Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրո ըմպելիքը» միավորել է հյուրախաղորդ իտալացուն եւ հայ երիտասարդներին

Հոկտեմբեր 23,2021 13:00

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական 88-ամյա թատրոնն առաջին անգամ անդրադարձել է Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերային՝ համերգային կատարման ձեւաչափով: Նախագծի երաժշտական ղեկավարն է դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորը՝ Ալեսանդրո Բոնատոն (Իտալիա), գլխավոր դերերգերով հանդես կգան թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները:

Պրեմիերան կկայանա հոկտեմբերի 22, 23-ին:

«Սիրո ըմպելիքը»՝ մասնագետների որակմամբ, դասվում է Դոնիցետտիի գլուխգործոցների թվին, օպերայի լիբրետտոյի համար, որի հեղինակն է Ֆելիչե Ռոմանին, հիմք է ծառայել ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի համանուն պիեսը: Ըստ որոշ տվյալների՝ օպերան գրելու համար կոմպոզիտորից պահանջվել է ընդամենը երկու շաբաթ: Կոմպոզիտորի ներկայությամբ օպերայի պրեմիերան կայացել է 1832թ., Միլանի della Canobbiana թատրոնում:

Երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցները

Նախօրեին գլխավոր փորձի ավարտին «Առավոտը» հանդիպեց դիրիժոր Ալեսանդրո Բոնատոյի հետ: Առաջին հարցը, որ ուղղեցինք նրան, հետեւյալն էր. առաջին անգամ եք Հայաստանում եւ շշուկներ կան, թե ձեր երակներով հայի արյուն է հոսում: Մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց, թե այդպիսի բան չկա, բայց «հայերն ու իտալացիները շատ նմանություն ունեն, հենց թեկուզ արտաքինով ու տեմպերամենտով»: Դիտարկմանը, թե առաջին անգամ մեր երկիր այցելած յուրաքանչյուր արվեստագետից նախ հետաքրքրվում ենք, թե ի՞նչ չափով է ծանոթ հայկական մշակույթին, ունի՞ հայազգի ընկերներ, մտերիմներ եւ այլն, դիրիժորը հայտնեց. «Շատ լավ գիտեմ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ղեկավարել եմ կոմպոզիտորի հայտնի Ջութակի կոնցերտը, Կարեն Դուրգարյանի հետ ընդգրկված եմ Ցյուրիխում գործող հեղինակավոր Artists Management Company-ում, որտեղ դիրիժորների ցուցակը ղեկավարում է ճանաչված Էտտոր Վոլոնտիերին: Ընդ որում, ընդգրկված են իսկապես բարձրարվեստ դիրիժորներ՝ Ալեւտինա Իոֆեն, Դոնատո Ռենցետին, Դանիելե Ռուստիոնին, Յուտակա Սադոն եւ այլն: Գիտեմ նաեւ ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորին՝ Էդուարդ Թոփչյանին, նվագախումբն այս օրերին հյուրախաղերի է մեկնել Իտալիա, որտեղ նրանց հետ որպես մենակատար հանդես կգա ընկերս՝ ալտահար Լուկա Ռանիերին»:
Ալեսանդրո Բոնատոն դեռ շատ երիտասարդ է՝ 26 տարեկան, դեռ կհասցնի, բացի Խաչատրյանից, ճանաչելու մեր մյուս մեծերին, համագործակցել նաեւ կատարող երաժիշտների եւ հայ ժամանակակից ստեղծագործողների հետ, մանավանդ ընթացիկ տարվա սկիզբին նա նշանակվել է Մարքիջիանա ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Զրույցի ընթացքում դիրիժորը նշեց, որ հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Օմանի Թագավորական սիմֆոնիկ, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Դանիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլն: Չմոռացավ բարձրաձայնել իր պրոֆեսորների անունները. «2013-ից սկսած ինտենսիվ ուսանել եմ Պիեր Կառլո Օրիզիոյի, Ումբերտո Բենեդետտի Միքելանջելիի եւ Դոնատո Ռենցետիի ղեկավարությամբ, իսկ մինչ դիրիժորական արվեստին անդրադառնալը, ջութակ եմ նվագել…»:

Առաջին անգամ Ալեսանդրո Բոնատոն օպերա ղեկավարել է Օմանում, Մուսկաթի թագավորական օպերային թատրոնում՝ Մոցարտի «Կախարդական սրինգը», 21 տարեկանում: Իսկ երաժշտական աշխարհի ուշադրությանն է արժանացել 23 տարեկանում՝ Կոպենհագենում կայացած Malko միջազգային մրցույթում:
Զրույցի ընթացքում դիրիժորը կարծիք հայտնեց մեր օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ «Սիրո ըմպելիքում» ընդգրկված երիտասարդ երգիչների մասին: «Ընդհանրապես նրանց շատ եմ հավանել՝ եւ արտաքինը, եւ մասնագիտական կարողությունները»,- հակիրճ նշեց մեր զրուցակիցը: Հավաստիացրեց նաեւ, որ երիտասարդ մեներգիչները օպերայի համերգային կատարման ժամանակ իրենց «մինի խաղով», ավելի ճիշտ՝ ժեստերով, լիբրետտոն կհասցնեն հանդիսատեսին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031