Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Սարգսյան. «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը օգտակար խորհուրդներ է տրամադրում նաեւ մեր ուղեղի խնամքի վերաբերյալ»

Նոյեմբեր 29,2021 12:30

Վերջերս «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր եւ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի հրատարակիչների կոնֆերանսից հետո «Առավոտի» հետաքրքրությանը, թե այս անգամ գործակալը ո՞ր գրողներին է «առաջ մղել», հայտնեց Արամ Պաչյանի, Սուսաննա Հարությունյանի, Աննա Դավթյանի, Նարինե Կռոյանի եւ Քրիստինե Սարգսյանի անունները: Ռեպլիկին՝ Քրիստինե Սարգսյանը մեզ կարծես անծանոթ թվաց, տիկին Աշխարոյանը պատասխանել էր. «Քրիստինեն ոչ- գեղարվեստական գրական ոլորտից է», մանրամասնելով, որ վերջին տարիներին աշխարհում մեծ պահանջարկ ունի non-fiction կոչվածը, այսինքն՝ ոչ-գեղարվեստական ոլորտը (մոտիվացիոն, գիտահանրամատչելի եւ այլն):

Հայ իրականության մեջ կոնկրետ գիտահանրամատչելի գրականության նմուշներ (մասամբ՝ թարգմանական) հայտնի են դեռեւս միջնադարից՝ Անանիա Շիրակացի, Մխիթար Հերացի եւ այլն: Խորհրդային տարիներին Հայաստանում լույս էին տեսնում հարյուրավոր գրքեր ժողովրդական տնտեսության մեջ գիտության եւ տեխնիկայի նվաճումների արմատավորման մասին, գրքեր՝ ուղղված գիտության մասսայականացմանը, կարճ ասած՝ գիտահանրամատչելի գրականություն: Ընդ որում, մեր «պեղումները»՝ գտնել այդ ուղղությամբ որեւէ հայ հեղինակի գործ՝ շուրջ 30 տարվա կտրվածքով, անարդյունք էին: Հանդիպեցինք ընդամենը նման ժանրի արտասահմանյան հեղինակների աշխատությունների:

«Առավոտը» զրույցի հրավիրեց Քրիստինե Սարգսյանին, որի «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը վերջերս է հրատարակվել: Մեր զրուցակիցն իրեն գրող չի համարում, քսան տարվա խորհրդատվության փորձ ունի առաջնորդության, փոփոխությունների կառավարման եւ ռազմավարական մտածողության ոլորտում՝ մեր տարածաշրջանում, Միջին Ասիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: 2020թ. նա ՏՏ ոլորտի ճանաչված ներկայացուցիչներից Ալեքսիս Օհանյանի հետ հիմնադրել է TEDxYerevan-ը: Հիմնադրել է ThinkStudio-ն, որը ստար-ափ ընկերությունների ղեկավարներին հռետորաբանության եւ առաջնորդության խորհրդատվություն է տրամադրում: Մեր զրուցակիցն աշխատել է նաեւ TED-ED կրթական հարթակի հետ, ինչի արդյունքում 2015թ. 250 հազար կրթական ոլորտի մասնագետներից ընտրվել է որպես 28 TED-ED նորարար դասավանդողներից մեկը:

Քրիստինե Սարգսյանը հայտնեց, որ գրքի վրա աշխատել է 8 տարի, որից չորսը ուղղված է եղել ինքնակրթությանը. «Այդ նպատակով մասնակցել եմ հեղինակավոր մի քանի համալսարաններում դասընթացների, այդ թվում՝ Նյու Յորքի, պրոֆեսոր Վայնդի, Սուզուկիի ղեկավարությամբ»:

Ինչ վերաբերում է գիտահանրամատչելի գրականությանը կամ հարցին՝ ի՞նչ է մտածում «անհետացած» ոլորտի մասին, մեր զրուցակիցն ասաց, թե ինքը շատ տեղեկացված չէ հայաստանյան գիտահանրամատչելի գրականությունից, թեեւ շատ է սիրում գիտական հոդվածներ ու հետազոտություններ: Իսկ գիտահանրամատչելի գրականության քաղցը լրացնում է արտասահմանյան հեղինակների աշխատություններով:
Խնդրեցինք «ուրվագծել» իր «Ուխտագնացություն դեպի ուղեղ»-ը: «Այն մատչելի ձեւով ներկայացնում է մեր ուղեղի բազմաթիվ գաղտնիքներ, ինչպես նաեւ պարզաբանում է ուղեղի մասին միֆեր ու թյուրընկալումներ: Իհարկե, ներկայացնում է ուղեղի բարդ կառուցվածքը, ինչպես նաեւ, ինչու ոչ, զարմանալի սովորությունները: Գիրքը օգտակար խորհուրդներ է տրամադրում մեր ուղեղի խնամքի վերաբերյալ»,- հայտնեց Քրիստինե Սարգսյանը: Հավելեց նաեւ, որ գիրքը ծայրահեղ կարիքից է ծնվել, երբ նա հայերենով ուղեղի մասին հանրամատչելի նյութեր էր փնտրում ու չէր գտնում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930