Օրերս Երեւանում կազմակերպված գրքի շնորհանդեսը Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում էր հավաքել մտավորականներին՝ վերականգնելով հյուրընկալ տան երբեմնի ավանդույթը։ Այս տանը երգին զուգահեռ միշտ հնչել է աշխարհասփյուռ մտավորականության արթուն խոսքը, այստեղ կարծիքների, քննարկումների եւ նոր ծանոթությունների պակաս երբեւէ չի զգացվել։ Այս անգամը եւս բացառություն չէր։
Թանգարան մուտք գործողներին առաջինը դիմավորում են գրքերը, որոնց կազմերից մեկին եռագույնն է՝ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» նկարով՝ «Ինձ բացակա չդնեք» վերնագրով, հաջորդին դաջված է՝ «Մենք եւ մերոնք» վերնագիրը, իսկ ամենամեծ թվով ներկայացվածը՝ նոր լույս տեսած «Հույս եւ տառապանք» վերնագրված գրքերի տրցակն է՝ եւ այս բոլոր գրքերին նշված՝ մեկ հեղինակի անուն՝ Ռուբեն Հովակիմյան։
Մշակութային սպասված հանդիպումը ֆրանսաբնակ հրապարակախոս, գրող Ռուբեն Հովակիմյանի հետ շատ արագ եւ սահուն կերպով թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի շնորհիվ վերածվում է մտերմիկ երկխոսության եւ բանախոսները, ընկերները, հեղինակին ճանաչող մտերիմները իրար լրացնելով, տարբեր դիպվածներով եւ ուշագրավ պատմություններով ամբողջացնում են լռակյաց եւ բարեկիրթ Ռուբեն Հովակիմյան հեղինակի կերպարը՝ ներկաներին ծանոթացնելով նրա 80-ամյա կենսագրությանը։ Բազմաշնորհ նվիրալ հայորդին՝ մասնագիտությամբ լինելով ճարտարագետ, հոգով եւ էությամբ հրապարակախոս-ստեղծագործող է, հայրենիքի ամենօրյա զարգացումներով ապրող անհատ, որը մշտապես իր գրչով ամրագրում է էականը։
Նոր գրքի շնորհանդեսը ներկաների համար առիթ էր՝ հայրենիք-սփյուռք կապը արթուն եւ կենսունակ պահելու, հույզերն ու ապրումները երկուստեք կենտրոնացնելու եւ մտքերով փոխանակվելու համար։
Կարդացեք նաև
Հայրենիքում իրենց ասելիքով եւ հայրենիքից դուրս իրենց անգնահատելի անելիքով հաստատված հայերին ճանաչելը, մեծարելն ու ներկայացնելը, որոնցից մեկն է Ռուբեն Հովակիմյանը, պատիվ է բերում, հաճախ նաեւ նոր ոգեւորությունների ալիք փոխանցում՝ վստահություն ներշնչելով, որ սրտով ապրած տեսակետը, խոհը իր ընթերցողին կգտնի, եւ հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ այդպիսի ընթերցողների թիվը կավելանա, իսկ հավատարիմ բարեկամների թիվը կկրկնապատկվի։
Շ. ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2021


















































