Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիան ուժի կիրառմամբ` ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր

Հոկտեմբեր 15,2021 21:30

Կայացավ ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին Հայաստանի երրորդ ազգային զեկույցի դիտարկումը

Հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի առցանց դիտարկումը:

Ներկայացնելով իր հերթական ազգային զեկույցը` Հայաստանը վերահաստատեց սույն Դաշնագրով ստանձնած պարտականությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանեց Դաշնագրի դրույթների իրականացումը վերահսկող մարմնի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետների բազմաթիվ հարցադրումներին:

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների կոմիտեի անդամների հետ կառուցողական երկխոսության ընթացքում անդրադարձ արվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, բռնության և խտրականության ցանկացած դրսևորումների դեմ մեր երկրում իրականացվող քաղաքականությանը և դրանից բխող ծրագրերին:

Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (Դաշնագրի հոդված առաջին)՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի վրա, որն ըստ էության ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր: Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվեց նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության խնդրին և անդրադարձ արվեց հումանիտար կազմակերպությունների մուտքը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին:

ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեին զեկուցվեց Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ապահովմանը, դրանց շարքում նշելով ազատ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, պայքարը կոռուպցիայի դեմ: Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, ապահովելով նաև գենդերային հավասարության քաղաքականության հետևողական իրականացումը:

Հայաստանը վերահաստատեց ազգային, ռասայական, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և նրանց խնդիրների հաղթահարմանն ուղղված քաղաքականությանը:

Այս տարի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման մասին ազգային զեկույցի դիտարկումն իրականացվեց Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետության կարգավիճակով:

Հայաստանի զեկույցի դիտարկումը հեռարձակվում էր UN WebTV ալիքով: Կոմիտեի կողմից զեկույցի քննարկումն ու եզրափակիչ դիտարկումների (Concluding observations) ընդունումը տեղի կունենա փակ նիստում:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031