նա չի կարող լուրջ ընկալվել, եթե մասնագիտական հիմնավորումների փոխարեն կմկմալով ԱՀԿ փոփոխվող կարծիքն է դնում որոշումների հիմքում։

Եթե Առողջապահության որևէ նախարար կամ պետական բարձր այլ պաշտոնյա ի սկզբանե հանրամատչելի, ողջախոհ խոսք ասեր ու ժամանակը ցույց տար նրա իրավացիությունը, պարտադրանքի ոչ մի միջոց պետք չէր լինի, որպեսզի պատվաստումների տոկոսն ավելի բարձր լիներ, իսկ մահացության ցուցանիշը՝ ցածր։ Այդ մարդու, պաշտոնյայի, մասնագետի խոսքը բավարար կլիներ վիճակը շտկելու համար։ Եթե պետական ինստիտուտների հանդեպ հավատը չկա (իսկ այդպիսի հավատ չկար, ինչն ավելի է խորացել 2018-ից հետո), մնում է անձնային հեղինակությունը։

Կհիշե՞ք Երևանի փողոցներում երթևեկող ԱԻՆ մեքենաները, որոնք իբր հիշեցնում էին դիմակ կրելու անհրաժեշտության և հակահամաճարակային այլ կանոնների մասին։ Սկզբում տեքստը Նիկոլն էր կարդում, հետո՝ կարդում էին կառավարության անունից, հետո՝ Առողջապահության նախարարության անունից, հետո՝ ԱԻՆ-ի։ Եթե մի քիչ էլ երկարացնեին, հասնելու էին թաղապետարանների առևտրի ու սպասարկման պատասխանատուներին։ Դա իրենց պատկերացումն էր հեղինակության մասին։ Հետաքրքիր է՝ հետևություն արեցի՞ն, երբ դա չաշխատեց։ Իհարկե՝ ոչ։ Եթե անեին, որպես առողջապահության ոլորտը համակարգողի, դժվարին այս փուլում չէին նշանակի նրան, ում նշանակեցին։ Ու ո՞րն է դրա պատճառը։

Իմ կենսափորձը հուշում է, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի կենսափիլիսոփայությունն է։ Հիմա բացատրեմ։ Մենք մի հարևան ունեինք, որին կարող ենք պայմանականորեն Գեղամ անվանել։ Գեղամը մեր տարեկիցն էր, բայց բոլոր հմտություններով ու մտավոր ունակություններով զիջում էր իր հասակակիցներին։ Որպեսզի նեղված չլինի, նա բակից հավաքել էր իրենից տարիքով փոքր ամբողջ այն կոնտինգենտը, ում համար ինքը տարիքի բերումով կարող էր հեղինակություն դիտվել։ Նրանք միմյանց ճանաչելու «մարտակոչ» էին հնարել, որը տվյալ դեպքում հայտնի ֆիլմի հերոս Տարզանի արձակած ձայնն էր, վարքագծային կանոններ էին մշակել։ Երբ Գեղամը խնդիր էր ունենում, կանչում էր իր «բանակը», որպեսզի հակակշռի հասակակիցներից մտավոր և այլ տարբերությունները։ Խմբի ներսում հարաբերությունները կառուցվում էին Գեղամին անվերապահ ենթակայության և աջակցության վրա։ Ոչ մի այլ կանոն չկար։ Կանոն էր այն, ինչ կորոշի Գեղամը։ Ով չէր ենթարկվում այդ միակ ու պարզ կանոնին, ենթարկվում էր ծաղրուծանակի, երբեմն՝ ծեծի, դուրս էր մղվում խմբից։

Լրագրողական համայնքում հայտնի հնաբնակ լրագրողներից մեկը մի անգամ մի պատմություն պատմեց, թե ինչպես է հյուրընկալվել Նիկոլ Փաշինյանի խմբագրությունում։ Երբ շատ տարիներ առաջ Փաշինյանի հետ զրուցել են նրա նոր խմբագրակազմի մասին, Փաշինյանը հայտնել է, որ հներից ոչ մեկին չի վերցնելու, այլ վերցնելու է անհայտ երիտասարդների, որպեսզի իր «թևի տակ» աճեցնի։ Ես չգիտեմ այդ խմբագրության ներքին հարաբերությունները, բայց եթե համեմատենք վերջին տարիներին կառավարության կադրային քաղաքականությունը, ՔՊ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հավաքագրման սկզբունքները, կարելի է որոշակի եզրակացությունների հանգել Փաշինյանի կենսափիլիսոփայության մասին, որն, ըստ իս, ցավալի նմանություն ունի պայմանական Գեղամի դեպքի հետ։

