Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն օրերս, հերթական անգամ այցելել էր զորամաս, այս անգամ՝ Իջևանի: Այս առիթով խոսք խնդրեցինք թատրոնի ռեֆերենտ՝ Մարիաննա Գորդոնից, որը ներկայացնում ենք առանց միջամտության:
«Aravot.am-ին իմ նախորդ հարցազրույցից տեղեկացրել էի, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր սոցիալական ծրագրերի իրագործման շրջանակներում համագործակցություն է հաստատել մի շարք պետական գերատեսչական մարմինների հետ, ի մասնավորի՝ ՀՀ Արդարադատության, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի, ինչպես նաև վերջերս ձեռք բերված՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունների հետ:
Մեր ունեցած երկու սոցիալական նախագծերի ակնհայտ հաջողության արդյունքում՝ տրամաբանական անհրաժեշտություն առաջացավ՝ ծավալել և շարունակել մեր բարձրարժեք մշակութային այցերը՝ ներգրավելով առավել լայն թիրախային ունկնդրի շրջանակներ:
Կարդացեք նաև
Ի դեպ, տարեսկզբին ծրագիրն ունեցավ փայլուն մեկնարկ՝ Արարատի զորամասում: Դա մեր կայացած սոցիալական համագործակցություններից թվով երրորդն էր, որի արդյունքում այցելեցինք Արարատի, Արմավիրի, Քանաքեռի, Լուսակերտի, Իջևանի և սահմանամերձ Նոյեմբերյանի զորամասերը:
Օպերային թատրոնի առաջատար մեներգիչների ամբողջական կազմը՝ կոնցերտմայստերների մասնակցությամբ, ճիշտ ընտրված, ընկալելի և համադրելի երգացանկով ներկայացավ մեր առանձնահատուկ հանդիսատես՝ երկրի պաշտպան զինվորներին՝ կոմիտասյան, հայ՝ հոգևոր, ռազմա-հայրենասիրական, գեղջկական, ժողովրդական, ինչպես նաև ռուս և արևմտա-եվրոպական կոմպոզիտորների համաշխարհային օպերային արվեստի գլուխգործոցներով, որոնք ընդունվեցին գերագույն հուզառատությամբ, ինչի ապացույցն էին մեր զինծառայողների բուռն, անկեղծ և շռնդալից ծափողջույնները :
Իմիջիայլոց, զորամասերում համերգներին ներկա են գտնվել շուրջ 1000 զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ :
Յուրաքանչյուր մեր այց կազմակերպված էր բարձր մակարդակով՝ ջերմ, հյուրընկալ և հոգեթով մթնոլորտում, ինչի շնորհիվ՝ օպերային արվեստն ու ռազմարվեստը կամրջվում էին՝ խոսուն հայրենասիրության և մեր Հայրենիքին՝ մշակութային և ռազմական զորեղ ու անպարտելի զենքերով անվերապահ ծառայելու նվիրումով՝ ապավինելով երկնքի oրհնյալ խաղաղությանը:
Չեմ կարող չանդրադառնալ զորամասերում տիրող ընդգծված և ակնհայտ կարգապահությանը, ներքին մաքրակենցաղ հարդարանքին, զինծառայողների բարեխնամ վերաբերմունքին, ինչպես նաև՝ զինվորի լիարժեք զարգացմանն ուղղված կահավորվածության բոլոր անհրաժեշտ պայմաններին՝ հարուստ գրականությամբ հագեցված գրադարանների, ժամանակակից մարզասրահների առկայությամբ:
Հավելեմ, որ աշնան սկզբին այցելելու ենք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ինչպես նաև՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», – հայտնեց Մարիաննա Գորդոնը :
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Մարիաննա Գորդոնը

























































