Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մեր կարգավիճակից գոհ է

Հոկտեմբեր 14,2021 10:00

Փաշինյանի վերջին այցը Ռուսաստան, իմ կարծիքով, ցույց տվեց, որ Ռուսաստանի նախագահը վստահում է Հայաստանի վարչապետին: Ընդդիմադիր հայացքներ ունեցողներից «ռուսամետները» գուցե ասեն, որ դա այդպես չէ, իսկ «արեւմտամետները» թերեւս ինձ հետ կհամաձայնեն, բայց կպնդեն, որ դա շատ վատ է: Իմ մոտեցումն այլ է. ինչպիսին էլ լինի Հայաստանի ղեկավարը, Ռուսաստանի մշտական եւ (հիմա արդեն պարզ է) ցմահ առաջնորդի վստահությունը կարեւոր է, եւ եթե Ռուսաստանը ցանկանա գահընկեց անել մեր երկրի վարչապետին, ինչի մասին երազում են մեր ընդդիմադիրներից ոմանք, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Ուրիշ հարց, թե ինչու է Պուտինը Փաշինյանին վստահում: Այդ հարցի պատասխանն էլ պարզ է. Կրեմլին պետք է պարտված, պետություն ղեկավարելու ոչ մի շնորհք չունեցող, բայց, մյուս կողմից, երկրի ներսում մեծամասնության վստահությունը վայելող ղեկավար: Ըստ երեւույթին, դա իդեալական տարբերակ է Մոսկվայի համար: Պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի ինքնուրույնությունը (քաղաքագետներն ասում են՝ «սուբյեկտայնությունը») հավասարվել է գրեթե զրոյի, մենք ի վիճակի չենք ապահովել Արցախում դեռեւս մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ այդ հարցերում ապավինում ենք բացառապես Ռուսաստանին: Այդ պայմաններում Մոսկվային պետք է հենց Փաշինյանի նման ղեկավար:

Բնականաբար, մեզ՝ հայաստանցիներիս, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հուզում է երկու հարց (եթե ենթադրենք, որ դեռեւս ինչ-որ բան հուզում է): Առաջին հարցն այն է՝ կարո՞ղ է կամ ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը պարտադրել Հայաստանին եւ Ադրբեջանին ինչ-որ լուծում: Իմ տպավորությամբ՝ ոչ, Մոսկվան այս հարցում, համենայնդեպս, չի շտապի եւ կողմերին էլ չի շտապեցնի: Դրա գլխավոր պատճառն այն է, որ այդ գործընթացը, այսպես ասած, սինքրոնացված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական առեւտրի (եւ թաքնված մրցակցության) հետ: Հայաստանը կարող է լինել ավելի մեծ գործարքի մասը՝ որտեղ հաշվի են առնվում երկու երկրների՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի շահերը Մերձավոր Արեւելքում, աշխարհի այլ տարածաշրջաններում, ինչպես նաեւ էներգետիկ, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանն այդ մեծ գործարքում ո՛չ առաջին կետում է, ոչ էլ երկրորդում, բայց կարեւոր կետերից մեկն է:

Երկրորդ հարցը, որը բացառված չէ, շատերին հետաքրքրում է, հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանը կմտնի «Ռուսաստան-Բելառուս» կամ որեւէ այլ նմանատիպ դաշինքի մեջ: Դարձյալ կարծում եմ, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա: Ռուսաստանն այս պահին առանձնապես շարժառիթ չունի մեր հարաբերությունները «ֆորմալացնելու». ինձ թվում է, որ Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է: Իսկ այն, որ մենք ՄԱԿ-ում դրոշ ունենք, եւ նահանգապետը կոչվում է «վարչապետ»՝ դա Ռուսաստանին բոլորովին չի խանգարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031