Բայց ամենակարևոր եզրակացությունը, որ կարելի է հանգել այս պատմություններից այն է, որ պետական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր չէ վերականգնել, պետական համակարգի փլուզումը հնարավոր չէ կանգնեցնել, եթե չփոխվի Նիկոլ Փաշինյանի այս կենսափիլիսոփայությունը։ Իհարկե, կարելի է հղում անել նրան, որ ամեն ինչ չէ, որ Փաշինյանն է որոշում․ ինչ-որ մակարդակում որոշումները շրջանցում են վարչապետին։ Բայց խնդիրն այն է, որ նրա այս կենսափիլիսոփայությունը կառավարման տարբեր մակարդակում պաշտոնավարող անձանց զրկում է ինքնուրույնությունից, նախաձեռնողականությունից, ինչը, բնականաբար, ամեն ինչ կենտրոնացրել է Նիկոլ Փաշինյան անձի վրա։ Ժամանակի հարց է, թե հերթական պաշտոնյան երբ իր ցանկացած որոշում կայացնելիս ստիպված կլինի Նիկոլ Փաշինյանի հետ այն համաձայնեցնել՝ սկսած հանդիպումներին ջրի մատակարարի ընտրությունից, մինչև հրապարակային որևէ հայտարարություն։ Դա տեղի ունենում անմիջապես առաջին սխալից հետո, երբ պաշտոնյան հայտնվում է Փաշինյանի ցասման կենտրոնում։ Իսկ քանի որ անսխալական մարդ չկա և երբևէ սխալվում են բոլոր նրանք, որոնք որևէ գործունեությամբ զբաղվում են, ուրեմն Փաշինյանի թակարդն ընկնելն ընդամենը ժամանակի հարց է։ Դրանից հետո թե պաշտոնյան որքան մասնագետ է, արդեն էական չէ․ բոլոր որոշումները կայացնելու է ամեն ինչի մասնագետ դարձած Փաշինյանը։ Իրավիճակը բարդանում է, երբ պաշտոնյային բաժին հասած ցասման չափաբաժնից հետո վարչապետը «նեղանում է» և սկսում ուղղակի չշփվել տվյալ պաշտոնյայի հետ, ըստ էության, կաթվածահար անելով մի ամբողջ ոլորտի աշխատանքները։ Ու դա կարող է ամիսներ շարունակվել։ Բնականաբար, ոչ բոլոր մասնագետները կարող են դիմանալ աշխատանքի այս ձևին։ Մնում են նրանք, որոնք կամ այլ, ստվերային շահագրգռվածություն ունեն պաշտոնին մնալու համար կա՛մ էլ մոռանում են մարդկային ու մասնագիտական արժանապատվության մասին։ Ավելորդ շահարկումները կանխելու համար կարող եմ նշել, որ ցանկացած կանոնից բացառություններ կլինեն, որոնք կհաստատեն օրինաչափությունը։

Վերջում, ավելորդ չի լինի նշել, որ հենց այս կենսափիլիսոփայությունն էլ լինելու է Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի քաղաքական անխուսափելի անկման պատճառը։ Այս համոզմունքը գալիս է նրանից, որ որոշակի տարիքից սկսած, մարդիկ դժվար են փոխում իրենց աշխարհայացքը։ Այնուամենայնիվ դա հնարավոր է, եթե ցանկություն կա։ Իսկ ցանկություն չկա։ Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը հետևողականորեն կրկնում է իր կենսափիլիսոփայությունից բխող բոլոր սխալները, պարբերաբար կանգնում նույն փոցխի վրա և հերթական անգամ ջարդուփշուր անում դեմքը։ Որոշ ժամանակ առաջ նա իր այդ ձախողումներին «արդարացում» գտավ։ Մեջբերելով իր բոլոր սխալները, նա նշեց, որ առանց դրանց երբեք չէր կարող հաղթել։ Ըստ նրա, դրանք սխալներ են, որ ամեն անգամ հանգեցնում են ճիշտ որոշումների և, ի վերջո, հաղթանակի։ Եվ սա կլիներ բացառապես իր մեծ պրոբլեմը, եթե որպես խաղադրույք դրված չլինեին մարդկային ճակատագրեր, կյանքեր և պետականություն։ Չի կարելի պետությունը միայն որպես մահակ դիտարկել ու ամեն անգամ, երբ գործածված մահակը չի աշխատում, ավելացնել դրա հարվածող ուժը։ Ներպետական կյանքում կիրառվող մահակը երբեք չի լուծում հարցերը, այլ բազմապատկում է դրանց քանակը։ Այս պարզ ճշմարտությունը պետք է վաղուց հասանելի դարձած լիներ նորընտիր կառավարիչներին, եթե նրանք համառորեն չեն մարտնչում իրենց համար նոր ինֆորմացիայի դեմ։ Ձախողումներից չքաղած դասերը վերածվում են նոր մարդկային ու նյութական կորուստների թե՛ պաշտպանական, թե՛ առողջապահական ոլորտներում, թե՛ այլ ոլորտներում։

Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հանրային-քաղաքական գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031