Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Անդրեասյանի մոտ այս պահին գուցե մոլորություն է․ հուսամ՝ մոլորությունից դուրս կգա»․ Մխիթար Պապոյան

Հունվար 14,2022 17:05

«Մամուլից տեղեկացել եմ, որ փորձ է արվելու քվորում չապահովել։ Որոշ գործընկերներ եւս ասել են, որ կան տեղեկություններ, որ որոշ դատավորներ փորձում են խոչընդոտել ժողովի կայացմանը։ Որքանով է կոռեկտ, որ ես հարցը հրապարակային մեկնաբանեմ։ Բոլորը գիտեն, որ պարոն Ազարյանն իմ ընկերն է»,-դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե այսօր սպասվելիք «Դատավորների միություն» հ/կ նախագահի ընտրությունները որոշ դատավորներ մտադիր են տապալել։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում առաջադրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Լրագրողները Մխիթար Պապոյանից հետաքրքրվեցին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից դատավորների հանդեպ հարուցված կարգապահական վարույթների մասին։ «Դժվար է գործող արդարադատության նախարարի հետ կապված կարծիք հայտնել, որովհետեւ ես արդեն մեկ անգամ ասել եմ՝ նախարարն իմ համակուրսեցին է, եւ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ դրական է եւ ոչ միայն որպես համակուրսեցի։ Իր նախկին աշխատանքային գործունեությունը ցույց է տվել, որ նա արդարամիտ է եւ սկզբունքային։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ես կդժվարանամ գնահատական տալ, բայց ինձ թվում է, որ պարոն Անդրեասյանի մոտ այս պահին, փորձեմ կոռեկտ բնորոշեմ, գուցե մոլորություն է, որովհետեւ վերջին շրջանում մի քանի կարգապահական վարույթներից երկուսը՝ պարոն Մարաբյանի եւ պարոն Հովհաննիսյանի վերաբերյալ, որոնք ԲԴԽ-ի կողմից մերժվեցին, իմ համար հասկանալի չէին»,-նախ նշեց Մխիթար Պապոյանը։

Նա հիշեցրեց, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ էր հարուցվել նաեւ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հանդեպ․ «Տեղյակ եմ այնքանով, որքանով որ դա նաեւ ինձ է առնչվում։ Դատավարական կարգավիճակ չունեմ, բայց տեղյակ եմ վարույթից։ Ես շահագրգիռ անձ եմ հանդիսանում։ Ինչո՞ւ է այդ վարույթի հարուցումը պարոն Անդրեասյանի կողմից եղել, իմ համար դա մտահոգիչ է։ Պարոն Ռշտունուն մեղադրում են տասը դատական գործերի վերաբաշխում անելու համար։ Նա, այո երկարատեւ արձակուրդ է մեկնել մոտ երկու ամսով։ Միջանկյալ՝ չորս-հինգ օրով վերադարձել է աշխատանքի, որովհետեւ որոշ գործեր ավարտական փուլին էին մոտեցել։ Իսկ արձակուրդ մեկնելուց հետո ես պաշտոնակատար եմ նշանակվել՝ որպես վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Դրանից հետո իր օգնականը զեկուցագրով դիմել է ինձ որպես դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, եւ իմ կողմից քննարկվել է տասը գործերի մակագրման հարցը։ Ես որոշել եմ դրանք ուղարկել վերամակագրության, եւ այսօր մեղադրում են պարոն Ռշտունուն, թե ինքը վարքագծի կանոն է խախտել։ Թե ինչպես է խախտել, ինձ համար դա հասկանալի չէ։ Այնուամենայնիվ, երբ փորձենք գործընթացն ավելի խորն ուսումնասիրել, պատկերը փոխվում է։ Նշված է, որ արդարադատության նախարարության աշխատակիցն ուսումնասիրություն է կատարել՝ «Դատալեքս» տեղեկատվական ծրագրի միջոցով, որի արդյունքում հայտնաբերվել է հանգամանքը, որ պարոն Ռշտունին այդ գործերը հանձնել է։ Ես էլ փորձեցի փնտրել, բայց չստացվեց հայտնաբերել։ Համակարգում կան նման պատուհաններ, բայց որոնելիս չի հայտնաբերվում այն, ինչ արձանագրել է նախարարության աշխատակիցը։ Հակված եմ մտածելու, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է իրենց՝ համակարգի որեւէ անձի կամ անձանց կողմից։ Այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է նախարարի կողմից վարույթի հարուցումը, թեեւ դեռ փորձում եմ մնալ նրա մասին իմ ունեցած կարծիքին։ Եթե սա տեւական ժամանակ շահարկվի, երեւի թե իմ կարծիքը կփոխվի»։

Մխիթար Պապոյանն ընդգծեց՝ ինքն էլ է կարծում, որ Վազգեն Ռշտունին թիրախավորված է եղել, որովհետեւ հենց իր առնչությամբ են «Դատալեքս» համակարգում որոնում կատարել եւ վարույթ հարուցել․ «Վերաքննիչ քրեական դատարանում մինչեւ օրս կա պրակտիկա, որ եթե քրեական գործերով կան կալանավորվածներ, դատավորի՝ արձակուրդում լինելու դեպքում գործերը վերահանձնվում են, որովհետեւ դա ավելի արդարացի է, քան հակառակը։ Ես անկեղծ եմ ուզում լինել։ Նախարարի մասին իմ դրական վերաբերմունքը նրա արդարամտության տեսանկյունից է ։ Հակված եմ այն մտքին, որ նա այդ մոլորությունից դուրս կգա։ Մենք միասին ենք սովորել։ Որպես անձ՝ նրա մասին դրական կարծիք ունեմ։ Իսկ ՄԻՊ եղած ժամանակվանից հիշում եմ, որ նա արդարամիտ եւ համարձակ պաշտոնյա էր։ Սա է իմ համոզմունքը, թեեւ նրա՝ նախարար աշխատելու կարճ ժամանակում այլ պատկեր եմ տեսնում։ Բայց հուսով եմ, որ իրավիճակը կվերափոխվի, եւ ես կմնամ իմ կարծիքին»։

Դատավորը նաեւ ասաց, որ պարոն Ռշտունու աշխատանքային երկարատեւ գործունեության ընթացքում նրանից կարծես թե բոլորը գոհ են, փաստաբաններն էլ հարգում են նրան, գոհ են նաեւ քննիչներն ու դատախազները․ «Եթե ոչ հրապարակային, ապա առանձնազրույցների ընթացքում բոլոր քննիչներն ու դատախազները կհաստատեն դա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31