Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականին մեկ անձից գնումները կազմել են պետական գնումների ընդհանուր ծավալի 44.9%-ը

Փետրվար 15,2022 18:30

2020 թվականին պետական բյուջեում 1.8 տրիլիոն դրամի ծախս է եղել, որի մեջ պետական գնումների բաղադրիչը եղել է 446 միլիարդ դրամ։

Այսօր «Թափանցիկ, մատչելի եւ հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները եւ մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» հետազոտության ներկայացման ժամանակ ասաց հետազոտող խմբի ղեկավար Հայկ Բեջանյանը։ Նա այսօր ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են 2020 թվականին։

Ըստ Բեջանյանի, վերջին երեք տարիներին ՀՆԱ-ում պետական գնումների ծավալն աճել է 5.7%-ով, հասնելով 6.3%-ի, սա, զարգացող երկրների հետ համեմատ, փոքր ցուցանիշ է, եվրոպական երկրներում այս թիվը մոտավոր 17% է, եւ սա խոսում է այն մասին, որ այդ երկրներում պետական գնումները ոչ միայն զուտ կարիքը բավարարելու խնդիր է լուծում, այլ նաեւ տնտեսության զարգացման լուրջ գործիք է հանդիսանում։

2020 թվականին մեկ անձից իրականացվել է 42 մլրդ դրամի գնում,  բաց մրցույթի դեպքում գնման ծավալները կազմել են  89 մլրդ դրամ։

Պետգնումների չորս խումբ ընթացակարգերից  46%-ը բաժին է ընկել մեկ անձից իրականացված գնումներին, 27%-ը՝ բաց մրցույթներին, 14%-ը՝ գնանշման հարցում ընթացակարգով գնումներ։

Մեկ անձից գնումների գերակշիռ մասն իրականացվել է պետական կառավարման մարմինների կողմից։

Ըստ Հայկ Բեջանյանի, 2020 թվականին մեկ անձից գնումները կազմել են պետական գնումների ընդհանուր ծավալի 44.9%-ը, այս ցուցանիշով հետ ենք մնում մեզ հետ համադրելի երկրներից միայն Ղազախստանից։

«Պետական պատվերի շրջանակներում  բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են մեկ անձից, սա խնդիր է, որովհետեւ 2020 թվին 140 մլրդ դրամ գնումներից 102 մլրդն եղել է առողջապահական համակարգի գնումները։  Դիտարկվող ժամանակաշրջանում մեկ անձից գնումներում աճել են առողջապահության ոլորտի գնումները»,-ասաց Բեջանյանը, նշելով՝  դա հիմնականում պայմանավորված է քովիդով։

«Կան ծախսային հիմանական չորս ուղղություններ, որոնք գրեթե  բոլոր պատվիրատուների մոտ համընկնում են։ Դրանք են՝ գրասենյակային նյութերի, հագուստի ձեռք բերում, առողջապահական եւ լաբորատոր նյութեր, կենցաղային եւ հանրային սննդի նյութեր, նպատակային այլ նյութեր, որի տակ հասկանում ենք տնտեսական ապրանքների եւ շինանյութերի ձեռքբերում։ Ուսումնասիրությունը  ցույց տվեց, որ հնարավոր է այստեղ կենտրոնացման միջոցով ունենալ որոշակի հաջողություններ, եւ մեկ անձից իրականացված գնումներից անցում կատարել մրցակցային ձեւի։ Սակայն մեր ուսումնասիրությամբ ցույց ենք տվել,  որ առավել նպատակահարմար է անցում կատարել ոչ թե համապարփակ կենտրոնացված համակարգի, քանի որ դա լոգիստիկ եւ գործառնական շատ մեծ ռիսկեր է պարունակում, այլ՝  ոլորտային երեք տեղային կենտրոնացումներին։ Մասնավորապես, այդ կենտրոնացումը կատարել առաջին հերթին համայնքային մակարդակում, հատկապես որ այսօր մեր երկրում լայն թափով ընթանում է համայնքների խոշորացման գործընթացը։ Այսինքն, մեկ անձից այդ փոքր գնումները կենտրոնացվեն խոշորացված համայնքներում եւ մեկ անձից գնումներից իրենք անցում կկատարեն մրցակցային ձեւերի կիրառմանը»,-ասաց Բեջանյանը։

Մյուս առաջարկը վերաբերում է ոլորտային եւ տարածաշրջանային գնումներին, օրինակ, ինչպես Բեջանյանը ներկայացրեց, մարզային պոլիկլինիկաներն, որոնց գնման ծավալները բավականին փոքր են, եւ եթե մարզի շրջանակներում իրականացվի իրենց գնման գործընթացը՝ կենտրոնացված, ասենք՝ դեղորայքի ձեռքբերումը, կունենանք մրցակցային գնում, ավելի լայն մասնակիցների շրջանակ, ինչը  կհագեցնի ավելի մրցակցային գնի ձեւավորմանը։

Երրորդ առաջարկն, ինչպես ներկայացրեց հետազոտության հեղինակը, գերատեսչական կենտրոնացումն է, երբ ոլորտային կազմակերպությունների համար գնման գործընթացը կկազմակերպվի մի գերատեսչության կողմից․«Սրա  ամենավառ օրինակը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գնումներն են, երբ իրեն ենթակա հիմնարկների սննդամթերքի գնման գործընթացի կենտրոնացումն իրականացվեց,  դրա արդյունքում բավականին լավ  խնայողություններ են արվել եւ պետական ֆինանսների ավելի արդյունավետ ծախս է արձանագրվել»։

Ըստ Հայկ Բեջանյանի, գնումներում որքան շատ լինեն մրցակիցները, այնքան ավելի մեծ հավանականություն կա, որ շուկայական մրցունակ գին կձեւավորվի եւ պետական միջոցների խնայողություն կլինի։

Ըստ հետազոտության, մեկ անձից գնման դեպքում պետական ֆինանսների խնայողությունը եղել է ընդամենը 1․2%,  իսկ օրինակ գնանշման հարցման ընթացակարգով խնայվել է 10%։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28