Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան կայուն զարգացման ճանապարհին է

Փետրվար 24,2022 20:30

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գրեփլինգի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշեց, որ գրեփլինգը հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի հետ զուգահեռ սպորտային ըմբշամարտի երրորդ ճյուղն է եւ մեր ըմբշամարտի ֆեդերացիայի հետ հուշագիր ստորագրելու շնորհիվ UWW համաշխարհային ֆեդերացիայի ընտանիքի անդամ է:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գրեփլինգը արդեն մեկ տարի է, ինչ պաշտոնական ֆեդերացիայի տեսքով գործում է Հայաստանում, որ այս ընթացքում մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի, աշխարհի, երիտասարդների եւ դպրոցահասակների աշխարհի առաջնությունների: «Ունենք մեկական բրոնզե մեդալ աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններից, հինգ բրոնզ՝ աշխարհի երիտասարդների եւ 14 մեդալ՝ դպրոցահասակների աշխարհի առաջնություններից»,-ասաց նա:

Սարգիս Բազինյանը շատ կարեւորեց գրեփլինգ մարզաձեւը հանրապետության մարզերում եւ մարզադպրոցներում ներդնելու իրենց գործունեությունը, որտեղից գալիս են նաեւ մրցակցությունը եւ վարպետությունը: «Արդեն ունենք երկու ներկայացուցչություն՝ Արմավիրի եւ Լոռու մարզերում: Հիմա աշխատում ենք Կոտայքի մարզի ուղղությամբ, իսկ հետո կանցնենք նաեւ հեռավոր մարզերին: Մեր ծրագրերն իրականացնելու նպատակով լրջորեն համագործակցում ենք ֆիզկուլտուրայի մայր բուհի հետ, որտեղ առաջիկայում մեր մարզաձեւի նեղ մասնագիտական կրթություն պետք է ապահովվի: Մեծ աշխատանք ենք կատարել մարզիչների որակավորման բարձրացման եւ Հայաստանում միջազգային մակարդակի մրցավարներ ունենալու ուղղությամբ եւ արդեն ունենք արդյունքներ»,- ասաց պարոն Բազինյանը:

Բանախոսները առանձնակի ոգեւորությամբ տեղեկացրին, որ գրեփլինգի Հայաստանի առաջնությունը առանձնացել է մասնակցության մեծ քանակով՝ շուրջ 300 մարզիկ, իսկ ընդհանուր առմամբ այս մարզաձեւով Հայաստանում արդեն զբաղվում է շուրջ 2500 մարզիկ:

Գրեփլինգի ֆեդերացիան սերտ համագործակցություն է հաստատել ԿԳՄՍ-ի հետ եւ այս տարվանից մարզիկներն ու մարզիչները արդեն մարզական կոչումներ ստանալու հնարավորություն ունեն: Սակայն ի տարբերություն որոշ այլ ֆեդերացիաների, գրեփլինգի ֆեդերացիան պետության առջեւ ֆինասավորման խնդիր չի դնում: «Մենք չենք կարծում, որ ազգային ֆեդերացիաները, մանավանդ՝ նորաստեղծ, պետք է բեռ դառնան պետության համար: Մեր որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է. սկզբնական շրջանում սերտ աշխատել այլ ֆեդերացիաների, ակումբների հետ, մինչեւ զարգացման որոշակի աստիճանի հասնելը եւ կայուն արդյունքներ ցույց տալը, աշխատանքները կազմակերպել ինքնուրույն եւ ճիշտ, դառնալ ինքնաֆինանսավորվող, որը ֆինանսական հոսքերը կունենա հովանավորներից, բարեգործներից եւ անհատներից: Մենք արդեն իսկ ունենք լավ եւ վստահելի գործընկերներ, որոնք բոլոր հարցերում աջակցում են մեզ առաջին իսկ օրվանից: Իհարկե, եթե պտությունը հնարավորություն եւ ցանկություն ունենա մեզ էլ պետական աջակցություն ցույց տալու, միայն շնորհակալ կլինենք: Այստեղ կարեւոր է գիտակցությունը, որ պետությունից աջակցությունը միայն ֆինասները չեն: Կան այլ ձեւեր»,- ասաց Վլադիմիր Հովհաննիսյանը:

Aravot.am-ի հարցին, թե կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում արգելված նյութեր օգտագործելու դեմ, եթե նկատի ունենանք, որ այդ երեւույթը ավելի շատ հանդիպում է ուժային մարզաձեւերում, Սարգիս Բազինյանը պատասխանեց. «Մենք գտնվում ենք UWW-ի կազմում, ստորագրել ենք հակադոպինգային ծրագրին մասնակցելու  փաստաթուղթը եւ մեր բոլոր մարզիկները ցանկացած պահի կարող են ստուգվել: Դա, իհարկե, մեզ պարտավորեցնում է, որպեսզի նման բաներից զերծ մնանք: Միջազգային ֆեդերացիան նաեւ օնլայն ծրագիր է անցկացրել տիտղոսակիր մարզիկների համար եւ օնլայն դասընթացների միջոցով բացատրում էին, թե ինչ չի կարելի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28