Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ուզում ես Ռուստամի եւ Նիկոլի դուռը քացով խփի, ոչ մեկ քեզ չի կանդալի, տանի»․ Ուշագրավ դրվագներ՝ Սաշիկ Սուլթանյանի գործով նիստից

Հունվար 26,2022 22:30

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվեց եզդիական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շամոյանի եւ Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը։ ԱԱԾ-ն, ըստ Սուլթանյանի պաշտպանների, գաղտնալսումը կատարել է նախորդ տարի՝ քրեական գործի հարուցումից երկու ամիս առաջ։ Մեղադրող-դատախազ Արտակ Կարապետյանը հրապարակեց Սուլթանյանի եւ Սարգիս Շամոյանի զրույցի սղագրությունը (մեջբերումները մասնակի են,-հեղ․), որում Սարգիս Շամոյանը մասնավորապես հետեւյալն է ասել․

-«Ախպեր ասում ես, որ հայերը մեզի սպանում են։ Դառնում է, որ կոտորում են, որ մեռանք սրանց ձեռը։ Փաստեր բեր ախպեր, արի նստենք ավտոն ու ֆռռանք գյուղերով։ Հորս արեւ չեմ ջոկում, թե ինչ ես անում։ Մի հատ անեկդոտ կա է՝ Սասունցի Դավթին ասում են, որ դեւը ջուրը փակել ա, սա էլ գնում ա դեւի գլուխները կտրելու։ Դեւն ասում ա՝ ախպեր, ինչ ա ուզածդ, Դավիթն ասում ա՝ ջուր, դեւն ասում ա՝ է եկեք խմեք, այ ախպեր․․․հիմա քոնն ա։ Բռատ, էդ քո փաստերը ներկայացրա։ Կա գավառական ու ազնվական մարդ, ու էտի կա հայերի ու եզդիների մեջ։ Եթե մի երկու գավառական եկել ու քեզ ասել են տենց բաներ․․․

-Էսօր Նիկոլն ա, վաղը Պողոսը, մի բզի էլի, ախպեր, մենք պետք ա պետականամետ լինենք։ Եզդիների լավ լինելու համար պետք  ա կառավարության կողքը կանգնել։ Ուզում ես Ռուստամի (նկատի ունի ՔՊ-ական եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին․-հեղ․) եւ Նիկոլի դուռը քացով խփի, ոչ մեկ քեզ չի կանդալի տանի, որովհետեւ դու ազգանվեր բան ես անում, բայց համ նալին ես խփում, կամ դռանը, համ յուղ ես տալիս։

-Փոքրամասնության մեջ ինձ փոքրամասնություն եմ զգում, ախպեր։ Դու մտածի, որ շեյխերին հավքենք իրար գլուխ, լեզուն կարգավորենք։ Այ սենց բաներով զբաղվի, բռատ։

․․․

Ձայնագրության հրապարակումից հետո մեղադրող դատախազն այսպիսի եզրահանգում արեց․ «Ազգությամբ եզդի հայրենակիցը լսել է Սուլթանյանի հարցազրույցը ու ասել, թե Սուլթանյանն ինչու է նման բան անում, ինչու է ուզում այնպես անել, որ իրենց նեղացնեն»։ Ուշագրավ է, որ նրա այս խոսքերից հետո Սաշիկ Սուլթանյանի պաշտպանները հայտարարեցին՝ այդ չափազանց երկար հեռախոսազրույցը, որի ընթացքում հիմնականում խոսում է Շամոյանը, տեղի է ունեցել հարցազրույցից երկու ամիս առաջ, հետեւաբար՝ Սուլթանյանին զանգահարածը Սուլթանյանի գրառումները նկատի ունի, ոչ թե այդ հարցազրույցը։

«Ոնց հասկացանք՝ զանգողն ատամնաբույժ է, կլինիկա ունի։ Իսկ Սաշիկը գրեթե չի խոսում, ասում է՝ հա, հա․․․սա ոմն Սարգիս Շամոյանի մենախոսությունն է»,-ասաց Սուլթանյանի պաշտպաններից Արա Ղազարյանը։ Դահլիճում ներկա՝ Սուլթանյանին աջակցելու եկած քաղաքացիների շարքերից ցածր ծիծաղ լսվեց։ «Ես էլ նման շատախոս զրուցակից ունենայի, ես էլ կլռեի։  Բացի դա, սա ոչ հրապարակային զրույց էր, մինչդեռ քրեական գործը հարուցվել է հրապարակային ասված ատելության խոսքի հիմքով։ Սաշիկն ընդհանրապես չի խոսում, գոնե մի բերան մի բան ասեր։ Այդ զանգողի հիմնական ասելիքն այն էր, որ՝ Սաշիկ, մի քննադատի իշխանությանը»,-հավելեց Արա Ղազարյանը։

Սաշիկ Սուլթանյանն էլ իր հերթին ասաց, որ Շամոյանը մինչեւ այդ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել իր հետ․ «Զրույցի ընթացքում իմ չարձագանքելը կապված է եղել իր խոսակցության հանդեպ իմ անհետաքրքրության հետ։ Ստոմատոլոգ է, բայց խոսում է հողային խնդիրներից, քաղաքականությունից»։

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31