Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ սիրում ես երկիրդ ու գիտես՝ երբ, ինչ, ինչու ու ինչպես ես անում. Արամ Սարգսյան

Հունվար 29,2022 22:10

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկական տոները նաև անցածը գնահատելու ու նորը ծրագրելու համար են: Փաստ է, որ 21-րդ դարում Հայաստանի Ազգային բանակը դադարեց ամենակայացած արժեքը լինել, որովհետև օրվա իշխանությունը վարում էր չավարտված պատերազմից խուսափելու քաղաքականություն և կուրորեն հավատում էր Ռուսաստանի՝ այլևս պատերազմ թույլ չտալու խոստումներին, որի դիմաց անվերջորեն ստանում էր Հայաստանի ռազմավարական հզորությունները՝ սկսած ՀԷՑ-երից, մինչև գույք պարտքի դիմաց՝ իմա ռազմական արդյունաբերությունը, գազի խողովակաշարերը, ընդերքը:

Այդ ընթացքում բանակը սպառազինվում էր միայն ռուսական զենքերով, որոնք բնավ էլ աշխարհի ամենաառաջադեմ ու հուսալի զենքերը չեն: 21-րդ դարը իր ռազմական տեխնոլոգիաներով ու պատերազմ վարելու ավտոմատացված համակարգերով Հայաստան չմտավ, և դա ոչ թե բանակի ղեկավարության, այլ՝ գերագույն գլխավոր հրամանատարների քաղաքականությունն էր:

Հայաստանում չնկատելու էին տալիս, որ Ադրբեջանի բանակը սպառազինվում է 6-րդ սերնդի զինատեսակներով, որ Թուրքիայի, իմա՝ ՆԱՏՕ-ի մարտ վարելու տեխնոլոգիաներ են ներդրվում: Նույն տրամաբանությամբ էր կառուցվում մեր արտաքին քաղաքականությունը, որն ի վերջո հանգեցրեց միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի անկման ու ինքնամեկուսացման: Ու սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ իրադարձությունների ու իրավիճակի չոր վիճակագրություն: Ի՞նչ է մեզ պետք.

1.Ինքնիշխանության գիտակցություն և պետականության ամրապնդում:

2.Ցանկացած պետության գոյության հիմքում տնտեսությունն է՝ մենք պետք է արտադրությունը զարգացնենք: Շինարարության ու սպասարկման ոլորտի, զբոսաշրջության հիմքով տնտեսական աճ խաղալու ժամանակներն անփառունակ ավարտվեցին: Արտադրության զարգացում ու աշխատատեղերի ստեղծում՝ միայն այս բանալիով կարող ենք բացել ժողովրդագրական պատկերը փոխելու ու անվտանգության դռները:

3.Մենք միշտ կարևորել ենք կրթությունը, բայց չենք բանաձևել կրթության այն բովանդակությունը, որ պետք է այստեղ ու հիմա՝ պետականության ամրապնդման ու ապագան ծրագրելու համար: Մշակույթը, կրթությունը և գիտությունը ազգային անվտանգության մաս են, որ պետք է նույնքան կարևորվեն, որքան անկախությունն ու բանակը:

4.Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի ոչ թե մարտահրավերներից խուսանավելը, այլ՝ վերացնելը: Մենք պարտավոր ենք հավասարակշռել մեր արտաքին քաղաքականությունը՝ միջազգային ասպարեզում դառնալով կանխատեսելի ու հուսալի, ինքնուրույն ու պետական շահի գիտակցությամբ առաջնորդվող գործընկեր:

5.Ազգային անվտանգության ապահովման հիմքը բանակն է: Ընդունելով հանդերձ՝ սպառազինության և բանակաշինության որոշակի գաղտնիության տաբուն, մեր բանակի սպառազինությունը պետք է գնվի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից ու այն երկրներից, որոնք տիրապետում են պատերազմ վարելու ժամանակակից տեսություններին ու տեխնոլոգիաներին: Մենք խնդիր ունենք օդը պաշտպանել ԱԹՍ-ներից, իսկ ՀՕՊ արդյունավետ համակարգեր ունի Արևմուտքը: Խաղաղությունը իրականություն է դառնում, երբ պատրաստ ես պատերազմելու ու հաղթելու:

6.Մենք միշտ բողոքում ենք, որ չկա ազգային միասնություն: Համենայն դեպս՝ ընտրություններից առաջ ընտրողները կուսակցություններին դաշինք կազմելու կոչեր են անում: Դա ճիշտ և անհրաժեշտ է, երբ կա գաղափարական ու մարտավարական ընդհանրություն, բայց փորձը վկայում է, որ իրադարձային դաշինքները կարճ ժամանակից փլուզվում են: Ազգային միասնության առանցքում պետք է լինի ազգային շահի համաժողովրդական ձևակերպումն ու պաշտպանությունը և միայն այդ չափանիշով կարող է այն համախմբումը լինել, որ կմարգինալացնի ու քաղաքական դաշտից դուրս կմղի ընդդիմացողների հինգերորդ շարասյանը:

7.Ամեն ինչ հնարավոր է դառնում, երբ սիրում ես երկիրդ ու գիտես՝ երբ, ինչ, ինչու ու ինչպես ես անում:

Հ.Գ.
Երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն+Արցախի Հանրապետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    4 տարիա դուք եք իշխանության։ Պիտի պատասխան տաք թե էտ 4տարում ինչ եք արել, ոչ թե փիլիսոփայեք։
    Դուք Նիկոլի դաշնակիցն եք իր հետ հավասար պատախանտվություն եք կրում էս տարվա համար ու մեկ մեկ կես բերան իբր թե իշխանությանը քննադատելը իրականում ընդիմության ընդիմություն աշխատելը էտ իրողությունը չի փոխում։

    Մեկն էլ չլինի հարցնի իսկ ում էր պետք քո 40տարի առաջ հողի տակ թաղած փթած խողովակները։
    Թե բա ստրատեգիական նշանակության գույք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31