Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ձեռնապահ քվեարկեց ՌԴ-ի ագրեսիան դատապարտող ՄԱԿ-ի բանաձևի քվեարկությանը

Մարտ 03,2022 09:49 Share

«Ամերիկայի ձայն».Չորեքշաբթի օրը մարտի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ բանաձևի, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Մոսկվայից պահանջում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Բանաձևը, որին աջակցեցին Գլխավոր վեհաժողովի 193 անդամներից 141-ը, ավարտին հասցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրավիրած արտակարգ նիստը: Քվեարկության ընթացքում ուկրաինական ուժերը մարտեր էին մղում Խերսոն նավահանգստային քաղաքի պաշտպանության համար: Այն ենթարկվում է օդային և ցամաքային ավերիչ հարվածների և ռմբակոծությունների: Ավելի ուշ ռուսական ուժերը հայտնեցին քաղաքի գրավման մասին, իսկ ուկրաինական կողմը հայտնեց, որ մարտերը քաղաքի համար շարունակվում են:

Բանաձեւի տեքստը «ափսոսանք է հայտնում» Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ»։

Վերջին անգամ Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ է գումարել 1982 թվականին, ասվում է ՄԱԿ-ի կայքում։

Բանաձևին ձեռնպահ են քվեարկել 35 անդամներ, այդ թվում՝ Չինաստանը, Հայաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և այլ երկրներ: Հինգ երկրներ՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրետրիան դեմ են քվեարկել բանաձևին։ Ադրբեջանը, Վենեսուելան, Ուզբեկստանն ու ևս ինն այլ երկրներ չեն մասնակցել բանաձևի քվեարկությանը:

Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, դրանք ունեն քաղաքական նշանակություն:

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և խնդրել ներկայացուցիչներին քվեարկել բանաձևի օգտին:

«Բանաձևի օգտին յուրաքանչյուր քվե և կողմ քվեարկած երկրի յուրաքանչյուր ստորագրություն կլինի [ՄԱԿ-ի] կանոնադրության պատմական վերահաստատում», – ասել է նա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը՝ Վասիլի Նեբենզյան, հերքել է, որ Մոսկվան թիրախավորում է խաղաղ բնակիչներին և նախազգուշացրել, որ բանաձեւի ընդունումը կարող է խթանել հետագա էսկալացիան։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը իր ելույթում կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և հարգել վերջինիս տարածքային ամբողջականությունը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031