Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների վերադարձի իրավունքից մինչև միջազգային դերակատարներ. ինչ է քննարկվել Գյումրիում

Հոկտեմբեր 26,2026 13:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 23-25-ը Գյումրիում կայացավ «Քաղաքական գործընթացներ. ինչ պետք է իմանա լրագրողը դրանց որակյալ լուսաբանման համար» թեմայով սեմինարը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայության նախաձեռնություն. Մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։

Առաջին նիստին, որը վարում էր ԵՄԱ խմբագիր Հերիքնազ Հարությունյանը, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը խոսեց ՏԻՄ ընտրությունների մասին՝ որպես ժողովրդավարական զարգացման ցուցիչ։ Ի թիվս այլնի՝ նա ընդգծեց, որ 10 մարզերի 21 համայնքներում ընտրություններ են, և դրանց գերակշռող մասում 3-ից պակաս ուժ է մասնակցում։ Մարիամ Հովեյանն ընդգծեց, որ 5 համայնքներում առաջադրվել էր 1-ական քաղաքական ուժ, ինչը նշանակում է, որ այդ համայնքներում ընտրությունները մրցակցային չեն։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը խոսեց ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ միջազգային դատավարություններից։ Նա անդրադարձավ մասնավորապես վերադարձի իրավունքին։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց, որ վերադարձի իրավունքն ընդամենը տուն վերադարձը չէ, վերադարձ է հայրենիք, այցելություն գերեզմաններ, սրբավայրեր և այլն։ Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչների մասին է։

Ինչ վերաբերում է գույքային իրավունքին, Արա Ղազարյանի խոսքով՝ այն հավերժ է, և Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ չի կարող ազգայնացնել հայերի գույքը։ Նա հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը. Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անարգել ու արագ վերադարձը, պաշտպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ հայտնաբերված անձնական փաստաթղթերը, գրանցամատյանները, ինչպես նաև գույքային իրավունքները։ Նրա խոսքով՝ դա նման է Հյուսիսային Կիպրոս-Թուրքիա գործին, որով գումարային փոխհատուցումները տրվել են, բայց վճռի վերջնական կատարումը՝ փախստականների վերադարձը, 30 տարվա մեջ դեռ շարունակվում է։ Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ դատական ակտը պատմական փաստ է, ոչ ոք չի կարող այն կասկածի տակ դնել, և ամեն դատական ակտով ստանդարտներ են սահմանվում։

Մյուս նիստին, որը վարում էր ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, լրագրող Սերգեյ Ասլանյանը (Լիտվա) խոսեց գլոբալ անվտանգության սպառնալիքներից և Հայաստանի վրա դրանց ազդեցությունից, իսկ EK ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Եգոր Կուրպտևն անդրադարձավ Հարավային Կովկասին և նրան, թե ինչպես են տարածաշրջանային գործընթացներն ընկալվում քաղաքական գործիչների, փորձագետների և արևմտյան երկրների հանրության կողմից։ Երկու փորձագետներն էլ հեռավար մասնակցեցին սեմինարին:

Հաջորդ նիստին, որը վարում էր «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանը, Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ԵՄԱ հետազոտությունից որոշ մանրամասներ՝ հայաստանյան մեդիայում և վերլուծություններում միջազգային դերակատարների ընկալումների վերաբերյալ։ Բորիս Նավասարդյանը նշեց, որ մշտադիտարկվել է 8 ԶԼՄ, որոնք պայմանականորեն բաժանվել են 3 խմբի՝ իշխանամետ, ընդդիմադիր և չեզոք։ Հաշվետվությունն ամբողջությամբ կներկայացվի հոկտեմբերի 29-ին։

ԶԼՄ-ների հետ կապված՝ ուսումնասիրվել է 10 հարց կամ ուղղություն՝ օրինակ, ինչպես է ներկայացվում ԱՄՆ-ի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, ինչպես է ներկայացվում Թրամփի ուղի նախագիծը, ԱՄՆ քաղաքականությունը՝ Հայաստանի նկատմամբ, ԱՄՆ քաղաքականությունն Իրանի նկատմամբ, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ՌԴ-ի նկատմամբ եւ ԵՄ-ի նկատմամբ, ինչպես է ներկայացվում ԱՄՆ ազդեցությունը ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների վրա։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ ուսումնասիրվել են նաև մյուս արտաքին դերակատարների վերաբերյալ ընկալումները։ Դիտարկվել են նաև ինֆլուենսերների սոցցանցային գրառումները։

Ֆակտոր TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանն էլ անդրադարձավ Հայաստանի մեդիա ոլորտի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։ Բոլոր քննարկումները բուռն էին, առաջարկները՝ հետաքրքիր։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031